Սուիցիդից տարեկան մահանում է 1 մլն․ մարդ․ պատճառներ, նախանշաններ

Սուիցիդից տարեկան մահանում է 1 մլն․ մարդ․ պատճառներ, նախանշաններ

Այսօր, երբ ինքնասպանությամբ կյանքն ավարտելու կամ ինքնասպանության փորձ կատարելու մասին լուրերի պակաս, ցավոք, չենք զգում, որոշեցինք անդրադառնալ այս թեմային: Ինքնասպանության մասին ունեցած մեր գիտելիքը կարող է օգնել մեզ մեր մտերիմների մոտ նկատել սուիցիդալ վարքի նախանշաններ եւ ժամանակին ձեռք մեկնել նրանց:

Ինքնասպանությունների թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է: Առողջության պահպանման միջազգային կազմակերպության վիճակագրությամբ` տարեկան սուիցիդից մահանում է շուրջ 1 մլն մարդ, իսկ 20 մլն մարդ ինքնասպանության փորձ է կատարում:

Ինքնասպանության ճանապարհով ավելի շատ մարդ է մահանում, քան բոլոր ռազմական հակամարտություններում` միասին վերցրած: Այսպես` սուիցիդը զբաղեցնում է 8-րդ տեղը մահվան պատճառների շարքում եւ առաջին տեղը` բռնությամբ կատարվող մահերի շարքում: Վերջին 60 տարվա ընթացքում սուիցիդների թիվն աճել է 60%-ով, իսկ մանկական ու դեռահասության սուիցիդներն աճել են 30 անգամ: Այսինքն` սուիցիդների հաճախականությունն այս պահին 100 000 բնակչության համար 14-16 է: Սուիցիդները հանդիպում են տարիքային բոլոր խմբերում` երեխաների, դեռահասների, մեծահասակների, տարեցների մոտ: Ինքնասպանությունը պայմանավորված չէ նաեւ գենդերային տարբերակմամբ: 

Ըստ վիճակագրության, սուիցիդը` որպես մահվան պատճառ, երկրորդ տեղում է 15-29 տարեկանների շրջանում: Ինքնասպանության փորձ կատարածների 30%-ը վաղ թե ուշ կրկնում է այն, իսկ 10%-ը չի ընկրկում մինչեւ իր որոշումը չի իրականացնում, այսինքն` ինքնասպանությամբ կյանքին վերջ է տալիս: Ծանր հոգեկան խանգարումների եւ ինքնասպանության փորձի վտանգի դեպքում բուժումն իրականացնում են հոգեբուժության բնագավառի մասնագետները, իսկ հոգեկան խանգարում չունեցող, սակայն ինքնասպանության փորձով անձանց բուժումը կարող են իրականացնել հոգեթերապեւտներն ու կլինիկական հոգեբանները:

Ինչ է սուիցիդը

Սուիցիդ` նույն ինքը` ինքնասպանություն․ երբ մարդը գիտակցված զրկում է իրեն կյանքից: Այն կարող է լինել ավարտված կամ չավարտված, այսինքն` մահվան ելքով կամ` ոչ:
Սովորաբար այն ինքնուրույն եւ ինքնակամ է իրականացվում, սակայն հնարավոր են նաեւ այլ տարբերակներ, օրինակ` սուիցիդ` մեկ այլ անձի օգնությամբ ծանր հիվանդության դեպքում, կամ զանգվածային ինքնասպանություն` դեստրուկտիվ կրոնական սեկտայի անդամների կողմից: Սուիցիդի պատճառ կարող են լինել նաեւ սոմատիկ կամ հոգեկան հիվանդությունները, սուր եւ քրոնիկ հոգետրավմատիկ իրավիճակները, ինքնամեղադրանքը, պատիվը պահելու պահանջմունքը, քննադատվելու վախը եւ այլն: Սուիցիդը ժամանակակից հասարակության համար լուրջ սոցիալական եւ բժշկական խնդիր է:

Պատճառները

• Կենսաբանական․ սուիցիդը կարող է ունենալ գենետիկ նախատրամադրվածություն:

