Մինչ համավարակի տարածումը, զբոսաշրջության շուկայում Գյումրին դիրքավորվել էր որպես ամենապահանջված ուղղություններից մեկը

 Մինչ համավարակի տարածումը, զբոսաշրջության շուկայում Գյումրին դիրքավորվել էր որպես ամենապահանջված ուղղություններից մեկը

Կորոնավիրուսի թողած տնտեսական բացասական հետևանքների մասին խոսելիս  վերլուծաբաններն առաջնահերթ մատնանշում են զբոսաշրջության ոլորտում առաջացած խնդիրները։ Տուր օպերատորներն անորոշության մեջ են, քանի որ համավարակը ծնկի է բերել ողջ համաշխարհային տնտեսությունը: Hraparak.am-ի զրուցակիցը  «ՄարՄար» զբոսաշրջային ընկերության տնօրեն, PR մասնագետ Լիզա Գասպարյանն է: 

-Զբոսաշրջության ներկայացուցիչներն ի՞նչ  իրավիճակում են հայտնվել այսօր: Ներքին տուրիզմը ակտի՞վ է:

-Համավարակից հետո  տուրիզմի զարգացման մասին խոսելը  փոքր-ինչ տեղին չէ, բայց պետք է նշեմ, որ ներքին տուրիզմի հետ կապված որոշ տարածաշրջաններում արդեն իսկ ակտիվություն նկատվում է: Իսկ ահա ընդհանուր՝ համաշխարհային համատեքստում, երբ նայում ենք Իտալիայի նման երկրին, մեր հարևան Վրաստանի եւ Թուրքիայի հետ ենք համեմատություն անցկացնում, ապա բոլորս մի կետի վրա ենք, եւ սա մի տեսակ լավատեսական  տրամադրություն է ստեղծում, որ մենք էլ հանգիստ լինենք մի փոքր: Բայց համավարակի ի հայտ գալուց հետո ոլորտի մասնագետներս՝ բոլորս , խոսում էինք ներքին տուրիզմի զարգացման մասին: Եւ կանխատեսումը սխալ չէր, որովհետև արդեն իսկ, ինչպես   ասացի, նկատվում է ներքին տուրիզմի ակտիվացում: Նկատվում են մարդկանց՝ փոքր թվաքանակով այցեր : Դա անգամ  նկատելի է սոցիալական ցանցերում, երբ մեր ընկերները լուսանկարներ են տեղադրում, որտեղ երևում է, որ հանգստյան օրերին եղել են մարզերում գտնվող սրբավայրերում կամ ինչ-որ հետաքրքիր տեղերում: Իհարկե, մենք բոլորին խնդրում ենք հետևել  պարետատան կանոններին՝ պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակ,  բայց ամեն դեպքում այդ  փոքրաթիվ խմբերով շրջայցն այդքան էլ վտանգավոր չէ:

-Տեղի տուրիստական կազմակերպություններին սնանկացման վտանգ չի սպառնո՞ւմ:

-Դա ոչ միայն զբոսաշրջությանն է վերաբերում, առհասարակ փոքր ու միջին բիզնեսն այսօր լրջագույն խնդիր ունի: Բայց երբ ուսումնասիրում ենք ճգնաժամերի պատմությունները, հենց տնտեսական կրիզիսներն են  գալիս տնտեսությունը թարմացնելու :Այն ընկերությունները, որոնք ավելի թույլ էին, հաշվարկները ճիշտ չեն արել, ուղղակի փորձել են զբաղվել զբոսաշրջային ծառայություններ մատուցելով՝ առանց մարքեթինգային շուկայի լուրջ ուսումնասիրության, մրցակցությանը չեն դիմանում, կազմալուծվում են: 


-Եթե լավատես լինենք եւ  հուսանք, որ աշնանը ոլորտի  ակտիվացում  կդիտվի,  կորուստները  վերականգնել հնարավո՞ր է:

