ԱՄՆ-ում աղջիկը մահացել է «համբույրի հիվանդությունից»

ԱՄՆ-ում աղջիկը մահացել է «համբույրի հիվանդությունից»

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տասնյոթամյա Արիանա Ռեյ Դելֆսը մահացել է ծանր վարակիչ մոնոնուկլեոզից, որը առաջացել է Էպշտեյն-Բարրի հարուցիչից։ Այս վարակը փոխանցվում է մարդկային թքի միջոցով, եւ այն հաճախ անվանում են «համբույրի հիվանդություն»։ Այս մասին հայտնում է «Российская газета»-ն։ Մահացած աղջկա ծնողները լրատվամիջոցներին պատմել են, որ նախ Արիանան սկսել է գանգատվել գլխացավից եւ մշտական հոգնածությունից։ Ապա արդեն ի հայտ են եկել գրիպի ախտանշանները, որոնք երեք շաբաթ չեն անցել։

Այդ ընթացքում բժիշկները այդպես էլ չեն հասկացել, թե իրականում ինչ է կատարվում աղջկա հետ եւ չեն կարողացել ճիշտ ախտորոշում կատարել։ Երբ սկսվել են փսխումներ, աղջկան հոսպիտալացրել են։ Նախ ախտորոշել են ինսուլտ, որը բերել է գլխուղեղի անդառնալի վնասվածքների։ Հիվանդությունը զարգացել է շատ արագ եւ երեք շաբաթ անց աղջիկը մահացել է։ Սակայն բժիշկները չեն շտապում եզրակացություններ անել, քանի որ նախ մոնոնուլկեոզը մահացու ելք հազվադեպ է գրանցում եւ հնարավոր է, որ Արիանայի մոտ այլ հիվանդություն էլ եղած լինի։