Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է խոսի

Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է խոսի

Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունն առ այն, որ իշխանությունների նկատմամբ ընդդիմության եւ մասնավորապես Վազգեն Մանուկյանի որդեգրած անզիջում կեցվածքը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի, կարծում եմ, հայ հասարակությունը տակավին չի մոռացել: Ավելին ասեմ՝ ընդդիմությունը եւ Վազգեն Մանուկյանը, ինչպես այդ հայտարարությունից առաջ, այնպես էլ դրանից հետո, շարունակել են պայքարը խաղաղ հանրահավաքների, երթերի, ակցիաների եւ հանրային զանազան շրջանակների հետ հանդիպումների տեսքով, ինչը նշանակում է, որ ՀՀ առաջին նախագահի մտահոգության, թե քաղաքացիական պատերազմ կծագի, հասցեատերը ոչ այնքան խաղաղ ճանապարհով իշխանափոխություն պահանջող ընդդիմությունն է, որքան իշխանափոխության ուրվականից սարսափող եւ ընդդիմության հետ խոսելու անկարողությամբ տառապող իշխանությունը: Տեր-Պետրոսյանը, անշուշտ, հասկանում է այս նրբությունը, սակայն իր հայտարարությամբ փոխում է շեշտադրումները եւ, որպես ելք, առաջարկում անխուսափելի իշխանափոխության գնալ սահմանադրական ճանապարհով, այն է՝ ԱԺ արտահերթ ընտրություններով:

Եվ ի՞նչ հետեւեց Տեր-Պետրոսյանի՝ ըստ էության Փաշինյանին երես տվող այդ հայտարարությանը: Դրան հետեւեց վարչապետի քամահրական խոսքն ընդդիմության հասցեին, ինչպես նաեւ ծաղրը, որ արտախորհրդարանական ուժերն ընտրություններ չեն ուզում, որովհետեւ խորհրդարանի անցողիկ շեմը չեն կարող հաղթահարել: Ստիպված եմ ասել, որ հայ քաղաքական մտքի հանճարն ու նրա հոգեզավակ Նիկոլ Փաշինյանն իսկապես արժանի են միմյանց: Մեկը կոչ է անում խուսափել քաղաքացիական պատերազմից, իսկ մյուսը, չնայած իր «թրջուկ» վիճակին, էս գլխից հոխորտում է, որ ընդդիմությունն ի վիճակի չէ ընտրություններով իշխանափոխություն իրականացնել: Իսկ թե որքանով են իրականությանը մոտ Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունները, մենք այլեւս ամեն օր զգում ու հասկանում ենք մայրաքաղաքի եւ հանրապետության մյուս քաղաքների փողոցներում զարգացող գործընթացներից: Հուսամ՝ բազմահազարանոց հավաքներն ու իշխանության հրաժարականի պահանջով երթերը հետկապիտուլյացիոն Հայաստանի քաղաքական մտքի այդ երկու «հսկաներին» ի վերջո կբերեն այն համոզմանը, որ պարտվողական քաղաքականությունն ու պրակտիկ հողատվությունն առհասարակ տեղ չունեն Հայաստանում, եւ, որպեսզի երկիրը փրկվի վերջնական կործանումից, իրենք պարտավոր են, կրկնում եմ՝ պարտավոր են հեռանալ՝ չդառնալով քաղաքացիական առճակատումների եւ նոր պատերազմի պատճառ:

