Շտապօգնության տնօրենը՝ իրենց մեքենաներով ոստիկաններ տեղափոխելու, ուշացումների մասին

Շտապօգնության տնօրենը՝ իրենց մեքենաներով ոստիկաններ տեղափոխելու, ուշացումների մասին

Շտապօգնության ծառայությունը այս օրերին շատ վատ է աշխատում․ այսպիսի բովանդակությամբ մի քանի օր է՝ ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից։ Մեզ զանգահարած մի քաղաքացի այսօր պատմում էր, որ զանգահարել է շտապ օգնություն, անհապաղ կանչ գրանցել, սակայն  միայն երեք ժամ հետո են նրանք ժամանել։ Այս ամենի ֆոնին էլ համեմատություն էր անում, որ երեկ լուրեր էին տարածվում, որ շապ օգնության մեքենաները ծառայում են ոստիկաններին։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները երեկ սոցցանցերում տարածում էին հայտարարություններ, թե երեկ փողոցները փակելու ակցիայի ժամանակ շտապ օգնության մեքենաներով ոստիկաններ են տեղափոխվել։

«Շտապօգնություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով ուշացումներին՝ նշեց․ «Շտապօգնությունն այնքան լարված է աշխատում, որ տարանջատում է։ Կարա ուշանա, որովհետեւ գիտեք՝ կովիդով դեպքերը ինչ քանակի են, մենք ոչ միայն քաղաքում ենք աշխատում, այլ նաեւ կովիդով հիվանդներին տեղափոխում ենք մարզային հիվանդանոցներ։ Լինում են դեպքեր, երբ գնում ենք, տանը երկար ենք մնում, եթե մենք ուշացրել ենք լուրջ դեպք, դա այլ բան է, բայց եթե յուրաքանչյուրին քմահաճույքից ելնելով․․․․ այդպես էլ չի լինում»։

Ինչ վերաբերում է ոստիկաններ տեղափոխելուն՝ ասաց, որ դա անհիմն մեղադրանք է․ «Նման դեպք ընդհանրապես չի եղել։ Շտապօգնության ծառայությունը ժամանակ չունի նմանատիպ գործողություն իրականացնելու, ինչի՞ պիտի մենք ոստիկան տեղափոխենք»։