• Հոգեբանական․ նման գործոնները, ցավոք, հաճախ թելադրվում են հասարակության կողմից` մեղքի զգացում, անօգնականություն, ավելորդ ինքնաքննադատություն, դատողության ոչ հասունություն, ցածր ինքնագնահատական, ագրեսիա, ինքնամերժում: Այս խմբին են դասվում նաեւ ցանկալի արդյունքին հասնելու անհնարինությունը, սոցիալական շփումներում ունեցած խնդիրները: Ընտանիքում առկա բազմաթիվ խնդիրներ կարող են հանգեցնել սուիցիդի` դաժանություն, անտարբերություն, սիրո ու ջերմության, հասկացվածության բացակայություն: Չի կարելի ժամանակակից հասարակությունում ընտանիքի նշանակությունը թերագնահատել, հենց հասարակության այս բջիջն է հիմքեր ստեղծում հետագայում հասարակություն մուտք գործող անհատների համար:

Վաղուց հայտնի է, որ այն նորածինները, որոնք իրենց կյանքի առաջին տարում ծնողներից չեն ստացել անհրաժեշտ չափով սեր ու ուշադրություն, հասուն մարդ դառնալով՝ մեծապես վտանգված են սուիցիդի դիմելու ռիսկով: 

• Կլինիկական․ համաձայն բժշկական տվյալների`  սուիցիդի իրականացման պահին սուիցիդենտների 90%-ն ունեցել է հոգեկան խանգարում: Օրինակ` դեպրեսիայի դեպքում սուիցիդի ռիսկը մեծանում է 30 անգամ, շիզոֆրենիայի դեպքում` 20 անգամ, անձնային խանգարումների դեպքում` 15 անգամ, ալկոհոլիզմի դեպքում` 10 անգամ:

Առավել վտանգավոր են քողարկված իրավիճակները` օրինակ, դեպրեսիայի դեպքում, որը դժվար ախտորոշվող է: Շիզոֆրենիայի կամ շիզոաֆեկտիվ խանգարումների դեպքում, պսիխոզի ժամանակ ձայնային հալուցինացիաները կարող են մարդուն ստիպել ինքն իրեն սպանել: Սոմատիկ հիվանդությունների դեպքում էլ մարդիկ նույնպես ռիսկային գոտում են: Սիրտ-անոթային, օնկոլոգիական, երիկամային, իմունային եւ այլ հիվանդությունների դեպքում սուիցիդի ռիսկը տասնյակներով աճում է:

• Էթնոմշակութային․ բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ առանձին էթնոսներ ավելի են հակված սուիցիդի: Բարձր սուիցիդալ ռիսկով պետությունների շարքում են Չինաստանը, Ճապոնիան, Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Լիտվան (ավելի քան 20 դեպք` 100 000 բնակչության համար):

Սուիցիդների ցածր շեմ է Մերձավոր Արեւելքի, միջերկրածովյան, Կենտրոնական Ասիայի երկրներում: Մեծ նշանակություն ունեն նաեւ կրոնական հավատալիքների համակարգերը` նման կերպ կյանքն ավարտելը խրախուսող կամ մերժող:
Քրիստոնեության ու մահմեդականության դեպքում սուիցիդը ծայրահեղ անընդունելի արարք է, քանի որ, եթե Աստված կյանք է տվել, ապա մարդն անզոր է ընտրելու, թե երբ է ինքը մեռնելու:
Բուդդիզմն ու հուդայականությունը հանգիստ են վերաբերվում մահվանը` որպես կյանքի տրամաբանական շարունակություն ու հոգու վերամարմնավորում:
• Մակրոսոցիալական․ բոլոր քաղաքական ու սոցիալ-տնտեսական պայմաններն ազդում են բնակչության վրա` գործազրկություն, տնտեսական ճգնաժամ, պատերազմներ, տեղային հակամարտություններ, միգրացիա: Այս ամենը նպաստում է սուիցիդների թվի աճին:
• Միկրոսոցիալական․ ընտանիքում, կենցաղում, աշխատավայրում անբարենպաստ իրավիճակները մարդկանց դրդում են կյանքն ավարտել ինքնասպանությամբ: Շրջակա միջավայրը կարող է հեշտությամբ խարխլել արդեն իսկ ճոճվող հոգեկանը: Ոչ հեշտ մասնագիտություններում բարդ իրավիճակները նույնպես իրենց բացասական հետքն են կուտակում բժիշկների, իրավաբանների, զինվորականների հոգեկանի վրա:

