Ամենահաջողակն ու ամենաձախողվածը 

Ամենահաջողակն ու ամենաձախողվածը 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձախողումների մասին բազմիցս է խոսվել ու գրվել. բոլոր ոլորտներից, որտեղ ոտք են դրել փաշինյանական քայլարած կադրերը, կարելի է ասել, ավերակներ են մնացել: Ցավալիորեն, ձախողվեց հենց այն վարչապետը, որին հասարակությունն ուսերի վրա բերեց իշխանության: Նիկոլ Փաշինյանը ՀՀ պատմության այն բացառիկ բախտավոր վարչապետն է, որին հասարակության զգալի մասը վստահել է ու սիրել, գուցե մի մասը դեռ շարունակում է սիրել: Նախկինում պատկերացնել անգամ չէր լինի, որ, ասենք, Հովիկ Աբրահամյանի անունով մարդիկ կոչեին իրենց նորածին երեխաներին` ի պատիվ վարչապետի:

Պատկերացնել չենք կարող նաեւ, որ, ենթադրենք, Տիգրան Սարգսյանի կամ Սերժ Սարգսյանի դիմապատկերներով մարդիկ հագուստ, գլխարկ արտադրեին ու հպարտությամբ կրեին: Չմոռանանք, թե ինչպիսի էմոցիաներ ուներ հասարակության ստվար զանգվածը «ազգի հերոս Նիկոլ Փաշինյանի» նկատմամբ: Նրա մասին երգեր գրվեցին, ոմանք սկսեցին համեմատել Հիսուսի` Աստծու որդու հետ, ինչն էլ սրտին մոտ ընդունեց մեր «միամիտ» վարչապետը: Հայաստանի ոչ մի նախագահ ու վարչապետ այդ հասարակական սերն ու լեգիտիմությունը չի ունեցել. բոլորն էլ ժամանակին կախված են եղել քաղաքական ինչ-որ գործոններից, ինչ-ինչ մարդկանցից, որոնք նպաստել են նրանց՝ իշխանության գալուն:

ՀՀ ոչ մի վարչապետ ու նախագահ հասարակության վրա այդքան ազդեցություն չուներ, որ կարողանար նրա մի կոչով փողոց փակել, ԱԺ-ն «բլոկադայի» ենթարկել, դատարանների մուտքերը փակել: Թեեւ ոչ մի նախկին ղեկավար իրեն թույլ էլ չէր տա նման անհեթեթություններ պահանջել հասարակությունից: Այսօր էլ շատերը չեն ուզում հավատալ, որ իրենց սրտի վարչապետը շատ-շատ հարցերում իրենց խաբել է: Նիկոլ Փաշինյանը բաց թողեց ձեռքից իր բախտը, որն իրենից առաջ էր վազում: Նա փոշիացրեց իր ունեցածը` մարդկանց սերն ու հավատը, եւ հասարակությանը գցեց հիասթափության հորձանուտի մեջ…