Ընդդեմ մամուլի ակումբի քրգործ է հարուցվել

Ընդդեմ մամուլի ակումբի քրգործ է հարուցվել

Քննչական կոմիտեի՝ Արագածոտնի մարզի Թալինի վարչությունում քրեական գործ է հարուցվել և մեղադրանք առաջադրվել «Արցախ» մամուլի ակումբի նախագահ Արման Սարգսյանին։ Մեզ հետ զրույցում Սարգսյանն ասաց, որ Քննչական կոմիտեն իրեն մեղադրում է շորթման մեջ: Նա նաև նշեց, որ իր դեմ ցուցմունք են տվել 5 համայնքապետեր․

«Մեղադրում են, որ համայնքապետերին մամուլի ասուլիսի եմ ուզում հրավիրել, համայնքապետերը բողոք են ներկայացնում քննչական մարմիններին, չգիտեմ՝ իրար հետ պայմանավորվածություն ունեն։ Մեղադրանք են առաջադրել ՔՕ 182-րդ հոդվածի 3-րդ մասով՝ շորթում, այսինքն` մեղադրում են գումար վերցնելու մեջ, բայց նման բան չկա»,- ասաց Սարգսյանը։

Հարցրինք՝ ինչի՞ հետ է ինքը կապում այդ քրեական գործը, ինչո՞ւ համայնքապետերը որոշեցին իր դեմ հանցագործության մասին հաղորդում տալ:

«Մամուլի ասուլիսի հրավեր եմ արել` համայնքի ծրագրերը, իրադարձությունները  լուսաբանելու համար, երևի չեն ուզում լուսաբանել, երևի մի խնդիր կա, չէ՞։ Բողոք են ներկայացրել Արագածոտնի մարզի Դաշտադեմ, Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքների համայնքապետերը` ընդհանուր 5 համայնքապետ, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետը՝ Հենրիկ Նավասարդյանը»։

Սարգսյանին հարցրինք՝ գումար պահանջե՞լ է, կամ գուցե ասուլիսնե՞րն են վճարովի:

«Մեր ասուլիսները վճարովի չեն, մեր եկամուտը, գիտեք, գոյանում է գովազդներից»։

Զրուցեցինք Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանի հետ։ Նա նախ չմտաբերեց, թե ինչի մասին է խոսքը, ապա հիշեց, որ մոտ մեկ տարի առաջ իր և Արման Սարգսյանի միջև միջադեպ է տեղի ունեցել, և իրեն գործով որպես վկա են ներգրավել․

«Քննություն է ընթանում, քննիչը մեզ առերես հարցաքննության է ենթարկել, ուղղակի անցած տարի միջադեպ է եղել, որ ինքն ասում էր՝ գամ գյուղ, հոդված հրապարակեմ գյուղի մասին։ Պայմանավորվեցինք, որ պիտի հանդիպեինք,  հետո նշված ժամից ինքը ժամ, ժամուկես ուշ եկավ, ես էլ շտապում էի, գնացի։ Հետո զանգեց, մեր մեջ տհաճ խոսակցություն եղավ, որ եթե դու չես գալիս, չես մնում, ես էլ ուրիշ հոդված կգրեմ քո մասին։ Ես էլ ասացի, որ ինչ ասում է, ես էլ ձայնագրում եմ, եթե դու էդ հոդվածը գրես, ես էլ, ախպեր ջան, սա կտանեմ էնտեղ, որտեղ որ պետք է։ Ինքն ասում էր, որ եթե ինձ իմ աշխատանքի դիմաց գումար չտաս, ես քո ու քո համայնքի մասին վատ հոդված կգրեմ։ Եվ այդպես, մենք իրար չենք հանդիպել, էդ քննությունն  ընթանում է ուրիշ գործով, իր հեռախոսը վերծանել էին, ինձ էլ հրավիրեցին որպես վկա։ Ես էլ 2 անգամ գնացի, նոր էդտեղ այդ տղային տեսել եմ։ Ես իրեն գումար չեմ տվել, ես իրեն չեմ տեսել»,- ասաց Վարդանյանը։ 

Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ գործն արդեն ուղարկվել է դատարան, Սարգսյանի մեղադրական եզրակացությունում նշված է․

«Արման Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զանգահարել է Դաշտադեմ, Սարդարապատ, Գայ, Դարբնիկ համայնքների ղեկավարներին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին, ներկայացել որպես լրատվական կայքի լրագրող և շորթմամբ գումար հափշտակելու դիտավորությամբ նրանցից պահանջել է գումար՝ վերջիններիս վերաբերյալ կայքում արատավորող տեղեկատվություններ չհրապարակելու համար»։

Մենք կապվեցինք նաև Երևանի տրանսպորտի վարչության նախկին պետ  Հենրիկ Նավասարդյանի հետ, սակայն նա ասաց, որ ինքը որևէ գործով ներգրավված չէ, դեռ ավելին՝ «Արցախ» մամուլի ակումբի նախագահ Արման Սարգսյանին ընդհանրապես չի ճանաչում և առաջին անգամ է լսում նրա մասին։