Դեմ չէ, որ պետությունը «կորեկցիա» մտցնի ռեկտորի ընտրության հարցում

Դեմ չէ, որ պետությունը «կորեկցիա» մտցնի ռեկտորի ընտրության հարցում

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագիծը նախօրեին քննարկվել է նաեւ ԿԳՄՍ նախարարությունում հրավիրված ռեկտորների խորհրդի նիստում, որին մասնակցել է Հայաստանի պետական բուհերի 13 ռեկտոր: 

Քննարկման ընթացքում բարձրացվել է նաեւ բուհերի կառավարման մոդելի` խորհուրդների ձեւավորման եւ ռեկտորի ընտրության հարցը, ըստ որի՝ խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվելու են լիազոր մարմնի, 4-ը` բուհի կողմից` ներառյալ ուսանողական, դասախոսական եւ բուհի հետ համագործակցող գործարար համայնքը: Բուհի ռեկտորը, ըստ նախագծի, ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով։ Խորհրդի որոշմամբ՝ կարող է առաջարկվել ռեկտորի մինչեւ երեք թեկնածու, որոնցից մեկին կնշանակի լիազոր մարմնի ղեկավարը:

Կարծիքներ են հնչել, որ այդ մոտեցումը բուհական ինքնավարության ու ակադեմիական ազատության սահմանափակում է եւ, ըստ էության, նշանակում է ռեկտորի նշանակովի մոդելի ներմուծում: 

Անդրադառնալով ռեկտորի ընտրության եւ բուհերի կառավարման խորհուրդների մոդելին` նախարարը նշել է, որ առաջարկվող լուծումը, երբ ռեկտորի 3 թեկնածուից մեկին նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը, կիրառվում է աշխարհի բազմաթիվ առաջադեմ երկրների համալսարաններում: «Ինձ համար անհասկանալի են այն ձեւակերպումները, թե կառավարությունը փորձում է միջամտել ռեկտորի ընտրությանը: Այդպիսի հայտարարությունները երբեմն արվում են այնպիսի տոնայնությամբ, կարծես թե խոսքը հարեւան պետության, այլ ոչ թե ՀՀ կառավարության մասին է: Պետությունը՝ որպես բուհի հիմնադիր, վճռորոշ խոսքի իրավունք ունի եւ կարող է կարեւոր դերակատարում ունենալ` անկախ նրանից, թե տվյալ պահին ով է ներկայացնում իշխանությունը: Բուհի եւ պետության հարաբերությունները պետք է գործընկերային լինեն, իսկ բուհի ներքին մթնոլորտը` ակադեմիական: Պետք չէ մոռանալ, որ տվյալ պարագայում ռեկտորը պետության հիմնադրած բուհում վարձու աշխատող է` ընդամենը: Պետական բուհի մասին խոսելիս պետք է չմոռանալ նաեւ, որ բուհը պետական ապրանքանիշ է` բրենդ, հետեւաբար, պետությունն իրավունք ունի պայմաններ եւ պահանջներ դնել»,- նշել է Վ․ Դումանյանը, ով, ըստ էության, իշխանությունն ու պետությունը նույնացրել է՝ բուհի ռեկտորին դիտարկելով իբրեւ սոսկ «վարձու աշխատող», իսկ բուհը, որպես այդպիսին, «հարեւան պետություն», որի գործերին պետք է եւ իրավունք ունի միջամտել։   

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ԺՊ Ռուբեն Աղգաշյանն ասում է՝ քննարկումն անցել է ոչ թե թեժ, այլ աշխատանքային բնականոն մթնոլորտում, քանի որ ռեկտորները մատների արանքով չեն կարող նայել օրինագծին։ Ռեկտորրի կարծիքով, թե՛ ԱԺ-ում, թե՛ մամուլում օրինագծի հետ կապված նշվում է միայն ռեկտորների ընտրության կարգը, բայց իրենց ուշադրության կենտրոնում առաջնայինը դա չէ, որովհետեւ կա նաեւ հավատարմագրման, լիցենզավորման, ֆինանսավորման խնդիր, որոնց վրա, սակայն, ուշադրություն չի դարձվում․

«Ռեկտորների ընտրությունը հարցերից մեկն է եւ, հավատացեք, ոչ ամենակարեւորը, որովհետեւ ընտրման ձեւն այդքան էլ կարեւոր չէ, կարեւորը՝ որ հետո այդ մարդը կարողանա այդ ծանրագույն բեռը տանել։ Շատ այլ լուրջ հարցեր կան, օրինակ՝ ծրագրային եւ ինստիտուցիոնալ հավատարմագրումների հարցը, եթե երկուսն էլ պետք է պարտադիր լինեն, դա ահավոր ծանր եւ դժվար իրականացվելու գործ է, թե՛ ֆինանսական տեսանկյունից հսկայական ծախսեր են, թե՛ մարդկային ռեսուրսների առումով։ Հետո անդրադարձ է եղել ֆինանսավորման հարցերին, եթե ռոտացիոն կարգը փոխվում է, ինչքանո՞վ է դա ճիշտ»։ 