Անձնական կյանքում խնդիրներ․ մարդու կյանքում լինում են ճգնաժամեր, որոնք խախտում են հավասարակշռությունը արտաքին պայմանների ու ներքին ապրումների միջեւ: Գրանցված է շուրջ 800 իրավիճակ, որոնք կարող են հանգեցնել սուիցիդի: Դրանց շուրջ կեսը միջանձնային է, օրինակ` ամուսնալուծություն, բաժանում, դժբախտ սեր, դավաճանություն, հարազատի մահ, կոնֆլիկտներ: Այս շարքից են նաեւ մասնագիտական կյանքում ինքնաիրացման դժվարությունները, սոցիալական հարաբերություններում ունեցած բարդությունները: Սուիցիդը կարող է հրահրվել նաեւ սնանկացմամբ, կյանքի սովորութային ստերեոտիպերի փոփոխությամբ, սոցիալական մեկուսացմամբ, սովորութային սոցիալական խմբից օտարումով կամ տեղեկատվության նկատմամբ հասարակության ունեցած տարաձայնությամբ` սեռական կողմնորոշում, «ոչ բարեհաջող անցյալ»:  
Որոշ զարգացած ընկերություններում ու կազմակերպություններում մասնագետները թեստավորում են իրենց աշխատակիցներին` ստուգելու համար տագնապայնությունը, ագրեսիվությունը, հաղորդակցվելու հմտությունները, ցածր տրամադրությունը: Սա ճիշտ որոշում է` աշխատակազմի հոգեվիճակին պրոֆիլակտիկ հետեւել, քանի որ ամեն օր աշխատող մարդը բախվում է բազմաթիվ խնդիրների, սթրեսածին գործոնների, միջանձնային հակասությունների, տագնապային պահերի, որոնք կապված են հենց իրենց աշխատանքի հետ:

Սուիցիդի հակված անձինք 

• Հոգեմետ միջոցներ չարաշահողները` ալկոհոլ, թմրանյութեր, տոքսիկ միջոցներ։
• Ովքեր սուիցիդի փորձ են ունեցել նախկինում կամ ականատես են եղել ընտանիքում ինքնասպանության։
• Օժտվածներն ու տաղանդավորները։
• Բռնության զոհերը։
• Ծանր քրոնիկ հիվանդություններ ունեցողները։
• Սուիցիդալ սպառնալիքներ հնչեցնողները` ինչպես ուղղակի կերպով, այնպես էլ` թաքնված։
• Ընտանիքում խնդիրներ ունեցողները։
• Հոգեկան հիվանդություններով անձինք` դեպրեսիա, շիզոֆրենիա, նեւրոզ։ 
• Վարքի ու հուզական դաշտի խանգարումներով անձինք:
Ռիսկի հուզական ինդիկատորներ 
• Դեպրեսիայի նշաններ` տագնապ, քնի ու ախորժակի խանգարում, հաճույք ստանալու ունակության բացակայություն, ապատիա, ուշադրության թուլացում։
• Անպետքության, մեղքի զգացում։
• Զայրույթ, ագրեսիա, ինքնամերժում։
• Ավելորդ անհանգստություններ, վախեր։
• Ապագայի ու սեփական ճակատագրի հանդեպ անտարբերություն:

Սուիցիդի վարքային ինդիկատորներ

• Ալկոհոլի ու թմրանյութերի չարաշահում։
• Տնից ու ընտանիքից փախուստ։
• Ֆիզիկական ակտիվության նվազում։
• Ինքն իրեն խնամելու ցանկության բացակայություն։
• Տխուր երաժշտության հաճախակի ունկնդրում, մահվանն առնչվող գրականության ընթերցում։
• Ռիսկային գործողությունների ձգտում։
• Վարքի ու տրամադրության կտրուկ փոփոխություն:
ՀԳ. Շատերը վախենում են «հոգեկան հիվանդ մարդու» պիտակից: Սակայն ճիշտ պահին ճիշտ մասնագետի դիմելը կարող է կյանք փրկել: Նա, ով հայտնվել է ինքնասպանություն գործելու որոշում կայացրածի կողքին, պետք է օպերատիվ գործի եւ թույլ չտա մահվան ելքով ավարտ:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նյութի աղբյուր` ustamivrachey.ru,  krasotaimedicina.ru