Գժվելու թուրքը

Գժվելու թուրքը

Այս պատերազմում մեր պարտությունը մի տեսակ «երկնքից ընկավ»՝ մենք ամենեւին չէինք նախատեսել այն: Մենք բնավ չէինք պատրաստվել պատերազմի: 

Ո՞վ գիտի՝ մենք ո՞ւմ հաշվին էինք ուզում հաղթել: Ամենակարեւորը՝ ո՞ւմ էինք ուզում հաղթել: Մենք ո՞ւմ էինք ոչխար ասում: Մենք որտեղի՞ց էինք վերցրել «Հաղթելու ենք» պոռոտախոսության արդյունավետությունը: Մենք փորձաքննե՞լ էինք մեր հաղթանակի շանսերը, ինչպես թուրքերն իրենց ԱԹՍ-ները: Ու հիմա ի՞նչ ենք անելու՝ հանգստանալու ենք այն «դափնիների» վրա, որ պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ՝ Թուրքիայի՞ն: 
Հլը մեր նախորդ 22 տարիներն ուշադիր նայեք: Մեր մշակութային պոռթկումը ո՞րն է: Մենք պատերազմը մերժել ենք խաղաղության վրա ծիծաղելով, մենք այնքան վերեւից ենք նայել թուրքին, որ ոտատակ ենք տվել նրա իռացիոնալությունը: Մենք նույնիսկ չենք պատկերացրել, որ պետությունները նույնպես ունեն հումորի զգացումներ եւ կարող են իրենց իռացիոնալության հանդեպ մեր վերաբերմունքի հետ կռվել ավելի իռացիոնալ զենքով՝ Բայրաքթարով: 

Մենք ովքե՞ր ենք՝ մարդիկ, որոնք սխրանքը գրպանում են փողոց դուրս գալիս: Պատերազմի դաշտում մենք այնքան օրինաչափ ենք սխրագործ, որ նույնիսկ զարմանում ենք պարզապես ձեռքբերումից: 

Մենք չգիտեինք, որ պետությունը կարող է նստել ու զենք մտածել ընդդեմ սխրանքի: Իսկ ո՞րն է դա: Դա այն զենքն է, որը բացառում է հակառակորդ զինվորների՝ միմյանց աչքերի մեջ նայելը, դա այն զենքն է, որն անիմաստ է դարձնում քո դիվերսիաները, դա այն զենքն է, որը գրողի ծոցն է ուղարկում հակառակորդի բոլոր հիմնադրամները, բյուջետային ռազմական հատկացումները, մշակութային պոռոտախոսությունը եւ նույնիսկ՝ իրատեսությունը: Զենք չէ դա, այլ՝ մուրազ: Դա մի զենք է, որի կռիվը հայի հետ չէ, որովհետեւ հայը դրան պատասխանելու բան չունի: Էդ զենքը ռազմական գործարաններում չի թրծվել, այդ զենքի մարտական փորձարկումներին զինվորներ եւ նույնիսկ գեներալներ չեն ներգրավվել, նրանք միայն ծափահարել են այդ զենքի վերբանակային բնույթը: 

Վերջապես թուրքը սպանելու է առանց նույնիսկ ատամները սեղմելու: Իդեալական ժամանակներ են թուրքի համար: Գժվելու մարդ է այսօրվա թուրքը: Եզակի ժողովուրդ, որը «բարեփոխեց» նույնիսկ ցեղասպանությունը: Հիմա նա սպանում է այնպես, ինչպես հրաբուխը՝ պարզապես որպես աղետ, բնական աղետ: Նույնիսկ թուրքը չի կարող հպարտանալ իր ոճիրով: Բայրաքթարը չի կարող աջ ու ձախ պատմել, թե՝ «տեսա՞ք ինչպես հայի հախից եկա», նա չի կարող հարեւանի հետ թեյ խմելիս «սխրանքներ» հորինել: Այսօրվա թուրքը Կոմիտաս չի պապանձեցնի: Այսօրվա թուրքը կարող է նույնիսկ խրատել ադրբեջանցուն՝ հայերին խնամքով սպանեք, եղբայրներ, մենք, ի վերջո, 21-րդ դարում ենք: 

Իսկ ինչպե՞ս թուրքը որսաց այս ժամանակները: Շատ պարզ: Նա տեսավ մի Հայաստան, որն աշխարհի ոչ մի գիտատեխնիկական նվաճման հետ համընթաց չէ, չունի սեփական որեւէ նվաճում, որի հեռանկարայնությունը կարելի է վտանգել որեւէ ագրեսիայով: Հայաստանը հեղափոխությունից բացի աշխարհին ոչինչ չի կարող առաջարկել, ասում էին, չէ՞, մեր իշխանությունները՝ մենք կարող ենք արտահանել մեր թավշյա հեղափոխությունը: Ե՞վ: Աշխարհում քիչ երկրներ չկան, որոնց թավշյա հեղափոխությունը չէր խանգարի: Բայց դա արդեն Թուրքիային առանձնապես չէր մտահոգում: Նա ռազմական նվաճումների մասով ոչ մի տարբերություն չէր տեսնում 1998-ի եւ 2020-ի միջեւ: 

Հայերն այն եզակի ժողովուրդներից են, որոնք հաղթանակի եւ այն դիվանագիտորեն ամրագրելու միջեւ որեւէ կապ չգտան: Խաղաղության կոչը զվարճացնում էր մեզանից շատերին: Նժդեհական բոլոր երգիչները երգում էին այնպիսի գործեր, ասես այդ երգերը քիմիական զենքեր էին, որոնք կաթվածահարում են թուրքական կամքը եւ երեւակայությունը: Բայց այդ երեւակայությունը չէր թունավորվում: Այդ երեւակայությունը համառորեն ստեղծում էր իր գլխավոր զենքը, որն իր հերթին հային դարձնելու էր իր՝ հենց հայի դեմ ուղղված զենք: 

Բայրաքթարն առաջին իսկ ռմբակոծումների ժամանակ խուճապ առաջացրեց հայ զինվորի մեջ: Խուճապը դարձավ հայ զինվորի ինքնազենը: Եվ վերջ:

Թուրքիայի պատմության դասագրքերը շուտով կլցվեն մի կռվի մանրամասներով, որտեղ ոչ մի տող չես գտնի հողի վրա թուրք զինվորի իրականացրած սխրանքների մասին: Բայց քարտեզները կպատմեն ավելին:

 

Մհեր Արշակյան
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