Ամերիկյան սանկցիաների պատճառով Իրանը չի կարողացել COVAX-ի միջոցով պատվաստանյութ ստանալ

Ամերիկյան սանկցիաների պատճառով Իրանը չի կարողացել COVAX-ի միջոցով պատվաստանյութ ստանալ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանի հանդեպ ԱՄՆ կողմից սահմանված միակողմանի սանկցիաների պատճառով Թեհրանը չի կարողացել COVAX միջազգային հարթակի շրջանակներում հակակորոնավիրուսային պատվաստանյութ ստանալ։ «Եթե սանկցիաները չլինեին, ապա COVAX-ի միջոցով կմատակարարվեին պատվաստանյութերը դեռ Էսֆանդ ամսին /իրանական օրացույցի այս ամիսը համապատասխանում է մեր օրացույցով՝ փետրվարի 19-մարտի 20 ժամանակահատվածին/ եւ միլիոնավոր մարդիկ արդեն ստացած կլինեին պատվաստանյութ»,- ասել է նախագահ Ռոհանին, ըստ «ԻՌՆԱ»-ի փոխանցման։ Նա հավելել է, որ COVAX-ի միջոցով Իրանը պայմանավորվածություն է ունեցել 16,8 միլիոն դեղաչափ պատվաստանյութ ձեռք բերելու։ Նույնիսկ փորձել են դրա համար վճարել, սակայն սանկցիաների պատճառով չեն կարողացել։ Ռոհանին շեշտել է, որ իրանցի ժողովուրդը պետք է հստակ հասկանա, թե ինչ հանցագործություն է գործել ԱՄՆ-ն իր հանդեպ։