Նոր ֆեյքաֆաբրիկա Գյումրիո՞ւմ

Նոր ֆեյքաֆաբրիկա Գյումրիո՞ւմ

Գյումրիում բուռն քննարկումների առիթ է դարձել նորակառույց մի շինություն։ Երկհարկանի շինության արտաքին տեսքն առանձնապես աչք չի շոյում, ճարտարապետության  տեսանկյունից գաղտնիք չպարունակող համեստ կառույց է ։

Միակ տարօրինակը մի գիշերվա ընթացքում շինության առաջին հարկի պատուհանները պաստառով քողարկելն էր, որպեսզի, ըստ գյումրեցիների, ներսում տեղադրված համակարգիչները դրսից տեսանելի չլինեն ։ Մեզ հասած տեղեկություններով՝ շինությունը  ծառայելու է որպես ֆեյք ֆաբրիկաների աշխատատեղ, որի ետևում կանգնած է «Իմ Քայլը » խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ։

«Ես լսել եմ, չիդեմ՝ ինչքանով է ճիշտ։ Բայց ըսեցին՝ 80 հզր դրամ աշխատավարձ կուդան, կըսեն՝ բարդ աշխատանք չէ, համակարգիչ գիդենաս ու վերջ․․․․Չեմ կըրնա ըսե՝ դիմողներ եղել են, թե չէ: Սարուխանյան Կարենի տան մոտ է, նայեք, սարքելուց էլ կըսեին, որ իրա օբյեկտն է։ Մեկ ըսեցին՝ տուն կըսարքե, մեկ՝ խանութ, տիա հըմի ըդպես կըսեն»-,մեզ հետ զրույցում ասաց տարածքի բնակիչներից մեկը ։

Նշենք, որ կառույցն իսկապես գտնվում է պատգամավորի տան հարևանությամբ։ Հետաքրքիր է, որ այս լարված օրերին, երբ իշխանությունը զգուշավորություն է ցուցաբերել  ու սահմանափակել  երևանյան ֆեյք ֆաբրիկաների գործունեությունը, ինչ սկզբունքով է առաջնորդվել  իշխանական պատգամվորը՝ ցանկանալով մարզում ֆեյք ֆաբրիկա հիմնել։ Լուրի իսկությունը «Հրապարակը» փորձեց ճշտել անձամբ պատգամավորից։

«Դա ծիծաղելի է, այո՛, շինությունը մեր տան տարածքում է, թաղի ծանոթ տղաներից է կառուցել՝ իր բիզնես նպատակների համար, ես նույնիսկ ուրախ եմ, որ Գյումրիում ներդրում է արվում, գործունեություն են ծավալում։ Մի կառույց էլ կա՝ էլի մեր տան հարևանությամբ, էլի իմ անվան հետ է կապվել, ականջիս հասել է։ Ես ինչ ունեմ հայտագրված է»,-ասաց Կարեն Սարուխանյանը։

Մեր ճշգրտող հարցին ի պատասխան, թե տեղեկացվա՞ծ է՝ ինչ նպատակով է կառուցվել շինությունը, ավելացրեց․ «Որքան գիտեմ՝ երկրորդ հարկը բնակարան է լինելու, իսկ առաջին հարկը օֆիսային տարածք, չգիտեմ՝ վարձակալությամբ է տրվելու, թե ոնց» ։

Շրջանառվող խոսակցությունները, թե այդ օֆիսում իր անունից 80 հզր-ով աշխատանքի տեղավորվելու առաջարկներ են արվում, պատգամավորը կրկին հերքեց՝ ասելով․ «Լկտի սուտ է»։