Մի կողմ դրեք ձեր ծանր մանկության կոմպլեքսները՝ համազգային կոնսոլիդացիայի ժամանակն է

Մի կողմ դրեք ձեր ծանր մանկության կոմպլեքսները՝ համազգային կոնսոլիդացիայի ժամանակն է

Հերթական անհասկանալի որոշումը, ապա մի փոքր անց դրա չեղարկումը։ Հերթական անհասկանալի օրինագիծը, որը մի քիչ քննադատելուց հետո, չանցավ երկրորդ ընթերցմամբ։ Չգիտես՝ փոշմանեցի՞ն, թե՞ նահանջեցին քննադատության առաջ։ Հերթական թվերը՝ կորոնավիրուսով նոր վարակվածների, որոնք մեր երկրի բնակչության համեմատ շատ շատ են եւ ապագայում աճի տեսանկյունից անչափ տագնապեցնող։ Եւ այս ամենին զուգահեռ անորոշություն, անելիքի չիմացություն եւ ամենակարեւորը՝ իշխանության ձեռնհասության եւ գրագիտության հետ կապված օրեցօր խորացող կասկածներ։

Մինչդեռ մի քանի բան էր հարկավոր անել։

Նախ, հարկավոր էր ուսումնասիրել այլ երկրների փորձն ու պարզապես ընդօրինակել նրանց։ Ինչպե՞ս է հաջողվում, ասենք, Գերմանիայի կամ Մեծ Բրիտանիայի նման բազմամիլիոն բնակչություն ունեցող երկրների կառավարություններին համեմատաբար արդյունավետ աշխատել եւ թույլ չտալ վարակի այնպիսի կատաստրոֆիկ աճ, ինչպիսին առկա է Իտալիայում եւ Իսպանիայում։ Հաստատ՝ ԱԳՆ-ում, ԱԺ-ում մի քանի հարյուր պարապ մարդ կա նստած, հանձնարարեք թող մշակումներ անեն, նամակագրություն հաստատեն, ստանան ամբողջական փաթեթը՝ տարբեր երկրներում ձեռնարկվող քայլերի, միջոցառումների։ 

Երկրորդը, հարկավոր է մի կողմ դնել բոլոր ամբիցիաները եւ հրավիրել, խորհրդակցել բոլոր մասնագետների հետ։ Հրավիրել նախկին վարչապետներին, առողջապահության նախկին նախարարներին, էկոնոմիկայի եւ սոցիալական հարցերի նախարարներին։ Լսել նրանց առաջարկությունները, ստեղծել մեծ աշխատանքային խումբ, շտաբ, որտեղ օպերատիվ կերպով քննարկման դնել բոլոր հարցերը։ Անգամ առցանց կարելի է տեսակոնֆերանսներ կազմակերպել այդ անձանց հետ։ Այդ բոլոր մարդիկ, անկախ նրանից սեւ են, թե սպիտակ, մեծ փորձ ու գիտելիքներ են կուտակել եւ այս օրհասական պահերին այդ գիտելիքները, համոզված եմ, պատրաստ են ծառայեցնել իրենց հայրենիքին։ 

Երրորդ, ոչ թե բանակից փախած եւ հեղափոխությամբ հանկարծահաս մեծ հաջողություններ արձանագրածների լայվեր ու ասուլիսներ կազմակերպեք, որոնց տեսնելիս ու լսելիս մարդիկ ավելի են հուսահատվում, այլ հասուն, տարեց, կյանքի ճանապարհ անցած մտավորականների, գիտնականների, դասախոսների, բժիշկներին ամբիոն տվեք։ Նրանց խոսքը հասցրեք մարդկանց։ Հիմա հոգեբանական օգնությունն ու հույսի վերականգնումն ավելի կարեւոր է, քան անգամ բժշկական օգնությունը։ Համագործակցեք բոլոր հեռուստաընկերությունների հետ, լիարժեք օգտագործեք Հանրային հեռուստառադիոեթերը։ Մարդիկ հիմա տանն են եւ բոլորը կարդում են, դիտում են, լսում են։ Պարտադիր չէ անթրաշ հեղափոխականներիդ խոսքը լսեն ողջ օրը։ Իսկական համազգային կոնսոլիդացիա ապահովելու ժամանակն է այսօր։ Մի կողմ դրեք վրեժի, աբիժնիկության, ձեր ծանր մանկության կոմպլեքսները։ Այսօր դրա ժամանակը չէ եւ հենց նման փորձությունների շրջանում է որոշվում մարդու, պաշտոնյայի, իշխանության, քաղաքական ուժի կենսունակությունը։