Չարլզ Բուքովսկի. Սիրո մասին

Չարլզ Բուքովսկի. Սիրո մասին

«Ամերիկյան գրականության կեղտոտ ծեր տղամարդը։ Չարլզ Բուքովսկու կենսագրությունը» գրքում կա մի հատված, որտեղ ասվում է, թե «Ջեյնի մահն առաջին մեծ կորուստն էր նրա կյանքում, որին հաջորդող տարին անցկացրեց խորը, սուիցիդալ դեպրեսիայում»։ Մեկ այլ գրքում, որի վերնագիրն այժմ չեմ մտաբերում, ցավոք, Չարլզի ընկերներից մեկը պատմում էր, որ ոչ ոք չէր էլ հավատում, թե նա կկարողանա շարունակել ապրել Ջեյնից հետո։ Այլ կերպ ասած՝ la femme fatale, տիկնայք եւ պարոնայք։ «Սիրո մասին» կոչվող ժողովածուի այս բանաստեղծություններն առաջին անգամ են թարգմանվում հայերեն։ Բանաստեղծություններ սիրո մասին, որը երեւի թե բավարար չէր։


Ջեյնի համար․ զգացածս ողջ սիրով, որը բավարար չէր

ես վերցրի շրջազգեստը, 
ես վերցրի խավարում պսպղացող ուլունքները,
էս բանը, որ մի ժամանակ շարժվում էր
մարմնի շուրջբոլորը,
եւ աստծուն ստախոս անվանեցի,
ասեցի՝ ամեն ինչ, որ դրա նման է
շարժվում 
կամ որ գիտի անունս
երբեք չի մեռնի
մահվան սովորական ճշտությամբ,
ու ես վերցրի
նրա սիրուն
զգեստը,
ողջ գրավչությունը կորցրած,
եւ ես խոսեցի
բոլոր աստվածների՝
հրեական աստվածների, քրիստոնեական աստվածների հետ,
փայլփլող իրերի, 
կուռքերի, հաբերի, հացի,
ուրվականների, վտանգների,
իմացյալ անձնվիրման փշուրների հետ,
առնետները արդեն խելքները գցել են երկու մասանի սոուսում 
առանց որեւէ շանսի,
կոլիբրիի չափ գիտելիքի, կոլիբրիի չափ շանսի,
ես հենված եմ սրա վրա,
ես հենված եմ էս ամենի վրա
ու գիտեմ․
նրա զգեստը ձեռքումս է,
բայց
էս ամենը
էլ հետ չի բերի նրան ինձ մոտ։ 

 

Ի պատասխան փոստում գտածս գրառման

«Սերը նման է զանգի,
Ասա ինձ,
Հեչ լսե՞լ ես նրա ձայնի մեջ»

սերը նման չէ զանգի,
ինչ խոսք, պոետիկ է,
բայց նրա ձայնում ես լսել եմ մի բան,
որ թշվառությանս ծայրակետին,
որ պատուհանին նստած,
դեղին ատամները բաց արած մահվան գլխում
ինձ մի վիճակի էր հասցնում, որը հազիվ 
ծանոթ էր․
«տես, ծաղիկ։ ծաղիկ եմ բերել»
նրա ձայնում ես լսում էի մի բան,
որը կապ չուներ քրտնած, խաբված
ու արնաքամ եղած բանակների հետ,
որը գործ չուներ գործարանի անբան բոսսի հետ,
ես չեմ կպչում բառերիդ․
դու քո զանգն ունես
ես էլ ու երեւի թե էս էլ ունես․
«ես կոշիկներ եմ բերել։ կոշիկ։ կոշիկ։ 
էստեղ է կոշիկը»։
սա ավելին է, քան սովորելը՝ ինչ է կոշիկը
սա ավելին է, քան իմանալը՝ ինչ եմ ես կամ նա ինչ է,
սա ուրիշ մի բան է,
որը երեւի մոռացել ենք մենք՝ էսքան երկար ապրելուց հետո


որ մի երեխա պիտի գա իմ ցավի ճահճուտներից
բերելով ծաղիկներ, իսկապես բերելով ծաղիկներ,
հիսուս, սա գրեթե ավելին է,
քան ինձ թույլատրված է տեսնել ու զգալ ու
ծիծաղել,
ներսումս ապրող էս գիտակից հրեշը խոժոռվում է,
բայց շուտով հասկանում է, որ հետեւում թաքնվելու 
ջանքերը չափից դուրս շատ են,
ու էս փոքր արարածը, որ ինձ լավ գիտի
սողում է իմ միջով ու վրայով
ղազարոս ղազարոս
ու ես չեմ ամաչում
մարտիկը կոտրվել է տուրը տված ժամերի ու տարիների վերջում,
սերը նման է զանգի,
սերը նման է մանուշակագույն լեռան,
սերը նման է մի բաժակ քացախի,
սերը բոլոր գերեզմաններն է,
սերը գնացքի պատուհան է
նա գիտի՛ իմ անունը։

 

Սիրային բանաստեղծություն

կես ժամից ոչ մի տեղ
փլված 
աշտարակում

թող որդերը 
հաղթեն

խավար
խավարի մեջ

վերջին թղթախաղը
տանուլ է տրված

ձգվում եմ
դեպի
ոսկորը

լռություն։
 

 

Ի պատասխան մի տեսակ քննադատների

մի լեդի երեւի թե կհանդիպի մի տղամարդու
նրա գրելաոճի արդյունքում,
եւ շուտով լեդին գուցե գրելու մեկ այլ
ձեւ առաջարկի։

բայց եթե տղամարդը սիրում է լեդիին,
նա կշարունակի գրել իր պես,
եւ եթե տղամարդը սիրում է բանաստեղծությունը,
կշարունակի գրել ինչպես որ պետք է գրի։

եւ եթե տղամարդը սիրում է լեդիին ու բանաստեղծությունը
ուրեմն երկու անգամ ավելի լավ գիտի՝ սերն ինչ է,
քան ուրիշ այլ տղամարդ
ես գիտեմ՝ ինչ է սերը։
այս բանաստեղծությունը լեդիին դա ասելու համար է։ 

 

Երկու մեխակ

իմ սերն ինձ համար երկու մեխակ բերեց
իմ սերն ինձ համար կարմիր բերեց
իմ սերն իրեն բերեց ինձ համար
իմ սերն ասեց չանհանգստանամ
իմ սերն ասեց չմեռնեմ

իմ սերը սեղանի վրայի երկու մեխակներն է
շյորնբերգ լսելու պահին
երբ իրիկունը մթնում, փոխվում է գիշերվա

իմ սերը ջահել է
մեխակները վառվում են խավարում
նա նուշի համ է թողնում գնալուց հետո,
նրա մարմինը նշահամ է

երկու մեխակները կարմրին են տալիս
մինչ նա նստել է հեռու՝
մտածելով ճենապակե շների մասին,
որ զրնգում են մատների արանքում

իմ սերը տասը հազար մեխակների ծովն է
իմ սերը հանգիստ մի պահի ճյուղին թառած
կոլիբրին է,
նման էս կատվին՝
պահ մտնող։ 

 

Թարգմանությունն անգլերենից` Անահիտ ՂԱԶԱԽԵՑՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