Այսօրվա աշակերտը դրա տասնապատիկը գիտի հեղափոխության մասին

Այսօրվա աշակերտը դրա տասնապատիկը գիտի հեղափոխության մասին

2018 թվականի ապրիլյան համաժողովրդական շարժումը դարձել է դպրոցական դասագրքերում դասավանդման թեմա։ Տեղեկատվությունը զետեղված է Համաշխարհային պատմության 9-րդ դասարանի դասագրքում, որը ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ մտել է դպրոցական պարտադիր ուսուցման առարկաների ցանկը։ Շարժման վերաբերյալ գրքում մասնավորապես գրված է․ «2018 թվականի ապրիլ-մայիսին «թավշյա» հեղափոխությունը հաղթեց Հայաստանի Հանրապետությունում։ Բողոքի եւ անհնազանդության հուժկու շարժումը տապալեց հին վարչակարգին, տեղի ունեցավ խաղաղ իշխանափոխություն։ Սկսվել է իրականում ազատ, արդար, ժողովրդավար եւ ինքնիշխան պետության կայացման գործընթացը»։ 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե խնդիր տեսնո՞ւմ է այս ձեւակերպումների մեջ, քանի որ, շատերի կարծիքով, արված են «անկիրթ ձեւակերպումներ, որով սերունդներ են կրթվելու»։ Եվ ընդհանրապես, ի՞նչ ձեւով եւ բովանդակությամբ պետք է դասավանդվեն դպրոցներում վերջին շրջանի պատմական դեպքերն ու իրադարձությունները։  
«Ընդհանուր, այդ պատմության հետ վիճելի մոտեցում կա․ մի տարբերակն այն է, որ վերջին տարիների իրադարձությունները չպետք է դասագրքերում լուսաբանվեն, պետք է որոշակի ժամանակ անցնի, որպեսզի հետո այսպիսի անհարմար բաներ չլինեն։ Օրինակ, եթե նայում ենք Հայոց պատմության դասագրքերի դինամիկան, 90-ականների գրքերում ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը ներկայացվում է շատ դրական գույներով, հետո իշխանությունը փոխվեց, դասագրքերում արդեն 90-ական թվականների մասին սկսեցին բացասական բաներ հայտնվել, բայց նոր իշխանությունների մասին՝ ոչինչ։ Հիմա արդեն 3-րդ անգամ պետք է սրբագրվի դասագիրքը, ու հիմա էլ արդեն նախկին իշխանությունները կներկայացվեն նեգատիվ»,- ասում է Խաչատրյանն ու ընդգծում, որ այդ մի քանի նախադասությամբ, վերջերս տեղի ունեցած իրադարձությունները դասագրքում ներառելու կարիքը չկա, որովհետեւ դրա կրթական արժեքը շատ թույլ է։

«Դա ի՞նչ է տալիս, մեծ հաշվով՝ այսօրվա երեխան հեռուստացույցից, իր ծնողներից շատ ավելին է լսել այդ մասին, քան գրված է։ Այսինքն, զուտ ակադեմիական արժեքի տեսանկյունից դա ոչինչ չի տալիս, դրա համար ես հակված եմ, որ մենք ավելի հին շրջան լուսաբանենք, որպեսզի կարողանանք համակողմանի ներկայացնել։ Իսկ այդ տեսակի թեմաները շատ ավելի հետաքրքիր կլինի քննարկել «Հասարակագիտություն» առարկայի կամ ավելի ոչ ֆորմալ կրթության մակարդակում։ Զուտ պատմության տեսանկյունից ինքը շատ արժեքավոր գիտելիք չէ, որովհետեւ պետք է որոշ ժամանակ անցնի, որոշակի դիստանցիա է պետք տեղի ունեցածի եւ ապրող մարդու միջեւ, որ այդ գիտելիքն իսկապես դառնա օբյեկտիվ եւ գիտական։ Այսօր դա ուղղակի ինֆորմացիա է, որով ավելորդ ծանրաբեռնում ենք»։

Բայցեւայնպես, ԿԳՄՍ նախարարությունը կարեւորել է այդ ինֆորմացիան եւ զետեղել դասագրքերում։ «Դա միշտ է այդպես եղել, միշտ էլ պատմության դասագրքերում փորձել են այդ վերջին շրջանը գրել, ներառել, հատկապես հիմա, որ իշխանափոխություն է եղել։ Բնականաբար, հիմա էլ փորձ է արվում նոր իշխանությունների մասին գրել, բայց էլի եմ ասում՝ դրա ակադեմիական արժեքը համարյա զրո է եւ բան չի տալիս աշակերտին։ Այսօրվա մեր աշակերտը դրա տասնապատիկը գիտի այդ հեղափոխության մասին։ Այսինքն, մարդը 2 դեպքում չի սովորում․ երբ իրեն շատ բարդ բան ես սովորեցնում, ու ինքը չի հասկանում, եւ երբ այնքան պրիմիտիվ բան ես ասում, որ ինքը դրանից տասնապատիկ ավելին գիտի։ Իսկ եթե մենք գրում ենք ապագա սերունդների համար, որոնք սրան ականատես չեն եղել, թող գա իրենց ժամանակը, նոր գրենք։ Հակառակ դեպքում ծիծաղելի է դառնում, որովհետեւ նույն իրադարձությունը մի տարի մի ձեւով է լուսաբանվում, հաջորդ տարի՝ ուրիշ ձեւով»։         

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանն էլ նկատում է, որ ակադեմիական շարադրանքի իմաստով, իհարկե, դեռ վաղ է գրել դասագրքերում․ «Խոսքն ակադեմիական գիտության մասին է, բայց դպրոցական դասագրքի համար, որպես զուտ ինֆորմացիա, այլ բան է, այնքանով, որ այսօրվա սերունդն ընդհանուր պատկերացում ունենա տեղի ունեցածի վերաբերյալ։ Այսինքն, որպես դասագրքային պոզիտիվ շարադրանք՝ գուցե ընդունելի է, բայց որպես ակադեմիական, խորը գիտական շարադրանք՝ դեռ վաղ է։ Դրա համար էլ մենք մեր ակադեմիական հատորներում Հայոց պատմության այս վերջին տասնամյակների պատմության համար դեռ ժամանակ ենք թողել, որպեսզի կրքերը հանդարտվեն, եւ այդ ամբողջը քաղաքագիտությունից, հրապարակախոսությունից վերածվի պատմության, եւ նոր արդեն ակադեմիական շարադրանքով ներկայացնենք»։