Պատրաստվում ենք ինքնապաշտպանության․ Մեղրիի համայնքապետ

Պատրաստվում ենք ինքնապաշտպանության․ Մեղրիի համայնքապետ

Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքն (կենտրոնը՝ Մեղրի քաղաք) ընդգրկում է Մեղրի, Ագարակ քաղաքները, Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն գյուղերը։ 

Համայնքը սահմանակից է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, իսկ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում բռնկված պատերազմի հետևանքով Ղարաբաղի հարավային հատվածը նույնպես անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, ավելացավ ևս մեկ սահման, որն ավելի բարդացրեց Սյունիքի մարզի, մասնավորապես Մեղրիի պաշտպանության հարցը։ Այժմ Մեղրին սահմանակից է դարձել արդեն ադրբեջանական վերահսկողության տակ հայտված Կովսականին (ադրբեջ․՝ Զանգելան), որ մինչ այս հայկական ուժերի վերահսկողության տակ էր։

Երեկ հրաժարական ներկայացրեց Սյունիքի մարզպետ, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, որը մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Այսօր հրապարակված իր հրաժարականի խոսքում Պողոսյանը գրել էր․ «Որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միեւնույն է, չկարողացա եւ չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ»։ Նա շնորհակալություն էր հայտնել կառավարությանը, մարզպետարանի աշխատակիցներին, մարզի համայնքների ղեկավարներին, բնակչությանը, Սփյուռքի հայերին։ «Շարունակում եմ պաշտոնավարել՝ մինչեւ կառավարության համապատասխան որոշումը։ Վերջին օրերի ընթացքում, բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ Սյունիքում  այս պահի դրությամբ ունենք ավելի բարենպաստ եւ անվտանգ սահմանագիծ․ խնդրում եմ է՛լ ավելի ամրացնել եւ պաշտպանել այն»,- եզրափակել էր նա։ 

Նոյեմբերի 9-ի գիշերը ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված է, որ Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհ պետք է անցնի Սյունիքով, իսկ այս հայտարարության փաստաթղթի դրույթների կատարման ընթացքում բազմաթիվ անորոշություններ են ի հայտ եկել և գալիս, որոնցից ադրբեջանական կողմը հնարավորինս կարողացել և կարողանում է օգտվել։

«Հրապարակը» զրուցել է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի հետ, որը նույնպես անմիջական մասնակցություն է ունեցել այս պատերազմին և վիրավորվել է թուրքական «TR 107» ռեակտիվ կայանքից արձակված հրթիռի բեկորներից։

«Պատերազմին մասնակցել եմ Ագարակի գնդի կազմում։ Մեր հրամատարը Գևորգյան Արգամն էր, չեմ չափազանցնի եթե ասեմ, որ ինքը լեգենդար Արգամն է, Քյոխի (Կարեն Ջալավյան, Արցախի հերոս, պատերազմի ժամանակ «Եղնիկներ» զորամասի հրամանատար - ՀՐԱՊԱՐԱԿ) կատեգորիայի հրամատար։ Հոկտեմբերի 3-ին գունդը դուրս է եկել Մեղրիից, ամսի 5-ին գրավել ենք Ջաբրայիլը, որը ադրբեջանական կողմը գրավել էր հոկտեմբերի 1-ին։ 1993-94 թթ․ Ջաբրայիլում եմ ծառայել, 1994-ին Հորադիզի դիրքերը մենք էինք դրել։ Ջաբրայիլի զորամասը գրավել ենք, հանձնել ենք այլ ուժերի հսկողության տակ, հոկտեմբերի 6-ին հետ ենք եկել Մեղրի, ամսի 7-ին ադրբեջանցիները նորից հետ են վերցրել․ հետո ենք իմացել սրա մասին»,- ասաց Զաքարյանը։ 

Ջաբրայիլի զորամասի գրավման ժամանակ զոհվել է մեկ հոգի, իսկ հետո զորամասում դիրքավորվելու ընթացքում ադրբեջանական զորքի կողմից արձակած ռեակտիվ կայանքի հրթիռային բեկորներից վիրավորվել է նաև գնդի հրամատար Արգամ Գևորգյանը, սպաներից մեկը, իսկ բուժծառայության պետը զոհվել է։ Վիրավորված համայնքապետը ուսից մինչև բազուկը ձգվող հատվածում է վնասվածք ստացել, ճաճանչային ներվն է վնասվել, երկաթ են դրել բժիշկներն այդ հատվածում, իսկ արված երկու վիրահատությունից հետո ևս մեկ վիրահատություն է նախատեսված։

-Պարո՛ն Զաքարյան, փաստաթղթի ստորագրումից հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհ պետք է անցնի Մեղրիով․ այս մասով ի՞նչ մոտեցում ունեք։

-Ոչ մի կոնկրետ բան չկա, ինչ գրած է հայտարարության 9-րդ կետում, նույնն էլ մենք գիտենք, դեռևս ոչ մի կոնկրետ բան չկա։ Մենք մամուլով ենք կարդում տարբեր բաներ, բայց հետո հասկանում ենք, որ դա մարդկանց մտավարժանքներն են ընդամենը։

-Այսինքն՝ շինարարական, քանդման, նախագծման աշխատանքներ չե՞ն սկսվել, չափագրում չե՞ն արել։

-Ոչ մի անգամ, Հարավկովկասյան երկաթուղու անձնակազմի պատվիրակություն էր եկել, շրջել են, տարածքը նայել ու գնացել։ Մեքենայով ընդամենն անցել են, որ հասկանան, թե խոսքն ինչի մասին է, բայց դեռևս ոչ մի կոնկրետ բան չկա։ 

-Իրանական դեսպանատնից Ձեզ հանդիպե՞լ են։

-Ոչ, ոչ, ինձ հետ հանդիպելու իմաստ էլ չկա։ Ստորագրված փաստաթուղթը, կապիտուլյացիա ասենք, թե չգիտեմ՝ անունն ինչ դնենք, պայմանագրի մասին է ընդամենը խոսք եղել։ Ուրիշ ոչ մի կոնկրետ քայլ մենք չենք տեսնում։ 

-Փաստաթղթին ինչպե՞ս եք վերաբերվում։

-Դե, իհարկե, ինչպես ցանկացած հայ, շատ վատ։ Աշխարհում, որ 10 միլիոն հայ ունենք, յուրաքանչյուրս շատ վատ ենք ընդունում։ Բայց նաև հասկանում ենք, որ սա միայն Մեղրիի հարց չէ, խոսքը Հայաստանի Հանրապետության անվտանգության, Արցախի, Արցախի ժողովրդի անվտանգության հարցն է, և իրավիճակից ելնելով ստորագրված փաստաթուղթ է։ Սպասում ենք իրադարձությունների զարգացմանը, տեսնենք՝ ինչ ուղղությամբ կզարգանան։

-Կամավորականները շարունակո՞ւմ են սահմանների պաշտպանությունը։

-Իհարկե, կամավորականներ, ավելի շատ՝ պահեստազորայիններ։ Մեզ մոտ արդեն նոր սահման է առաջացել, նախկինում միայն Նախիջևանի հետ սահմանն էր պաշտպանվում, հիմա արդեն Զանգելիանի կողմից էլ, Ագարակի գունդն է։

-Նոր զորամասի կառուցում նախատեսվա՞ծ է, հաշվի առնելով, որ սահմանները երկարել են։ Զորքերն ավելի՞ են ուժեղացվում։

-Դա Պաշտպանության նախարարության իրավասությունների շրջանակում է, բայց տրամաբանությամբ, որ նայում ենք, իհարկե, պետք է գնդի ծավալը ավելացվի։ Եթե նոր զորամասի կառուցման նախագիծ էլ լիներ, մեզ կոնկրետ արդեն ներկայացրած էլ կլինեին։ Այսօր առօրեական խնդիրներ կան, որոնք լուծման կարոտ են, այսինքն՝ սահմանը պահողների կենցաղային խնդիրները։ Այսօր այդպիսի լիքը խնդիրներ կան, ավելի շատ առօրյա խնդիրների լուծմամբ ենք զբաղվում։ Ինչպե՞ս եք պատկերացնում, ես հիմա մեկնաբանե՞մ մեր զորքերի մարտունակության վիճակը։ Մեր զորքի մարտունակությունը շատ լավ է, շատ ուժեղ։  

-Ինչո՞ւ եմ հարցնում, որովհետև ամբողջ պատերազմի ընթացքում տեղեկատվության, այսպես ասած, ոչ լրիվ մատուցումը բազմաթիվ խնդիրներ ստեղծեց, իրավիճակը հիմա պատերազմին նախորդած վիճակից ավելի լարված է դարձել, դրա համար եմ հետաքրքրվում, որ, օրինակ, հանրությունն էլ տեղյակ լինի իրավիճակից, այսինքն՝ մի օր չիմանանք, որ Սյունիքը չկա։

-Սյունիքից ինչ կախված է տեղերում, իմ կարծիքով՝ կատարվում է, մեզնից, մեր ժողովրդից, տեղական ղեկավարությունից կախվածը կատարվում է։ Երևի նաև այդ աշխատանքը դուք կատարելու ունեք Երևանում։  

-Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարական տվեց, այս մասով ի՞նչ կասեք, ըստ Ձեզ՝ ի՞նչ իրավիճակից ելնելով հրաժարական տվեց։ 

-Չեմ կարող ասել։ Նորմալ մարզպետ է եղել, պարկեշտ, ճանապարհ անցած, ոչ մի բացասական բան չեմ կարող ասել։ Իսկ հրաժարականն իր որոշումն է, ճիշտն ասած՝ հասկանալի է իր արածը։

-Թե՛ արտաքին վտանգները, մարտահրավերները, թե՛ ներքին քաղաքական գործընթացները հաշվի առնելով՝ ինչի՞ եք նախապատրաստվում, Մեղրիում ի՞նչ իրավիճակ է։

-Գիտե՞ք, Մեղրին արդեն երեք կողմից սահման ունի․ մեկն Իրանի Իսլամական Հանրապետությունն է, մյուսը՝ Նախիջևանը, մյուս կողմը, ասեցի արդեն, Ադրբեջանի Հանրապետությունը, իմ կարծիքով՝ ճիշտ կլինի Մեղրիի համայնքը, ժողովուրդն էլ, համայնքապետարանն էլ, տեղական իշխանությունն էլ բացի օրվա խնդիրներից ուրիշ բանի մասին չմտածեն, որովհետև այնքան շատ են այդ խնդիրները։ Իսկ անհանգստությունը, Դուք ինչքա՞ն եք անհանգստացած, մայրաքաղաքում ինչքա՞ն են անհանգստացած, մի քանի անգամ ավելի մեզ մոտ է անհանգստությունը։ Առօրյան այդքան շատ չի թողնում, որ շեղվենք․ մենք պատրաստվում ենք ինքնապաշտպանության։