Առաջիկա օրերին ՀՀ դատախազությունը կդիմի ՌԴ`Բորիս Ավագյանին արտահանձնելու համար

Առաջիկա օրերին ՀՀ դատախազությունը կդիմի ՌԴ`Բորիս Ավագյանին արտահանձնելու համար

Դեռ հունվարին մենք գրել էինք, որ Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում՝ դեկտեմբերի կեսերին։ Նա պնդում է, թե իր գործը կապված է մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ։

«Ես իսկապես աջակցել եմ մի խումբ անձանց, որպեսզի նրանք խուսափեն մաքսատուրք վճարելուց: Եվ այդ խումբը կազմված է Հայաստանի մաքսային ծառայության պետ Շուշանիկ Ներսիսյանից, Դավիթ Անանյանից և նրանց «տանիք» Նիկոլ Փաշինյանից ու վերջինիս բարեկամներից, որոնք 2018 թվականի հունիսին ինձ էին դիմել օգնության խնդրանքով՝ հավաստիացնելով, որ այդ գործարքներից ստացված գումարներն անհրաժեշտ են հայկական ռազմական հետախուզության ֆինանսավորման համար»,- պնդում է Ավագյանը։

Թե ինչու ՀՀ դատախազությունը չի դիմում ՌԴ՝ Ավագյանին Հայաստան արտահանձնելու համար, ի վերջո Բորիս Ավագյանը ՀՀ քաղաքացի է, շուրջ հինգ օր շարունակ մենք փորձեցինք պարզել ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից: Ամեն անգամ խոսելով դատախազի խորհրդականի հետ, մենք տպավորություն էինք ստանում, որ ինչ-որ ներքին խժդժությունների արդյունքում դատախազությունն այդպես էլ չի դիմել ՌԴ` Բորիս Ավագյանին հայկական կողմին արտահանձնելու համար:

Մեր խոսակցություններից մեկի ժամանակ էլ Աբրահամյանը, կարծես, խոստովանեց, որ դատախազությունում ինչ-ինչ խոչընդոտներ կան այս գործի հետ կապված, սակայն ինքն իրենց ներքին խոհանոցի դռները մեր առաջ բացել չի ցանկանում: «Այս օրերին ինֆորմացիա չտրամադրելն ուներ օբյեկտիվ պատճառներ, և, անկեղծ ասած, ես չեմ ցանկանում հիմա խոսել դրանց մասին», - նշում է դատախազի խորհրդականը:

Սակայն, ի վերջո, դատախազի խորհրդականը մեզ հետ զրույցում նշեց, որ բոլոր տեսակ հստակեցումներից հետո դատախազությունն օրերս պատրաստվում է համապատասխան միջնորդություն ուղարկել Ռուսաստան:

«Մինչև այս պահը չի արվել, սակայն այս պահին համապատասխան փաթեթը նախապատրաստվում է ռուսական կողմին միջնորդություն ներկայացնելու համար, որպեսզի Բորիս Ավագյանին հանձնեն հայկական կողմին»,- նշում է մեր զրուցակիցը:

Այն հարցին, թե ե՞րբ միջնորդությունը պատրաստ կլինի և վերջապես ինչո՞ւ է դատախազությունը նոր «մատը մատին» տալիս, ի վերջո՝ Ավագյանի ձերբակալումից անցել է գրեթե հինգ ամիս, ինչո՞ւ նախքան այս չէիք դիմում, Գոռ Աբրահամյանը նշեց.

«Առաջիկա օրերին պատրաստ կլինի, հստակ օր չնշեմ: Մի քանի օրից այն կուղարկենք: Իսկ ահա ինչ վերաբերում է հիմա դիմելու մասով, դա կամ արվում է, կամ չի արվում: Լիքը հանգամանքներ կան քրեական գործերի հետ կապված, ես չեմ առանձնացնում հիմա, դա ընդհանուր խնդիր է: Բոլոր հանգամանքները պետք է հաշվի առնել, այդ թվում նաև միջնորդություն ներկայացնելու հիմքերի բավարար կամ ոչ բավարար լինելը, պետք է այնպիսի փաստաթղթեր ներկայացնել, որ այնտեղ բավականին արժանահավատ դիտարկվի գործը: Այս բոլոր հանգամանքերի համադրման արդյունքում նոր լուծվել է միջնորդություն ներկայացնելու հարցը: Հիմա այս բոլոր աշխատանքները տարվել են, մենք գտնում ենք, որ կան բոլոր բավարար հիմքերը, փաթեթը նախապատրաստվում է: Առաջիկա օրերին այն կներկայացվի» , - իր խոսքը եզրափակեց դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

Ստացվում է, որ հետախուզում հայտարարելու համար բավարար հիմքեր կային դեռ ամիսներ առաջ, իսկ արտահանձնում պահանջելու համար` ոչ: Իհարկե, հնարավոր է, որ դատախազության աչքը վախեցած է անցած տարիների փորձից, մի անգամ չի, որ պահանջել են արտահանձնում, բայց Ռուսաստանը մերժել է, դեռ ավելին՝ ապաստարան տվել իր տարածքում հայտնված մեր քաղաքացիներին և չեղարկել ՀՀ իրավապահ մարմինների հետախուզումը իր տարածքում: