Ճանաչենք մեր հերոսներին. Հայկ Բախշյան

Ճանաչենք մեր հերոսներին. Հայկ Բախշյան

Հայկ Էդուարդի Բախշյան (35տարեկան) ծնվել է 1985 թվականին, Ստեփանակերտ քաղաքում։ Նա ընտանիքի առաջնեկն էր, հայրը միշտ անվանում էր նահապետս։

Մանկուց Հայկը առանձնանում էր իր բարեսրտությամբ, հոգատարությամբ, աշխույժությամբ։ Սովորում էր Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցում։
1993 թիվն էր՝ օգոստոսի 20-ին Հայկի 8- ամյակն էր լրանում, նա անհամբեր սպասում էր, որ հայրը դիրքերից պիտի իջներ, որ տոնեին ծննդյան տարեդարձը, սակայն եկավ բոթը՝ 1993 թ օգոստոսի 20-ին զոհվեց Հայկի հայրը՝ Էդուարդ Բախշյանը (35 տարեկան հասակում), Կուբաթլուի Բաշարաթ գյուղի ազատագրման ժամանակ։ Այդ օրվանից ի վեր Հայկն իր ծննդյան օրը տոնում էր գերեզմանատան ճանապարհին։

Հայկի մայրը՝ Լաուրա Բախշյանը շատ մեծ դժվարությամբ մեծացրեց 3 զավակներին, բայց Հայկին մի ուրիշ յուրօրինակ սիրով էր սիրում։

Դպրոցն ավարտելուց հետո Հայկն ընդունվեց Գ.Նարեկացի Համալսարանի Տնտեսագիտության բաժինը։ 2003 թ դեկտեմբերին զորակոչվեց զինծառայության։
Իսկ 2013 թվին որոշեց դառնալ զինվորական եւ ծառայության անցավ Շուշիի Հակաօդային պաշտպանության զորամասում՝ որպես ենթասպա։ 2015 թ մարտին մեկնեց ՀՀ Լուսակերտի ուսումնական կենտրոն՝ ՀՕՊ գծով սպայական դասընթացների, նույն թվականի օգոստոսին ստացավ լեյտենանտի կոչում, 2017 -ին՝ ավագ լեյտենանտի, իսկ 2019 թվին՝ կապիտանի։ 2019 -ին տեղափոխվեց Մարտունի 2-րդ զորամաս որպես ՀՕՊ զորքի մարտկոցի հրամանատար։
Հայկը ամուսնացած էր, սիրում էր անակնկալներ մատուցել կնոջը՝ Իլոնային, նրան հավերժ սիրահար էին անվանում։ Հայկի 9 տարեկան դուստրը՝ Մարիամը եւ որդին՝ էդուարդը, պետք է որբ մեծանան, ինչպես ինքը՝ Հայկը մեծացավ։

Որբացան նաեւ կինը, մայրը, քույրը, եղբայրը, որոնց հանդեպ նա ուշադիր ու հոգատար եղբայր էր, ամուսին, որդի։ 

Հայկը երազում էր իրականություն դարձնել հոր երազանքը՝ դառնալ գեներալ։
Պատերազմի օրերին երբ զանգում էր տուն, արագ- արագ ուզում էր բոլորի հետ հասցնել խոսել, բոլորին հուսադրել, միշտ ասում էր ամեն ինչ լավ ա լինելու՝ չմտածեք։ Նա շատ լավատես էր...ու շատ հայրենասեր։ Երբ հարցնում էինք՝ եր՞բ կգաս, թեկուզ մի օրով, որ հանգստանաս, ասում էր՝ բա էստեղի երեխեքս, բա զինվորներիս ո՞նց մենակ թողնեմ։ Վերջին անգամ զանգեց, մայրիկի հետ խոսեց, ասաց՝ ժամանակ չկա, մամ, Իլոնային քնից հանի իրա հետ էլ խոսեմ ու գնամ։
Հայկը զոհվեց հոկտեմբերի 25- ին ,Հայկի մոր արցունքները հազիվ էին չորացել 93-ին ունեցած կորստից հետո, հիմա հավերժ կորցրեց մխիթարվելու հույսը։ Մեր տնից խինդն ու ծիծաղը վերացան։

Հայկին հուղարկավորեցինք Եռաբլուր պանթեոնում։