ԿԳՄՍՆ-ն վերջին զանգի միջոցառումը կգնահատի 5 միավորանոց սանդղակով

Մոտ մեկ ամիս առաջ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական իջեցրեց հանրակրթական դպրոցներին եւ հանձնարարեց՝ ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումներն անցկացնել «մշակութային կրթության տարվա» շրջանակում:
Այս շրջաբերականը մեծ աղմուկ բարձրացրեց եւ թեժ քննարկումներ առաջացրեց` պայմանավորված նաեւ այն հանգամանքով, որ վերջին զանգի միջոցառումների կազմակերպման շրջանակում ԿԳՄՍՆ-ն հրահանգեց բացառել դրամահավաքությունը, այդ թվում՝ նաեւ ծնողների նախաձեռնությամբ կազմակերպված՝ ուղղված սցենարին, լուսանկարահանմանն ու տեսանկարահանմանը, դպրոցների եւ դասարանների ձեւավորմանը, հագուստներին, ավարտական երեկոյին եւ նվերներին: Այս շրջաբերականից դժգոհ մանկավարժների, ծնողների, աշակերտների հիմնական հակափաստարկն ու առարկությունն այն էր, որ ամեն ինչին «դրամահավաք» պիտակը պետք չէ կպցնել, քանի որ տեսանկարահանումից մինչեւ «վինետկա»՝ ծախս է ենթադրում, որը կա՛մ ծնողները պետք է անեն, կա՛մ դպրոցը:
Ինչ վերաբերում է վերջին զանգի բովանդակային մասին, ապա մինչեւ վերջերս պարզ չէր, թե ինչ պահանջներ է դնելու ԿԳՄՍՆ-ն, որպեսզի, համաձայն այդ չափանիշներին, սովորողներն ու ուսուցիչները նախապես պատրաստվեն ավարտական միջոցառմանը:
Քանի որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ, այդ առիթով ԿԳՄՍՆ-ն արդեն հաստատել ու հրապարակել է «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթի անցկացման ուղեցույցը, համաձայն որի՝ միջոցառումները կարող են ներառել ազգային եւ hամամարդկային մշակույթը շեշտող տարրեր, օրինակ` ազգային եւ այլ պարերի կատարում: Հայկական եւ համաշխարհային երգերի կատարում աշակերտների կողմից (մարզերում՝ տվյալ տարածաշրջանը կամ համայնքը ներկայացնող երգեր, խաղիկներ եւ այլն):
Հայ եւ համաշխարհային գրողների ստեղծագործությունների կատարում (կարելի է անդրադառնալ նաեւ տարվա հոբելյաններին, օրինակ՝ այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը):
Ինչպես նաեւ՝ աշակերտները կարող են բեմադրել փոքրիկ պատմական կամ հումորային ներկայացում, որը կապ կունենա դպրոցական կյանքի եւ ազգային մշակութային ժառանգության հետ: Թեմաները կարող են ընտրվել նաեւ դպրոցների հայեցողությամբ՝ ներառելով մշակույթի այլ ոլորտներ, որոնք ներկայացված չեն ուղեցույցում:
Ի դեպ, «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների կազմակերպումը խրախուսելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կանցկացնի նաեւ մրցույթ: Կձեւավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգեւատրվեն: Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար դպրոցը վերջին զանգից հետո պետք է ներկայացնի հայտ:
Ժյուրին մինչեւ հունիսի 8-ը կուսումնասիրի ներկայացված հայտերը եւ կգնահատի այն՝ նախարարության կողմից մշակված հինգ միավորանոց սանդղակով եւ հետեւյալ չափանիշներով՝ ծրագրի բովանդակություն, լեզվական բաղադրիչ, երաժշտական բաղադրիչ, միջոցառման ստեղծագործականություն եւ նորարարություն:
Ժյուրիի գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում հաղթող կճանաչվի երկու դպրոց՝ հիմնական, միջնակարգ կամ ավագ: Հաջորդիվ, մինչեւ հունիսի 11-ը հաղթող ուսումնական հաստատությունները կտեղեկացվեն արդյունքների մասին:
Կարծիքներ