Ալլո, վարչապետն է խոսում

Ալլո, վարչապետն է խոսում


Ես լավ առաջարկ ունեմ Հ1-ին: Եկեք հաղորդաշար անենք այն մասին, թե ինչպես է Փաշինյանը զանգում պատահական քաղաքացիների և հարցնում նրանց հալը: Հեռուստաաուդիտորիան երաշխավորում եմ, իսկ Հ1-ի ռեյտինգն աննախադեպ թռիչքներ կարձանագրի: Բա գովազդը… Փող է, որ կգա: Հ1-ը կարող է իջեցնել հարկատուների ուսերից, ինքնաֆինանսավորվել ու մի բան էլ հոնորար տալ Փաշինյանին: Պետրոս, ինչո՞ւ ես թարս-թարս նայում, միթե՞ հաճելի չէ քեզ տեսնել, թե ինչպես է Հ1-ի «Ալո, վարչապետն է խոսում» հաղորդումը ստվերում «Կիսաբաց լուսամուտների» ռեյտինգը:
Մի թեթև ռեժիսորական միջամտություն է պետք, և ամեն ինչ կընկնի տեղը: Կարծում եմ, օրինակ, հեռախոսահամարներով թղթերը Փաշինյանի ձեռքից պետք է վերցնել, որ հեռուստադիտողն այն տպավորությունը չստանա, թե նա զանգահարում է նախապես ճշտված հեռախոսահամարներով: Փաշինյանը նույնիսկ շփոթվում է, մի քանի անգամ նայում թղթին, մինչև որ հավաքում է համարը: Արհեստական է ստացվում ամեն ինչ, մանավանդ որ էս գլխից հայտարարվում է, որ նա պատահական քաղաքացիների է զանգում: Որ Փաշինյանը մի քիչ ինքն իր վրա աշխատի, ամեն ինչ կստացվի: Պետք է ընդամենը վերցնել ընկալուչը կամ հեռախոսը դնել «բարձր» ռեժիմի վրա և պատահական համար հավաքել: Ամեն ինչ պետք է ռեալիստական լինի, հասկանո՞ւմ եք: Պոպուլիզմի հասնող ռոմանտիզմը գեղեցիկ է գուցե, բայց հեռուստադիտողին ռեալիզմ է պետք: 
Պատահական հեռախոսահամարներ հավաքելու մի դրական կողմն էլ այն է, որ Փաշինյանն ամեն անգամ թոշակառուների տուն չի ընկնի: Նրա զրուցակիցները կարող են դառնալ արվեստագետներ, ուսուցիչներ, փականագործներ, մարզիկներ, գործարարներ վերջապես: Ճիշտ վիճակախաղի պես.
-Ալո, բարև Ձեզ, Նիկոլն է խոսում Փաշինյան…
-Վա՜յ, բարև Ձեզ, պարոն Փաշինյան, այ քեզ անակնկալ, տներն էլ թարսի պես թափած են, չեմ հասցրել հավաքել…
-Ոչինչ, ոչինչ, ես ուզում եմ իմանալ ինչպե՞ս եք հարմարվում արտակարգ ռեժիմին, ի՞նչ դժվարություններ ունեք…
Եվ թող քաղաքացին պատմի՝ ուսուցիչն իր դժվարություններից կխոսի, բժիշկն՝ իր, փականագործն՝ իր: Թե չէ ում զանգեց, թոշակառու էր, վարկի տակ մնացած, մի կերպ ծայրը ծայրին հասցնող քաղաքացի: Առաջին թողարկումն էր, այդ պատճառով էլ այս թերության վրա շատ չեմ ծանրանա:
Հեռուստադիտողը անհամբեր կսպասի «Ալլո, վարչապետն է խոսում» հաղորդաշարի հերթական թողարկմանը, եթե մեկ-մեկ էլ այնպես լինի, որ Փաշինյանի զանգերին ընդդիմադիր գործիչներ պատասխանեն կամ այնպիսի օդիոզ դեմքեր, ինչպիսին, օրինակ, Սամվել Ալեքսանյանն է կամ նրա՝ ռայոնում գտնվելու դեպքում «ավտոպատասխանիչը»: Իսկ ի՞նչ է, քրեական ենթամշակույթ ունեցող քաղաքացիներ քի՞չ կան.
-Ալո, Նիկոլն է խոսում Փաշինյան, բարև Ձեզ…
-Ով ա, ով ա ով ա՞… Ապե էս ի՞նչ ես ասում…
-Այո, այո, Նիկոլ Փաշինյանն է, ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս եք հարմարվոել արտակարգ ռեժիմին, ի՞նչ դժվարություններ ունեք…
-Վախ, հորս արև արա, էս ինչ ա ասո՜ւմ, էս ոնց ա ասո՜ւմ… ես կարողա՞ զոնում եմ, վրես խաբար չկա...
-Չէ, չէ, հանգստացեք, պարզապես ուզում եմ իմանալ՝ ամսական ինչքա՞ն եկամուտ ունեք, կարողանո՞ւմ եք ապրել, մի 50-60 հազարի հասնո՞ւմ է…
-Ըշքամ, ըշքամ, ըշքա՞մ
-Դե մի 30-40 հազարի հաստատ հասցնում եք, չէ՞:
-Չէ, այ ախպեր, էս էրկու տարի ա, որ ամսական 10 հազար ձգում ենք, ասոմ ենք լավ ա…
-10 հազար ի՞նչ, դրա՞մ…
-Հը՜ը՜ը՜, էս ինչա ասում, արա, դրամն ի՞նչ ա ախպեր… դոլլար, եվրո…
Ու էս խոսքի վրա հեռուստատաղավարում լսվում է, թե ինչպես են Փաշինյանի զրուցակցի տուն ներխուժում այլ մարդիկ, ենթադրաբար՝ դիմակներով ու ավտոմատներով: Հետո նրանց ղեկավարը վերցնում է ընկալուչն ու վարչապետին զեկուցում.
-Շեֆ, առաջադրանքը կատարված է, օբյեկտը փռված է պոլին:
Հը՞ Պետրոս, դուրդ եկա՞վ գաղափարս, ժպտում ես: Էքստրիմ եմ ասել է, գիտե՞ս ինչ է էքստրիմը: Դա ադրենալին է, հու-հու գըմփ, թարմություն… Քայլ արա Պետրոս, դեպի նոր տիպի հեռուստատեսություն, դեպի նոր ռեյտինգ՝ աննախադեպ ու փայլուն… «Ալլո, վարչապետն է խոսում»… Բա չէ՝ կորոնավիրուս հա կորոնավիրուս…