Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջը նայելիս ապշում ենք

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջը նայելիս ապշում ենք

Վերջին օրերին արշավ է սկսվել ոչ միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, այլեւ նրա զինակիցների նկատմամբ։ Նրանց դեմ գործեր են հարուցվում, նրանց տներում խուզարկություններ են ընթանում, նրանց հրավիրում են հարցաքննությունների։ Անգամ ձայնագրում են նրանց մասնավոր խոսակցությունները եւ տարածում համացանցում։ Հատկապես թիրախավորված են ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը եւ Նաիրա Զոհրաբյանը։ Երկուսին էլ զանգում, սադրում են, հունից հանում եւ ձայնագրում նրանց խոսքն ու տարածում համացանցում։ Նաիրա Զոհրաբյանը մի սփյուռքահայ կնոջ հետ զրույցում հունից դուրս գալով՝ նրան հանդիմանել է, թե «մի կտոր լափի համար» հայրենիքից հեռացել եք։ 

Այս խոսակցության տարածումից հետո նրա դեմ արշավ սկսվեց, հատկապես՝ սփյուռքահայերի կողմից։ Դրանով հող նախապատրաստեցին, որպեսզի իշխանական մեծամասնությունը նրան հեռացնի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

«Իմ քայլը» պատրաստվո՞ւմ է ԱԺ էթիկայի հանձնաժողով ձեւավորել՝ ԲՀԿ-ական պատգամավորների վարքը քննարկելու նպատակով, տեղեկություններ կան, որ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանին անվստահություն հայտնելու ծրագիր եք մշակել՝ հարցրինք իմքայլական Սարգիս Խանդանյանին։

- Քննարկումներ կան ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու գաղափարի շուրջ, մեր գործընկերներ Սիսակ Գաբրիելյանն ու Լիլիթ Մակունցն են նախաձեռնողները, եւ, հավանաբար, մոտ ապագայում նախագիծ կդրվի շրջանառության մեջ՝ առհասարակ էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որը կգործի մշտապես, ինչպես  նախկինում էր։ Ինչ վերաբերում է կոնկրետ պատգամավորների հետ կապված հանձնաժողով ստեղծելուն, նման որոշում դեռեւս չկա։ Իսկ Նաիրա Զոհրաբյանի՝ հանձնաժողովի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախաձեռնություն խմբակցությունում թեեւ չկա, բայց  մտահոգություններ միշտ կան։ Շատ հաճախ կրկնվում է Նաիրա Զոհրաբյանի այնպիսի վարքը, որը խիստ կասկածներ է տալիս նրա եւ մարդու իրավունքների պաշտպանության միջեւ կապ գտնելու շուրջ։ Այդ հարցն օրակարգում չկա, բայց քննարկման արժանի հարց է։

- Եթե քննարկման արժանի է, հնարավո՞ր է առաջիկայում օրակարգ մտնի։ Օրինակ, Դուք՝ որպես այդ հանձնաժողովի ներկայացուցիչ, առաջարկեք քննել այդ հարցը։

- Այս պահին ես անձամբ նման մտադրություն չունեմ, բայց մենք հետեւում ենք նրա վարքին, եւ ինչ-որ պահի գուցեեւ անհրաժեշտություն լինի։ Որովհետեւ սա շատ առանձնահատուկ հանձնաժողով է․ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգն է քննարկվում, եւ պետք է շատ զգայուն լինել այդ պաշտոնում աշխատելիս՝ թե՛ էթիկայի առումով, թե՛ մասնագիտական գիտելիքների առումով, թե՛ սեփական քաղաքական վարքը պետք է համապատասխանեցնել։
Այո, քաղաքական պայմանավորվածությամբ, հանձնաժողովը տրվել է ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, բայց հանձնաժողովի նախագահին ընտրում է ԱԺ-ն եւ ԱԺ-ն էլ փակ, գաղտնի քվեարկությամբ դադարեցնում է հանձնաժողովի նախագահի լիազորությունները։ Կրկնում եմ՝ այս մասին նախաձեռնություն չկա, բայց մտահոգություններ միշտ կան։

- Իսկ վերջին զարգացումները, մասնավորապես՝ համացանցում լայն տարածում գտած խոսակցությունները, նման մտահոգություններ առաջացնո՞ւմ են, թե՞ ոչ։

- Հենց ամենասկզբից էլ այդ մտահոգություններն առաջացել են։ Երբեմն-երբեմն Նաիրա Զոհրաբյանի  ֆեյսբուքյան էջը նայելիս ապշում ես, որ այս մարդը կարող է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվել, որովհետեւ ինքը, մարդկանց որ չի սիրում, կարող է հոգեկան հիվանդ անվանել կամ այլ որակումներ տալ, որն իսկապես զգայունության եւ էթիկայի խնդիր է եւ մտահոգություններ է առաջացնում։

- Բայց շատերն էլ ձեր ֆրակցիայի, առհասարակ՝ իշխանությանն ուղղված պրետենզիաներ ունեն ու բազմիցս խոսել են, որ «Իմ քայլում» բոլորը չէ, որ ադեկվատ են, համապատասխանում են իրենց պաշտոններին եւ այլն։ Ուստի չե՞ք կարծում, որ նման ճանապարհով գնալու պարագայում դա կդիտվի որպես իշխանության կողմից ընդդիմադիրներին լռեցնելու փորձ։

- Ես կրկնում եմ՝ սա շատ զգայուն վարք պահանջող հանձնաժողով է, եւ այդ հանձնաժողովում ե՛ւ քաղաքականապես, ե՛ւ էթիկապես պետք է լինել հավելյալ պատրաստված՝ այդ պարտավորությունը ստանձնելու համար։ Եթե որեւէ կերպ նման նախաձեռնություն ցուցաբերվի, որն այս պահին, իհարկե, իրատեսական չեմ համարում, դրա նպատակը լինելու է մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը եւ հանձնաժողովի օրակարգն ակտիվ եւ կառուցողական առաջ մղելը։

- Ի դեպ, Մակունցի եւ Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությունն այս պահին ինչո՞վ կբացատրեք, ինչո՞ւ հենց այս փուլում։

- Նման քննարկումներ մշտապես են եղել՝ թե՛ ԱԺ ներսում, թե՛ դրանից դուրս, տարբեր գործընկերների հետ, քաղաքական եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, քննարկվել է, որ գործող մեխանիզմն այնքան էլ լավը չէ, պարզապես աշխատանքի բաժանման արդյունքում իրենք են նախաձեռնել այս պահին, սակայն կարծում եմ, որ այն կներկայացվի խմբակցության անունից։