20 միլիոն դրամից ավելի գումար քամուն է տրվել
«Հրապարակի» զրուցակիցը ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն է:
- Այսօր Կառավարություն և Արդարադատության նախարարություն դիմումներ հանձնեցիք: Այն կոչել եք` հանրագիր Նիկոլ Փաշինյանի սխալների մասին: Ինչի՞ մասին է այդ հանրագիրը և ի՞նչ ակնկալինքներով հանձնեցիք վերոնշյալ կառույցներին:
- Այն բազմաթիվ գրանցված քաղաքական ուժերի համատեղ որոշում է: Միայն ԱԻՄ-ը չէ, որ այս գաղափարի իրագործմանը ձեռնամուխ է եղել: Ես համակարգողն եմ: Խոսքը վերաբերում է լրջագույն օրինախախտման` քրեական պատասխանատվություն առաջացնող: Երբ հարցն իշխանություններին է վերաբերում, մեղմացնելու փորձեր են արվում, սակայն ինձ համար շատ կարևոր է, որ պետության գոյությունը հաստատվի տվյալ պետության օրենքների նկատմամբ պատասխանատվություն ունենալով:
- Ի՞նչը հիմք հանդիսացավ դրա համար, խոսքը ո՞ր իրավախախտման մասին է: Իրավախախտումների պակաս «Նոր Հայաստանում» չկա:
- Շատ անգամ խոսել ենք, որ 2020 թվականի փետրվարի 12-ին վարչապետի կողմից ընդունված իրավական ակտը սահմանում է որոշակի ժամկետներ (խոսքը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին է, որը պետք է նոր Սահմանադրության նախագիծ պատրաստեր` Հ.Գ.): Հասարակությունը լավատեղյակ չէ այդ ամենին, անգամ իրավաբանները շատ հաճախ չեն հասկանում, միայն նեղ մասնագիտացում ունեցողները: Երբ իրավական ակտ է ընդունվում, դա, որպես կանոն, կապված է լինում որոշակի գործառույթների հետ: Դրանք կարող են լինել տևական, կամ անժամկետ: Որպես կանոն դրանք լինում են` որոշակի ժամկետներով սահմանված: Այդ դեպքում լինում են նաև պետական հատկացումներ: Այսինքն` ժամկետային չարաշահումներն առաջ են բերում նաև նյութական մեծ վնասեր պետությանը` հարկատուներին:
- Վերջին դատաիրավական պրոցեսների մասին ի՞նչ կասեք: Կալանքը որպես խափանման միջոց ընտրելն օրվա իշխանության ձեռքին մահակ է դարձել: Ընտրովի մեկին կալանավորում են, մյուսին` ոչ:
- Առհասարակ պետք է լինել անաչառ: Այստեղ կա դատավորի վերաբերմունքը: Այսինքն` պետք է դատավորը լինի օբյեկտիվ, չլինի ենթակայական մոտեցումներից կախված: Պետք է փաստել, որ դատավորին կարող են որոշ արարքներ թվալ վտանգավոր և ինքը ավելի խիստ խափանման միջոցներ ընտրի: Ես ինքս դրան դեմ եմ և բազում անգամներ արտահայտվել եմ այդ մասին: Իմ կողմից անընդունելի համարվող գործիչների կալանավորման դեպքերում մշտապես խոսել եմ այդ մասին: Նման դեպքեր եղել են և լինելու են, քանի դեռ վճիռը կախված է դատավորի անհատական մոտեցումներից: Ինչ վերաբերում է իրավական ակտերին, որի մասին ես հաճախ եմ խոսում, ապա այս իշխանությունն անցել է բոլոր սահմաններն ու կարմիր գծերը: Այդ պատճառով մենք մեր դիմումը հանձնեցինք Արդարադատության նախարարին` հատուկ շեշտադրումներով:
- Կարծո՞ւմ եք` օրվա իշխանություններն ունե՞ն սեփական սխալներն ընդունելու խոհեմություն:
- Անկեղծ որ լինենք` այս իշխանությունը փակուղային իրավիճակում է հայտնվել: Նախկինում իմ կողմից արված հայտարարությունները չընկալեցին և ես այսօր արդեն խոսում եմ կատարված օրինախախտումների մասին: Իշխանությունները ոչ թե այսօր կարող են իրենց սխալներն ուղղել, այլ պարզապես վարչապետը կարող հայտարարել, որ խախտել է ՀՀ օրենսդրությունը, ներողություն խնդրի ՀՀ քաղաքացիներից և վայր դնի իր լիազորությունները: Այդ դեպքում իր հանդեպ ներողամտություն կցուցաբերվի:
- Ի՞նչ պահանջ եք հղել այսօր կոնկրետ:
- Բավականին նրբորեն ակնարկել ենք, որ օրենքներ են խախտել: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ամեն ամիս որպես աշխատավարձ ստանում է 10 հազար դոլար, 10 հազարից էլ մի քիչ շատ նույնիսկ: Եթե այս հանձնաժողովի ժամկետն ավարտվել է` գումարի հատկացում չպետք է լինի: Իշխանությունն ասում է` չի ավարտվել ժամկետը, սակայն եթե նորմատիվ ակտում ասվում է, որ 2022-ի դեկտեմբերի 28-ին պետք է հայեցակարգ ներկայացվի կառավարությանը, ստացվում է, որ այս հանձնաժողովն այլևս անելու բան չունի
- Իշխանափոխության հա՞րց էլ եք ակնարկել տեքստում:
- Այո, իշխանափոխության հարց` քաղաքացուն իշխանության բերելու իմաստով: Մենք` 12 կուսակցություններից հայեցակարգ ենք պատրաստել, այն, ինչ իշխանությունները չկարողացան անել 3 տարում, մենք արեցինք` 3 շաբաթում: Մենք ավելի շատ խոսելու իրավունք ունենք: 20 միլիոն դրամից ավելի գումար քամուն է տրվել:
- Ո՞ր քաղաքական ուժերը, կուսակցություններն են միացել ձեզ:
- Դրա մասին չեմ ցանականում հիմա խոսել, որպեսզի մնացածի ճանապարհն այժմ չդժվարանա: Մենք մտածում ենք, երբ կուսակցությունների թիվը 20-ը կանցնի, նոր կհայտարարենք, թե որ կուսակցությունների մասին է խոսքը: Մենք բոլորին դիմել ենք, անգամ ՔՊ-ին, օրինախախտում է տեղի ունեցել, իսկ դա վերաբերում է բոլորիս:
Կարծիքներ