Անդրադառնալով խորհրդի անդամների թվի հարաբերակցությանը, ըստ որի՝ խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվելու է լիազոր մարմնի կողմից, ինչը մտահոգությունների առիթ է տալիս բուհի ինքնավարության կորստի մասով, Աղգաշյանն ասաց․ «Դա այդքան էլ այդպես չէ, ճիշտ է՝ հիմա այդ 5/4-ի հարաբերակցությունը շատ է քննարկվում, բայց դա չի նշանակում, որ միարժեքորեն կառավարությունը, ի դեմս լիազոր մարմնի, անպայման պետք է միջամտի։ Շատ հնարավոր է, որ երկու կողմերի միջեւ էլ փոխադարձ համաձայնություն լինի,  այդ 5/4-ի հարաբերակցությունը նախարարության կողմից, իմ կարծիքով, բացատրվում է առողջ տրամաբանությամբ, որ եթե հանրային բուհերի հիմնադիրը պետությունն է, ուրեմն պետությունը մի փոքր լծակ պետք է ունենա անհրաժեշտության դեպքում, եթե, օրինակ, գտնում է, որ հաջող տարբերակ չի գնում, ինքն այդ ձեւով փորձի կորեկցիա մտցնել»։ 

Վտանգ չի՞ տեսնում, որ իշխանությունն իրեն նույնացնում է պետության հետ եւ հաջորդիվ՝ ցանկացած «կորեկցիա» կամ միջամտություն կբացատրի պետության անունից։ «Եթե փորձեն, ենթադրենք, բիրտ ուժ գործադրել, այդ դեպքում 5/5-ի դեպքում էլ կարող են փորձել ազդել մյուս 5-ի վրա նույնպես։ Ուրիշ տարբերակ էլ կա, որը խորհրդային տարիներին փայլուն աշխատել է՝ ռեկտորը, ենթադրենք, նշանակվել է վարչապետի կողմից»,- ասում է ու ընդգծում, որ ինքը դեմ է այնպիսի որակումներին, ինչպիսին, օրինակ, «գրպանային ռեկտորների ինստիտուտ» ասվածն է, որը սպառնում է այս օրինագծով․ 

«Սա ռեկտորից է կախված։ Համալսարանի ընտրած ռեկտորն էլ եթե, Աստված չանի, գրպանային լինի իր էությամբ կամ դառնա գրպանային ռեկտոր․․․, իսկ, ենթադրենք, այս սխեմայով ընտրված ռեկտորն էլ, եթե իր էությամբ գրապանային չէ ու մտածում է համալսարանի լավ լինելու մասին, այլ ոչ թե իր անձնական շահերով է առաջնորդվում, այդ դեպքում նա ոչ գրպանային կդառնա, ոչ էլ»։
Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ԺՊ-ին չի մտահոգել նախարարի այն խոսքը, որ մեր երկրում անբնական շատ են թե՛ մասնավոր, թե՛ պետական բուհերը, որից հետո հանրության մեջ խոսակցություն գնաց մի շարք բուհերի միավորման մասին։

«Ես կգերադասեի ունենալ ավելի քիչ թվով, բայց հզոր համալսարաններ, որոնք միջազգային հարթակում իրոք դեմք կարող են լինել, իրենցից ուժ ներկայացնեն, քան թե ունենալ մանրատված փոքր համալսարաններ։ Օրինակ, արվեստի ոլորտում ունենք թատրոնի եւ կինոյի ինստիտուտ, կոնսերվատորիա, գեղարվեստի ակադեմիա ու եթե ունենայինք մեկ հզոր արվեստի ակադեմիա, պարզ է՝ նա կարող է շատ ավելի տեսանելի դառնալ եւ միջազգային իմիջ ունենալ, քան թե առանձին։ Այսինքն՝ հնարավորություններն այդ դեպքում ուժեղանում են»,- ասում է ռեկտորի ԺՊ-ն, ով, ի տարբերություն շատերի, լավատեսորեն է տրամադրված օրինագծի հանդեպ, չնայած առկա բազմաթիվ խնդիրներին, քանի որ, ըստ նրա, կրթությունը, ինչպես մնացած ոլորտները, վակուումում չի գտնվում։