Իսկ մինչ այդ, Տեր-Պետրոսյանը պետք է նորից խոսի, բայց խոսի ոչ այնպես, ինչպես Մինսկի խմբի համանախագահներն են խոսում՝ հավասարաչափ մեղադրելով հակամարտող կողմերին: Նա պետք է հասցեագրված խոսք ասի եւ ՀՀ կիսախելագար իշխանություններին համոզի՝ զերծ մնալ արցախյան պատերազմների նահատակների պանթեոն՝ Եռաբլուր, այցելելու եւ հարգանքի տուրք մատուցելու սեւեռուն «գաղափարից»: Եթե Տեր-Պետրոսյանին մտահոգում են Վազգեն Մանուկյանի պատկերավոր եւ առարկայական նախազգուշացումները, որ ժողովուրդը «բզիկ-բզիկ» կանի Փաշինյանին, եթե վերջինս հրաժարական չտա, որ նրան ուժով կհեռացնեն, եթե վերջինս կամավոր չհեռանա, ապա առավել եւս պետք է մտահոգի Փաշինյանի հանդուգն որոշումը՝ գնալ եւ խնկարկել իր իսկ ձեռքով անխուսափելի մահվան ուղարկված հայորդիների թարմ շիրիմները: Ես այստեղ շատ մեղմ արտահայտվեցի՝ հաշվի առնելով պահի լրջությունը եւ լավ իմանալով, թե ում մասին է խոսքը: Այդ մարդուն եւ նրա գործած ավերները բնորոշող իսկական բառերն այսօր հնչում են զոհված հերոսների, անհետ կորածների, հաշմանդամ դարձածների, գերեվարված զինվորների ծնողների, հարազատների, բարեկամների, ընկերների շուրթերից, հնչում են զայրույթից, դավաճանված լինելու զգացումից, պետություն կորցնելու մտավախությունից, իր հայրենիքում իր տեղը կորցնելու այլայլմունքից փողոց դուրս եկած ժողովրդի շուրթերից:

Տեր-Պետրոսյանը պետք է խոսի, որովհետեւ թուլամորթությունից, հանրային կարծիքի վրա թքած ունենալուց եւ ինքնասիրահարվածությունից մինչեւ տականքին խառնվելը մեկ քայլ է ընդամենը: Նա պարտավոր է տարանջատվել սորոսական ստահակների այս ոհմակից, որ, օգտվելով ժողովրդի զգոնության պակասից, Հայաստանում իշխանություն զավթեց ու կործանման դուռը տարավ մեր անդուլ տառապանքների գնով ազատագրված եւ անկախության ճանապարհին դրված Արցախը: Տեր-Պետրոսյանը պետք է խոսի, պետք է «հայրաբար» արգելի Փաշինյանին՝ ոտք դնել Եռաբլուր: Փողոցում այսօր 2018թ. ապրիլյան ամբոխը չէ, փողոցում հայ ժողովուրդն է, վիրավոր հայ ժողովուրդը, որ իր պատմության ընթացքում ազգային խայտառակություններին ոչնչացնելու երեւելի օրինակներ է ցույց տվել:

Ավարտելով՝ երկու խոսք էլ մեր այն «մտավորականներին» ասենք, որոնք շարունակում են դայլայլել, թե երբեւէ իշխանության մեջ եղած ուժերը չեն կարող ընտրել իշխանության գալու օրինավոր ճանապարհներ: Պարոնայք «մտավորականներ», աններելի է ձեր կարճ հիշողությունը: Արդյոք ճի՞շտ եմ հասկանում ձեզ, որ դրանով դուք ցանկանում եք ասել, թե իբր իշխանության մեջ եղած Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008-ին ընտրել էր իշխանության գալու ապօրինի ճանապարհը եւ կամ 10 տարի անց՝ 2018-ին, նա սատարում էր երբեւէ «իշխանության մեջ չեղած» Նիկոլ Փաշինյանի՝ իշխանություն զավթելու խիստ օրինական ճանապարհը: Հասկանում եմ, որ ձեզ համար դժվար է այս ռեբուսից գլուխ հանելը, բայց մի բան դուք, հավանաբար, լավ գիտեք՝ հանուն իշխանության կողմից ձեր առջեւ նետվող օրվա լափի՝ մինչեւ վերջ սատարել նրան՝ հաշվի չառնելով անգամ սահմռկեցնող իրականությունը: Ընդդիմությունը պատերազմից հետո երբեք որեւէ հակաօրինական արարք թույլ չի տվել, եւ այն պնդումը, թե իշխանության մեջ եղած ուժերը չեն կարող օրինական ճանապարհով գալ իշխանության, ոչ այլ ինչ է, եթե ոչ պարզունակ հիմարություն: Ես օրինականության կողմնակից եմ, բայց կուզենայի իմանալ՝ կա՞ մեկը ձեր մեջ, որ այսօր կկարողանա կանգնել ժողովրդի առջեւ եւ բացատրել, թե ինչու պետք է դավաճանի խարան կրող «իշխանությունը» հեռանա, այսպես ասած, օրինական ճանապարհով: Չէ՞ որ օրինական ճանապարհով հեռանալու իրավունքն էլ մի բան է, որ պետք է վաստակել: