ԱՄՆ-ն պատերազմ է սկսել. Թրամփն անձամբ է հետևում օդային հարվածներին

ԱՄՆ-ն պատերազմ է սկսել. Թրամփն անձամբ է հետևում օդային հարվածներին

ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել «Անսար Ալլահ» շարժման ռազմական օբյեկտներին՝ Եմենի հարավ-արևմուտքում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոն՝ հուսիների կողմից վերահսկվող Թաիզ քաղաքին։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:

Նշվում է, որ օդային հարվածներ են հասցվել քաղաքի արևելյան թաղամասերին։ Շարժման ժամանակավոր կառավարության այսպես կոչված Առողջապահության նախարարության խոսնակ Անիս ալ Ասբահին ասել է, որ առնվազն 31 խաղաղ բնակիչ է զոհվել, 100-ից ավելին վիրավորվել Եմենի մայրաքաղաք Սանայի և երկրի այլ շրջանների վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով։

Իսրայելական Walla լրատվական պորտալը, հղում անելով իսրայելցի պաշտոնյային, հաղորդում է, որ ԱՄՆ-ն Իսրայելին նախապես տեղեկացրել է Եմենում հարձակումների մասին։ Իսրայելն այն սակավաթիվ երկրներից էր, որը տեղեկացված էր հարձակումներից առաջ, ասել է նա։

Իր հերթին, լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ իսրայելական ինքնաթիռները մասնակցել են Եմենի վրա հարձակումներին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ է վերահսկել Եմենում Միացյալ Նահանգների օդային հարվածները։ Սպիտակ տան մամուլի ծառայությունն այս մասին հայտնել է «X» սոցիալական ցանցում «Նախագահ Թրամփը քայլեր է ձեռնարկում հուսիների դեմ՝ պաշտպանելու ԱՄՆ տրանսպորտային միջոցները և զսպելու ահաբեկչական սպառնալիքները»:

The New York Times-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում է, որ Դոնալդ Թրամփը դեռ չի տվել իր համաձայնությունը Եմենում հուսիների դեմ լայնածավալ ռազմական գործողության համար՝ վախենալով մերձավորարևելյան նոր հակամարտության մեջ երկրի ներգրավվելուց։ 

Ազգային անվտանգության խորհրդականների կողմից մշակված ծրագրի համաձայն՝ ավիահարվածները հուսիների զինանոցներին, որոնցից շատերը խորը գետնի տակ են, կարող են շարունակվել շաբաթներ շարունակ: Սակայն Թրամփը դեռ պետք է հաստատի ավելի ագրեսիվ ռազմավարություն, որը կարող է հուսիներից խլել Հյուսիսային Եմենի վերահսկողությունը:

Ավել վաղ գրել ենք, որ շարժման զինյալները պատասխան հարվածներ են հասցրել Կարմիր ծովում նավարկող ամերիկյան ավիակրին: