Խնդրի հասցեատերը նախարարությունն է, որը կնքել է պայմանագրերը

Խնդրի հասցեատերը նախարարությունն է, որը կնքել է պայմանագրերը

Նախօրեին ՊՎԾ-ն հայտարարություն տարածեց, որ հայտնաբերվել է մոտ 188 միլիոն դրամի խախտում 2 ՊՈԱԿ-ների («Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» եւ «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն») եւ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի ուսումնասիրության արդյունքներում։

Համաձայն հաղորդագրության, վերոնշյալ ՊՈԱԿ-ների դահլիճների վերազինման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության գործարքի կողմ կոնսորցիումի անդամ է դարձել ՀՀ մշակույթի նախարարության հետ փոխկապակցված, միայն դահլիճների վերազինման նպատակով ստեղծված եւ հետագայում գործունեություն ծավալած հայաստանյան ընկերությունը, որի միակ եկամտի աղբյուրը ձեւավորվել է նախարարության հետ կնքած գործարքների արդյունքում: Ընկերությունն իրականացրել է շուրջ 503 մլն դրամի աշխատանք: Կոնսորցիումը բաղկացած է եղել 2 գերմանական, 1 ավստրիական եւ 1 հայկական ընկերությունից:

«Հաշվի առնելով փոխկապակցվածության եւ ոչ մրցակցային գնման ընթացակարգի արդյունքում ընկերության ընտրության հանգամանքը, իրականացվել է գործարքի գնի ուռճացվածության եւ հիմնավորվածության ուսումնասիրություն: Արդյունքում ի հայտ են եկել հիմնավոր կասկածներ առ այն, որ հայաստանյան ընկերությունը, որտեղ իրականացվել է հանդիպակաց ուսումնասիրություն «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, գործարքի արդյունքում իրական շահույթը թաքցնելու նպատակով փոխկապակցված անձանց հետ կնքել են կեղծ գործարքներ եւ ստացել շուրջ 82 միլիոն դրամի անապրանք փաստաթղթեր»,- նշված է հաղորդագրությունում:

Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանն ասում է, որ այդ հաղորդագրությունից, ըստ էության, ոչինչ պարզ չի դառնում։ «Մեզ մոտ ուսումնասիրության եկել են, բայց որեւէ խախտում ֆիլհարմոնիկ նվագախմբում չի հայտնաբերվել, որովհետեւ մենք գույքն ընդունողն ենք եղել եւ, որպես այդպիսին, որեւէ ֆինանսական հարցերի հետ կապ չենք ունեցել։ Դա եղել է նախարարության, կառավարության ծրագիրը՝ գերմանական «Վագներ Բյուրոյի» եւ ավստրիական ընկերության հետ»,- ասում է Սիրունյանն ու ընդգծում, որ այդ ընկերությունների հետ պայմանագրերը կնքել է մշակույթի նախարարությունը, իրենք միայն գույքն են ընդունել, ըստ այդմ՝ որեւէ ֆինանսական խախտում ֆիլհարմոնիկ նվագախմբի հաշվապահությունում կամ ֆինանսական բաժնում չէր կարող արձանագրվել։

«Մենք շատ գեղեցիկ հանդիպում ունեցանք, ամեն ինչն ուսումնասիրվել է, եւ առանց որեւէ խախտում արձանագրելու գնացել են, համենայնդեպս, ինձ՝ որպես տնօրենի, որեւէ խախտման մասին չեն տեղեկացրել»,- ասում է նա ու ընդգծում, որ խնդրի հասցեատերը նախարարությունն է, որը կնքել է պայմանագրերը ընկերությունների հետ, եւ, բնականաբար, նախարարությունը պետք է այդ վերահսկողությունը սահմաներ․ «Այն գույքը, որ ստացել ենք, մենք փաստացի միայն դա ենք հաշվագրել հաշվապահությունում։ Իսկ դա դահլիճի վերանորոգումն էր, լուսային համակարգն ամբողջությամբ, մանրահատակը, վահանակները։ Այն, ինչ ստացել ենք բեմի մեխանիզացիայի հետ կապված»։

Սիրունյանը չգիտի, թե նախարարությունն աշխատանքների դիմաց ինչքան է փոխանցել կոնսորցիում ընկերություններին։ «Դա շատ միասնական է եղել՝ ե՛ւ Օպերան, ե՛ւ ֆիլհարմոնիկը, ե՛ւ Սունդուկյան թատրոնը, չեմ կարող գումարների մասին ասել»,- ասում է նա ու նշում, որ թիվը մոտավոր կազմել է 2 մլն եվրոյի չափ։ Իսկ գո՞հ  են կատարված աշխատանքի որակից։ «Կոնկրետ, այդ երկու ընկերությունները շատ պրոֆեսիոնալ ընկերություններ են՝ աշխարհի մեծագույն համերգասրահները լուսային սարքավորումներով ապահովել են, ուղղակի միակ խնդիրն այն էր, որ մենք ավելի շատ դահլիճին անհրաժեշտ գույք էինք ուզել, սկսած ձայնային տեխնիկայից, որը երեւի գումարի պակաս լինելու պատճառով չհաջողվեց մեզ տրամադրել, որի պատճառով մենք այսօր լուրջ ձայնային տեխնիկա չունենք»։