- Զբոսաշրջության պետական կոմիտեն պարբերաբար թարմացնում եւ հրապարակում է տվյալներ, եւ տեսնում ենք, որ բավականին լուրջ թվով զբոսաշրջիկներ Հայաստան չեն եկել, եւ պիտի կրկնվեմ, որ ուրախալի է միայն այն առումով, որ ամբողջ աշխարհում է նման պատկեր, բայց մեր երկրի համար սա իսկապես զգալի է, քանի որ ըստ վիճակագրության մեկ զբոսաշրջիկը մեր երկրում միջինում ծախսում է  770 ԱՄՆ դոլար, ինչը տնտեսության վրա արդեն իսկ խորքային հետք է թողնելու:  Բացի ճգնաժամից, մեզ հետճգնաժամային շրջան է սպասվում, եւ չենք կարող ասել, թե ինչ ժամկետ է դա, ուստի որևէ կանխատեսում, բնականաբար, չենք կարող անել: Մի բան հստակ է. եթե նախորդ տարիներին զբոսաշրջության կազմակերպությունները կարողանում էին նորմալ եկամուտներ գեներացնել, հիմա պիտի մոռանանք եկամուտներ գեներացնելու մասին, պարզապես պիտի ճգնենք մնալ շուկայում եւ ինքնածախսածածկումով  պահպանել մեզ, որպեսզի նորից կարողանանք վերադառնալ այն կետին, որտեղ,  այսպես ասած, թողել էինք տուրիզմը:

-Քանի որ Ձեր գործունեության ուղղությունը հիմնականում Շիրակի մարզն  է, եթե համեմատություն անցկացնենք նախորդ տարիների հետ, այսօր  ի՞նչ իրավիճակ է մարզում:

-Վերջին երկու տարում, իսկ ահա  2019-ին արդեն Շիրակի մարզը  կարողացանք արձանագրել որպես ներքին տուրիզմի ամենաթրենդային զբոսաշրջության կենտրոն, բում ապահովեցինք, եւ այդտեղից կարծես թե կանգ առավ զբոսաշրջության զարերկարակային բաբախը:Համեմատություն անցկացնել բում ապրած ժամանակի եւ այս պահի միջև պրոֆեսիոնալ չի համարվի, որովհետև դրանք լրիվ տարբեր իրականություններ էին:Կարծես 21-րդ դարի կյանքը համեմատենք միջնադարի հետ:

- Մինչ համավարակը կոնկրետ Գյումրին՝ որպես զբոսաշրջության քաղաք, ինչ առաջընթաց էր գրանցել:

- Կոնկրետ ներիքին տուրիզմի շուկայում Գյումրին շատ քիչ բացահայտված էր, եւ ինչպես ասացի մինչև 2019թ-ի վերջը քաղաքը զբոսաշրջության բում ապրեց:Հավատացեք՝ Գյումրին հզոր պոտենցիալ ունի, որոնց մասին անգամ տեղյակ չէին զբոսաշրջային ծառայություններ մատուցող շատ ընկերություններ: Մինչ համավարակի տարածումը զբոսաշրջության շուկայում Գյումրին դիրքավորվել էր որպես ամենապահանջված ուղղություններից մեկը: Պիտի ասեմ, որ աշխատանքիս ընթացքում զբոսաշրջիկների մոտ  90 տոկոսը խոստովանում էր, որ երկրի շատ վայրերում է  եղել, բայց մինչ այդ Գյումրի երբեք չէին այցելել:Գյումրին մշակույթային է, կոլորիտով, բացառիկ է՝ իր 19-րդ դարի ճարտարապետական կառույցներով, խոհանոցով, մարդկանցով, հումորով: 

- Որքանո՞վ  տուր օպերատորների բեռը թեթևացրեց  կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման համար նախատեսված պետական  աջակցության  ծրագիրը;

-Պիտի ասեմ,  որ կարծես թե ֆարս էր, որովհետև գոնե իմ շրջապատում, իմ ճանաչած մարդկանցից, զբոսաշրջային ընկերություններից շատ քչերը օգտվեցին  կամ ընդհանրապես չօգտվեցին, մինչդեռ 4 ամիս կաթվածահար եղած ոլորտում ֆինանսապես  խորքային այնպիսի պրոբլեմներ են ստեղծվել, որը անհամեմատելի է: Նույնիսկ այն մոտեցումը, որ գոնե այս ոլորտը ժամանակավորապես ազատվեր հարկերից, նույնպես չիրականացվեց:Այնուամենայնիվ , ոլորտի վերականգնման համար լավատեսորեն ենք տրամադրվում, եւ հիմա աշխարհը գնում է հոգատարության, ջերմության, հիմա ամեն մի մանրուքին պետք է պարզապես ուշադրություն դարձնել: Գյումրին 30 տարի տուժեց եւ շատ ուշ դարձավ զբոսաշրջության կենտրոն հենց միայն այն բանի համար, որ բացառապես խոսվում  էր  երկրաշարժի, կրիմինալի մասին:Հիմա եկեք նույն սխալը թույլ չտանք. չխոսենք շատ համավարակի, ճգնաժամերի , վատ երևույթների մասին, տրամադրվենք միայն դրական: