Ծայրահեղությունից՝ ծայրահեղություն

Ծայրահեղությունից՝ ծայրահեղություն

Եզակի ժողովուրդ ենք՝ մեր լավ ու վատ կողմերով։ Կարող ենք մի օրում մեկին հերոսացնել, կուռք սարքել, պատվանդանին դնել ու պաշտել, բայց հաջորդ վայրկյանին այդ կուռքին՝ առանց վարանելու, գահընկեց անել, էշաֆոթ բարձրացնել ու անարգանքի սյունին գամել։ Իհարկե, մեզ, ինչպես բոլոր հասարակություններին, հարկավոր են հերոսներ ու հիացմունքի առարկաներ։ Շատ կարեւոր է, որ հասարակության մեջ բարձր գաղափարներ կրող հեղինակություններ լինեն, որոնց խոսքը, կարծիքը հասարակությունն արժեւորի ու գնա նրանց հետեւից։ Նման հեղինակությունները, առաջնորդներն են մթնոլորտ ձեւավորում, մշակույթ ստեղծում, մտքի ու արժեքների հեղափոխություններ իրականացնում։

Բայց երբ այդ հեղինակությունը վերածվում է կուռքի, իսկ հանրային պաշտամունքի առարկան մեկ ժամում հողին է հավասարեցվում, դրա մեջ ոչ մի լավ բան չկա։ Դա նշանակում է, որ մենք անկայուն եւ անհավասարակշիռ հանրություն ենք, եւ մեր զգացմունքներն ու հայացքներն էլ են անկայուն ու արագ փոփոխվող։ Ստացվում է, որ մենք ամեն օր Ասվածաշնչի դեմ ենք գնում՝ հաճախ անարժան մարդկանց կուռք սարքելով, իսկ արժանավորներին փոքրիկ վրիպումի, նրանց խոսքն ու գործը սխալ ընկալելու պատճառով արագ գահընկեց ենք անում, եւ հասարակությունը զրկվում է իր հոգեւոր հենարանից։ Մինչդեռ կիրթ հասարակությունները հասկանում են, որ ոչ մեկին չի կարելի կուռք սարքել։ Հարգել, սիրել, մեծարել ու հերոսացնել՝ այո, կռապաշտությանը տուրք տալ՝ ոչ։ Ինչպես չի կարելի հեղինակություններ չճանաչել կամ արագ ոտնատակ տալ տարիներով ձեւավորված հեղինակություններին։ Ինչպես չի կարելի չճանաչածդ մարդկանց հայհոյել ու նսեմացնել, մարդու յուրաքանչյուր փոքրիկ վրիպումը դարձնել աններելի հանցանք ու ազգովի հարձակվել նրա վրա՝ խոշտանգել ու վարկաբեկել։