Այս գործը կարող էր լուծում ստանալ Հայաստանի առաջին ատյանի դատարանում՝ դեռ 11 տարի առաջ

Այս գործը կարող էր լուծում ստանալ Հայաստանի առաջին ատյանի դատարանում՝ դեռ 11 տարի առաջ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Մնացականյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել՝ արձանագրելով, որ հայաստանյան պետական մարմինները խախտել են դատավոր Սամվել Մնացականյանի արդար դատաքննության իրավունքը։ Ինքը՝ Մնացականյանն այլեւ չի իմանա այս հաղթանակի մասին, որովհետեւ վաղաժամ 2021 թվականին մահացել է։ Սակայն Միջազգային դատարանը պարտավորեցրել է 4 հազար 900 եվրո վճարել հանգուցյալ դատավորի ժառանգներին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում եւ իրավական կարեւոր որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ դատավոր Սամվել Մնացականյանին 2011 թվականին աշխատանքից ազատել էին այն պատճառաբանությամբ, որ նա պատշաճ չի հիմնավորել գրավի դիմաց մեղադրյալին ազատ արձակելու իր որոշումը։ Մինչդեռ կալանքը գրավով փոխարինելու որոշմանը դեմ չէր արտահայտվել նաեւ գործին մասնակցող մեղադրողը։ Նրան թույլ չէին տվել բողոքարկել այս որոշումը հայաստանյան դատարաններում եւ նա ստիպված դիմել էր ՄԻԵԴ։

Այս մասին «Հրապարակը» զրուցել է ՄԻԵԴ ում Մնացականյանի շահերի պաշտպան Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ, հասկանալու համար, թե ինչ իրավական հետևանք կարող է ունենալ ՄԻԵԴ-ի այս որոշումը: Դատական համակարգի վրա կթողնի՞ արդյոք ազդեցություն. «Եվրոպական դատարանի վճիռներն ինքնին իրադարձություն են: Իրադարձություն, որն ունի իրավական ու հասարակական հնչեղություն, ինչպես նաև կառավարչական ու քաղաքական: ՄԻԵԴ-ն արտահայտել է կարևորագույն իրավական դիրքորոշում, կարևորություն տալով Եվրոպական կոնվենցիային: Հատկապես դատավորների իրավունքների պաշտպանության տեսանկյունից սա բավականին կարևոր է: Պետք է նկատի ունենալ, որ դատավորի իրավունքն անհատական իրավունք լինելուց զատ, նաև համընդհանուր, արդար դատաքննության երաշխիք է: Եվրոպական դատարանը շատ կարևոր դիրքորոշումներ է արտահայտել և դա հենց կոնկրետ Հայաստանին է վերաբերում: Հայաստանը պետք է վերացնի խախտումը, որը տեղի է ունեցել տվյալ անձի նկատմամբ, վերացնի նաև համակարգային խնդիրները, որոնք այս իմաստով առկա են Հայաստանում, որպեսզի հետագայում դրանք չդառնան նման իրավունքի խախտման զոհ: Գրառում եմ արել, կարևոր կետեր կան այնտեղ պետական անձանց պարտականությունների վերաբերյալ: Իմ այդ գրառումը շատ էական և կարևոր նշանակություն ունեցող գրառում է: ՄԻԵԴ-ի այս դատական ակտը Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրների վրա պետք է իրավական հետևանք ունենա», ասաց Զեյնալյանը:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե կա՞ն արդյոք նման գործեր այսօր, որոնք ՄԻԵԴ է ուղարկվել, Զեյնալյանն ասաց. «Օրինակ` Անահիտ Սաղաթելյանի գործը: Այն շատ տիպիկ գործ է: Արդար դատաքննության իրավունքի խախտում էր տեղի ունեցել տեղի ունեցել Հայաստանի կողմից, Եվրոպական դատարանի վճիռը մեր համոզմամբ ՀՀ-ն չկատարեց, չվերականգնելով Սաղաթելյանի իրավունքները: Եվրոպական դատարանի վճիռները կատարելը պետության և պաշտոնատար անձանց առաքելությունը պետք է լինի, որպեսզի երկրում ապահովվի իրավունքի գերակայություն ասվածը: Հայաստանում Եվրոպական դատարանի վճիռներն ու Սահմանադրական դատարանի որոշումները հեռու չեն գնում վարույթը վերաբացելուց: Դատական գործը վերաբացվում է, բայց դրանից այն կողմ առաջ չեն գնում: Ստացվում է, որ Հայաստանում պաշտոնատար անձանց մոտ չկա իրավունքի նկատմամբ հարգանք, չկա նաև ակնածանք, անգա դրա գերակայության ընկալումը չկա, չկա նաև դրա բարձրագույն արժեք լինելու ընկալումը: Տվյալ գործը կարող էր լուծում ստանալ Առաջին ատյանի դատարանում, դեռ 11 տարի առաջ, կամ, ասենք, Վճռաբեկ դատարանում, ՍԴ-ում: Մենք այս հարցը 11 տարի առաջ բարձրացրել ենք այս հարցը բոլոր դատարաններում, ասելով, որ այս հարցը կարող է Եվրոպական դատարանում քննարկման փուլում լուծվել: Շատ վատ է, որ Հայաստանում իրավունքի նկատմամբ ճիշտ ընկալում չկա: Այն մեզանում պետք է գերակա և բարձրագույն արժեք լինի: Չպետք է ձևական «գալոչկայի» համար և ասել, թե մարդու իրավունք է պաշտպանվել: Եվրոպական դատարանում: Սա Եվրոպական դատարան ներկայացված հարյուրավոր գանգատներից մեկն էր: հարյուրավոր, հազարավոր նման դեպքեր են գնում ՄԻԵԴ: Սա պետք է նկատի ունենալ: Ստատիստիկան պետք է անպայման նայել, թե ինչպիսի ծավալների խախտում կա: Չի գիտակցվում մեզանում սա: Չի ընկալվում, որ այսքան վատ է մարդու իրավունքների վիճակը», ասաց Արտակ Զեյնալյանը: