Ինչու են հացադուլ անում  «Արմավիրի» բանտի կալանավորները

Ինչու են հացադուլ անում  «Արմավիրի» բանտի կալանավորները

Չոբանքյարա անունով հայտնի «Արմավիր» ՔԿՀ-ի մի քանի կալանավորներ հացադուլ են անում։  Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեզ փոխանցեց, որ այս պահին հացադուլավորները 4-ն են․ ««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 9-ի դրությամբ հացադուլի մեջ են գտնվում 2 կալանավորված անձ և 2 դատապարտյալ։ Կալանավորված անձանցից մեկը հացադուլ է հայտարարել օգոստոսի 9-ից, մյուսը՝ սեպտեմբերի 6-ից։ Նրանք անհամաձայնություն ունեն իրենց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցի առնչությամբ: 

Դատապարտյալներից մեկը հացադուլ է հայտարարել օգոստոսի 16-ից, պատճառն այն է, որ թույլ չի տրվել նրա տեղափոխումը մասնավոր բժշկական կենտրոն առանց հատուկ ցուցման առկայության։ Մյուս դատապարտյալը հացադուլ է հայտարարել սեպտեմբերի 5-ից, պատճառը` ցանկանում է տեղափոխվել ավելի ցածր անվտանգային գոտի։ 
Հացադուլ հայտարարածների հետ պարբերաբար տարվում են բացատրական և խորհրդատվական աշխատանքներ հացադուլի բացասական հետևանքների, իրենց կողմից ներկայացված հարցերը համապատասխան իրավական ընթացակարգերով լուծելու վերաբերյալ։ 

Նշված ազատազրկված անձինք քրեակատարողական հիմնարկին որևէ դիմում` ուղղված այլ մարմնի, չեն ներկայացրել։ Դիմումներ ներկայացնելու դեպքում քրեակատարողական հիմնարկը դրանք կուղարկի համապատասխան մարմիններին»։