Եթե հյուրերը չեն գալիս հեռուստաընկերություն, ո՞նց են բերելու, ծեծելո՞վ

Եթե հյուրերը չեն գալիս հեռուստաընկերություն, ո՞նց են բերելու, ծեծելո՞վ

Թեպետ Մխիթար Հայրապետյանն իր պատին «կախելով» «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքին փոխարինելու եկած «Տեսալսողական մեդիայի և լիցենզավորման» մասին օրենսդրական փաթեթները՝ սպառնում է վարակազերծել հեռուստաեթերը, հեռուստաընկերություններից առայժմ չեզոք գնահատականներ են գալիս փաթեթի մասին։ Դրանց դեռ կանդրադառնանք, բայց նախ՝ ինչ է նախատեսում նոր կարգավորումը․ լրատվական հաղորդումներին պահանջ՝ տալ միայն հավաստի և ստուգված նորություններ, քաղաքական հաղորդումներում պետք է ապահովվի կարծիքների անաչառությունը, ներկայացվի հակառակ տեսակետը, հաղորդման ժամանակ ընդդիմադիր և իշխանական կողմերը պետք է ունենան ներկայանալու հավասար իրավունք։

Հավասար հնարավորություն ստեղծելու պահանջ կա նաև ընտրությունների փուլում․ եթե, օրինակ, քաղաքական գործիչը հրաժարվում է մասնակցել հաղորդմանը, դա լրատվամիջոցում չի ազատում անկողմնակալություն ապահովելու պարտավորությունից։ Ուշադրություն՝  տեսալսողական մեդիածառայություն կամ տեղեկատվություն տարածողների հիմնադիրները կամ մասնակիցները չեն կարող լինել պաշտոնյաները, կուսակցությունները, դրանց ղեկավար մարմնի անդամները ու նրանց փոխկապակցված անձինք, հասարակական ու կրոնական կազմակերպությունները, դատված անձինք։  Մեդիաներն էլ պարտավոր են տարին մեկ անգամ հրապարակել տեղեկություն՝ հիմնադիրների ու մասնակիցների, եկամտի աղբյուրների մասին։ Հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու իրավունք հեռուստաընկերությունը պետք է ստանա մրցույթով՝  լիցենզիա՝ 7 տարի ժամկետով։ Հաղթողին ընտրելիս կարող է վճռական դառնալ, թե, օրինակ, ինչ խախտումներ է թույլ տվել հեռուստաընկերությունը։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իրավունք ունի  ընդհուպ մինչև անգամ դադարեցնել հեռուստաընկերության աշխատանքը, եթե խախտվել է օրենսդրությունը՝ ինչպես, օրինակ, այն դեպքում, երբ արտակարգ դրության ժամանակ հայտարարության համար եթեր չի տրամադրել վարչապետին։ 

TV 5 հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը  մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չի հասցրել ամբողջությամբ նայել նախագիծը։ «Ահագին տարբեր է նախորդից, բայց վերջնական չենք հասցրել նայել, մեծ օրենք է »,-ասաց Հարություն Հարությունյանը։ Հարցրինք, թե արդյո՞ք հատկապես լրատվականներին ձեռքի մեջ պահելու դրույթ չէ այն մեկը, որն ասում է, որ պետք է ներկայացվի հակառակ տեսակետը, հաղորդման ժամանակ ընդդիմադիր և իշխանական կողմերը պետք է ունենան ներկայանալու հավասար իրավունք։ Հավասար հնարավորություն ստեղծելու պահանջ կա նաև ընտրությունների փուլում․ եթե, օրինակ, քաղաքական գործիչը հրաժարվում է մասնակցել հաղորդմանը, դա լրատվամիջոցում չի ազատում անկողմնակալություն ապահովելու պարտավորությունից։ Ինչպես հայտնի է՝ քաղաքական կուսակցությունների ու գործիչների միջև բաժանարար գծեր են հեռուստաընկերությունների համար։ «Առաջին լրատվականին հյուր գնացող փորձագետը կամ քաղաքական գործիչը երբեք չի գնա TV 5 և հակառակը։ Ավելին՝ կան պետական պաշտոնյաներ՝ պատգամավորներ, որոնք անգամ խորհրդարանում չեն էլ փորձում թաքցնել իրենց նախասիրությունները և հայտարարում են, որ այսինչ լրատվամիջոցին հարցազրույց չեն տալիս և ամեն օր տալիս են քաղաքականապես «ճիշտ» ՀԸ-ներին։ Ինչպե՞ս է լինելու նման դեպքերում։ Հարություն Հարությունյանն ի պատասխան ասաց․ «Ի՞նչ է նշանակում, որ «եթե անգամ չեն գալիս, պարտավոր են», հո չե՞նք գնալու ծեծելով բերենք։ Դե, լրատվականով մենք ԱԺ-ում ապահովում ենք, իրենց ևս խոսեցնում, բայց հյուրերի հարցն իրոք պրոբլեմ է, որովհետև իրենք չեն գալիս ոչ միայն մեզ մոտ, այլև` շատերի, որովհետև երբ գնում են, պատմություն է դառնում․․․ սա նախագիծ է, պետք է հասկանանք, թե իրենք ոնց են պատկերացնում, եթե չեն գալիս, ո՞նց ենք բերելու, թող բացատրեն, թե ոնց ենք անելու դա»։

Քաղաքական մեկնաբան, «ArmNews FM»-ի տնօրեն Լիկա Թումանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ դա պրոբլեմ է։

Նա  ասաց, որ նորմալ չի ծանոթացել օրենքին, բայց տեսել է, որ սա մոլդովական օրենքի հայերեն թարգմանությունն է։ «Վերցրել են Մոլդովայի օրենքը, ըստ ամենայնի, թարգմանել են, մի քիչ ձևափոխել»,-ասաց Լիկա Թումանյանը։ Ինչ վերաբերում է նշված կետին, չգիտի՝ կպահե՞ն այն, որովհետև մոլդովականում, եթե որևէ կուսակցության անդամ ես, իրավունք չունես ԶԼՄ-ի հիմնադիր կամ մասնակից լինել։

«Այդ օրենքով  նաև լրատվական ողջ դաշտը, այդ թվում, ինտերնետային վիդեոներ արտադրողներին՝ ինտերնետ TV-ներին, բերում են օրենքի դաշտ, բայց այստեղ կա տեխնիկական խնդիր, որովհետև, օրինակ, դու չես կարողանում, դիցուք, Լոս Անջելեսի որևէ հայկական յութուբյան ալիք մտցնես հայկական օրենքի դաշտ:  Ի՞նչն է խանգարում որևէ հայկական ալիքի` գրանցվել ԱՄՆ-ում ու այնտեղից ինչ ուզել, անել»,-ասում է «ArmNews FM»-ի տնօրենը։

Հիշեցնենք, որ փաթեթը շրջանառության մեջ են դրել Վահագն Թևոսյանը, Արման Բաբաջանյանը, Լիլիթ Մակունցը և Մխիթար Հայրապետյանը։