Կա՞ն հարգելի պատճառներ, որոնց դեպքում չեն տուգանվի քաղաքացիները

Կա՞ն հարգելի պատճառներ, որոնց դեպքում չեն տուգանվի քաղաքացիները

Արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով։ Այս մասին նշված  է «Արտակարգ դրության մասին» օրենքում, ոստիկանության տվյալներով՝ Մարտի 26-ի ժամը 09․00-ին մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 286 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 150-ը՝ մայրաքաղաքում, 136-ը՝ մարզերում։ 60 անձ չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ։

Նրանք ներկայացվել են տարածքային ստորաբաժանումներ, որտեղ ճշտվել է նրանց ինքնությունը և կազմվել են արձանագրություններ։ Ոստիկանության լրատվական վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանից փորձեցինք ճշտել, թե կա՞ն արդյոք հարգելի պատճառներ , որոնց պարագայում հնարավոր է չտուգանվեն, օրինակ՝ քաղաքացին չունի թուղթ ու գրիչ, տեղյակ չի եղել, որ պետք է անցաթուղթ կամ անձը հաստատող փաստաթուղթ ունենա, կամ, պարզապես անգրագետ է, Ահարոնյանը պատասխանեց․ «Մենք որոշումները կիրառողն ենք։ Մենք  առաջնորդվում ենք պարետատան որոշմամբ»։ Այսինքն՝ հարգելի պաճառներ չկան և տուգանքը պետք է դատարանու՞մ վիճարկվի՝ հարցրինք Ահարոնյանին․

«Արձանագրում են, բնականաբար, վարչական վարույթ է սկսվում»,- պատասխանեց Ահարոնյանը։