Անցյալով ապրող, ապագայի մեջ քիթը խոթող իշխանություն

Անցյալով ապրող, ապագայի մեջ քիթը խոթող իշխանություն

Հունիսի 20-ին ընտրությունների գնացող իշխանությունը հեռուն գնացող պլաններ է կազմում։ Տպավորություն է ստեղծվում, որ վստահ են իրենց վերարտադրության հարցում։ 
Վարչապետը հայտարարում է, որ աշնանը Սահմանադրական փոփոխություններ են ուզում անել՝ կիսանախագահական համակարգին վերադառնալու նպատակով։ Կարելի էր, իհարկե, հիշեցնել, որ առուն թռեք՝ նոր հոպ ասեք, բայց սրանից հետեւություն ենք անում, որ ամեն ինչ անելու են վերարտադրվելու համար՝ օրինական, թե անօրինական, կարեւոր չէ։ 

Ի վերջո, Սահմանադրություն փոխելը խաղուպար չէ։ 2015-ին սահմանադրական փոփոխությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ դա կեղծ օրակարգ է եւ հրաժարվում էր անգամ կարծիք հայտնելուց, թե որ համակարգն է Հայաստանի համար նախընտրելի՝ պառլամենտական, թե նախագահական։ Հիմա ոչ միայն կեղծ չէ օրակարգը, այլեւ ընտրությունների շեմին, երբ հնարավոր է, որ մեծամասնություն չունենաս եւ ընդդիմության կարգավիճակին վերադառնան, հեռուն գնացող համապետական ծրագրեր են կազմում։
Բայց հեռավոր ծրագրերի եւ վերընտրվելու հետ կապված համոզվածության մասին է վկայում ոչ միայն սահմանադրական հանրաքվե անցկացնելու ծրագիրը․ Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքն են նախատեսում փոխել եւ նոր համայնքներ միավորել՝ թվով 186 համայքի միավորման ծրագիր են մշակել, որը պատրաստվում են իրականացնել աշնանը։ ՏԻՄ-երի համակարգը հիմնովին ավերել են այս ընթացքում՝ որտեղ կարողացել են համայնքապետ են փոխել, որտեղ ցանկացել են ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել՝ իրենց ուզած մարդկանց, համայնքներին թողել են իրենց խնդիրների հետ մեն-մենակ։ Որ համայնքներում համայնքապետի թեկնածու են ունեցել՝ թողել են առանձնացված, որտեղ չեն ունեցել՝ միավորել են։ Կառավարության մասնակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերն են հիմնովին կրճատվել։ Իսկ հիմա որոշել են վերջին շտրիխները դնել համայնքային կառավարումն ավերելու գործում։

Ուրիշ հեռահար ծրագրեր էլ ունեն Իմքայլականները։ Ասենք, հունվարի տոնական օրերը կրճատելու։ Կառավարության նիստում քննարկեցին ու որոշեցին մեկ անգամ էլ քննարկել այդ հարցը։ Եթե առջեւում ընտրություններ են եւ պարզ չէ, թե հունիսի 20-ից հետո որ քաղաքական ուժն է իշխելու երկրում, առնվազն անպարկեշտություն է, եթե չասենք՝ ընտրությունները կեղծելու մտադրության մասին խոստովանություն, այս հեռահար ծրագրերը։ 

Այս իշխանությունները, թերեւս պատմության մեջ կմնան նրանով, որ տվյալ պահին աշխատելու, գործ անելու փոխարեն զբաղված են կամ անցյալով, կամ ապագայով։ Անցյալը քննադատում են, քիթները խոթում են հաջորդ իշխանությունների գործառույթների մեջ՝ իբրեւ թե ազգի ու պետության ապագայի մասին են մտածում։ Իրականում՝ իշխանությունը քաղցր է, ոչ մի գնով չեն ուզում բաժանվել եւ հոգաբանական գրոհ են ձեռնարկում հասարակության վրա, որ օրենքն ու Սահմանադրությունն էլ ենք մեզ հարմարեցնելու։ Եւ առհասարակ՝ մենք մնալու ենք, հույսեր չփայփայեք։