ԱՄՆ-ն Հարավային Կովկասում վստահելի գործընկեր ունենալու խնդիր ունի, ինչպիսին Հայաստանն է

ԱՄՆ-ն Հարավային Կովկասում վստահելի գործընկեր ունենալու խնդիր ունի, ինչպիսին Հայաստանն է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով սեպտեմբերի 17-18-ին պաշտոնական այցով Երեւանում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը սեպտեմբերի 18-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, տարբեր հանդիպումներ ունեցան, եղան ՊՆ-ում, ասուլիս տվեցին եւ մեկնեցին։ Փելոսին դատապարտեց Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ասելով․ «Հայաստանը մեզ համար կարեւոր նշանակություն ունի, եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները մենք խստորեն դատապարտում ենք՝ ԱՄՆ Կոնգրեսի անունից»։ Այս այցի վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։

- Ի՞նչ գնահատական կտաք Փելոսիի այցին, այն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։

- Խնդիր կա՝ հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացնել շատ բարձր աստիճանի։ Եվ ամերիկյան այդ պաշտոնյաների ողջ ուշադրությունը եւ առաջարկները դրան էին ուղղված։ Եվ շատ այն խոսքերը, որ ամերիկյան կառավարությունը սպասում է Հայաստանի առաջարկներին, այդ «Հայաստանի առաջարկներ» ասվածի տակ ենթադրելի է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունից է կախված հայ-ամերիկյան սերտ հարաբերությունների խորացման աստիճանը։ Իրենք ընդամենը ցույց տվեցին, որ այդ աստիճանը կարող է լինել այնքան խորը, որը Հայաստանին կարող է ապահովել թե՛ ինքնիշխանություն, թե՛ անվտանգություն, թե՛ բարեկեցություն։

- Իսկ հայկական կողմը կներկայացնի՞ իր առաջարկները։

- Հայկական կողմը կաշկանդված է իր մտածողությամբ, իր գիտակցությամբ եւ հատկապես այնպիսի գիտակցությամբ, որը ձեւավորվել է վերջին 200 տարվա ընթացքում՝ Կովկաս մուտք գործելու արդյունքում։ Այսպիսով հայկական քաղաքական միտքը չի կարողանում ձերբազատվել այդ՝ ռուսական փրկչի գաղափարից։ Եվ այդ  տեսանկյունից խնդիր կա՝ գնալ ամբողջական գիտակցական, մտածողական, հանրային վերափոխումների։ Այդտեղ քաղաքական ղեկավարությունն ընդամենը նախկին կաղապարների կրողն է, եւ խնդիրները ծագում են հենց այս պատճառով։ Ապագան նման գիտակցությունից դուրս գալու եւ այլ գիտակցության մեջ մտնելու՝ աշխարհի հետ բոլորվին այլ կերպ փոխհարաբերվելու խնդրով է պայմանավորված։

- Հայաստանի արտաքին քաղաքականությունը, արտաքին կողմնորոշումները, դաշնակցային կամ փոխգործակցային հարաբերությունները որքանո՞վ են սերտ ու համահունչ ԱՄՆ վարած քաղաքականության հետ։ Հայ-ամերիկյան քաղաքական պետական շահերը համադրելի՞ են։

- Այս կոնտեքստում ես գտնում եմ, որ, այո, ամերիկյան քաղաքականությունը խնդիր ունի Հարավային Կովկասում ունենալու վստահելի գործընկեր, ինչպիսին  Հայաստանն է։ Եվ դրա համար կան նաեւ պատմական որոշակի նախադրյալներ, այդ թվում՝ 100 տարի առաջ տեղի ունեցածը․  մենք հիշում ենք, որ  Հայաստանի մանդատի խնդիրը եղել է ամերիկյան օրակարգում։ Եվ ոչ միայն դա, նաեւ Սեւրի պայմանագրի հետ կապված գործընթացները ցույց են տվել, որ Միացյալ Նահանգները շահագրգռություններ են ունեցել մեր տարածաշրջանում, եւ իրենց շահերը ստիպել են, որպեսզի հայ ժողովրդին դիտարկեն այստեղ որպես իրենց քաղաքականության առաջամարտիկի։ Եվ այդ  տեսանկյունից փոխգործակցության, շահավետ, անգամ դաշնակցային հարաբերությունների կառուցման տեսանկյունից հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացման շատ մեծ ներուժ ունեն։

- Քաղաքական տարբեր ուժեր բավականին շատ քննարկեցին Փելոսիի ելույթը՝ հայ ժողովրդի ազատագրական պայքարը խորհրդանշող Ավարայրի ճակատամարտի նկարի մոտ։ Սա որեւէ ազդեցություն կունենա՞ հայ-իրանական հարաբերությունների վրա։

- Քաղաքական նպատակահարմարությունից ելնող այս կամ այն քաղաքական գործիչների, ուժերի մեկնաբանություններն են, այլ բացատրություն չի կարող լինել։ Այն գաղափարական բեռնվածությունը, որը Ձեր նշած գործիչները դնում են այդ իրադարձության տակ, իբրեւ թե հայ-իրանական հարաբերություններին վնասող եւ այլն, այդպիսի բան չի կարող լինել։ Եվ ընդհանրապես, Իրանի կողմից նախաիսլամական շրջանի պատմությունը վերջին հարյուրամյակներում անգամ նման կարգի մեկնաբանությունների չի ենթարկվել։ Եվ կարիք չկա գնալ բոլորովին հակագիտական, հակապատմական, հակաքաղաքական ճանապարհներով եւ փորձել ինչ-որ եզրահանգումներ կատարել։

- Հայ-ամերիկյան հարաբերությունների դրական զարգացման դեպքում Իրանի հետ մեր հարաբերություններն ինչպիսի՞ն կլինեն։

- Ես կարծում եմ, որ Իրանի հետ հարաբերությունները փոփոխության չեն ենթարկվի՝ նկատի ունեմ բացասական առումով։ Իհարկե, կարող են լինել առանձին դրվագներ, որոնք ինչ-որ  առումով անհասկացվածության կարող են բերել, բայց դրանք բոլորը լուծվող  խնդիրներ են։ Մեծ ռազմավարական տեսանկյունից հայ-իրանական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, եւ այդ հարաբերությունները պահպանվելու են՝ անկախ այն հանգամանքից, թե Հայաստանն Արեւմուտքի հետ ինչպիսի հարաբերություններ կկառուցի։ Դա փոխշահավետ է թե՛ Իրանի համար, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Արեւմուտքը ներկայացնող այլ երկրների եւ թե՛ Հայաստանի համար։