«Հրապարակ». Ինչ «պանդորայի արկղ» է բացում Փաշինյանը

«Հրապարակ». Ինչ «պանդորայի արկղ» է բացում Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր երազած «խաղաղությունն» Ադրբեջանի հետ կառուցելու իմիտացիան: Հիմա էլ մի հուսահատ հոդված է գրել, թե «խաղաղության բոլոր նախադրյալներն» առկա են, ու ինքն իրեն հույս է տալիս, որ ներկա իրավիճակում «խաղաղություն» հնարավոր է: Իրականությունից կտրված այդ վերլուծությունից մի դրվագ կառանձնացնենք, որտեղ նա, ըստ էության, հայտարարում է, թե ՀՀ ԶՈՒ-ն օկուպանտ է եղել:

Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքներից խոսելով, նա նախ հերթական անգամ շեշտում է, որ Հայաստանը դրանք ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չի դնում` հարցը «սահմանազատման գործընթացով» է լուծվելու: Ապա հայտարարում է`  «մեր բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս չպետք է կիրառվի»: Այս թեզով փաստացի Փաշինյանի իշխանությունն Արցախը մենակ թողեց ադրբեջանական ագրեսիայի դեմ եւ հիմա փորձում է լեգիտիմացնել Հայաստանի՝ «օկուպանտ» լինելու Բաքվի թեզը:
«2022թ․ հոկտեմբերին, Պրահայում, չունենալով դրա իրավունքը, Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ՝ դրանով իսկ Փաշինյանը Հայաստանի  Հանրապետությունը հայտարարում է որպես ագրեսոր պետություն: Գիտակցված է արել, թե ոչ՝ դժվարանում եմ պատասխանել, բայց իր հայտարարությամբ նա հայտարարում է, որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի ինչ-որ տարածքներ: Խորապես համոզված եմ, որ Ալիեւը, հղում կատարելով Փաշինյանի հենց այդ հայտարարության վրա, կարող է եւ կձեռնարկի քայլեր Հայաստանի դեմ»,- ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ հայտարարությունն Ադրբեջանն օգտագործելու է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ՝ նրանց մեղադրելով «օկուպացիոն ռեժիմի հետ համագործակցության մեջ»:

Ա. Խաչատրյանը հարցնում է՝ ի՞նչ է արել Փաշինյանը, որ այդ ներկայացումը Բաքվում չբեմադրվի: «Ակնհայտ է, որ ճնշումների ու կեղծիքների միջոցով Ադրբեջանը կկորզի ցուցմունքներ, կաղճատի մարդկանց խոսքը եւ դա կօգտագործի ՀՀ-ի դեմ, հավանաբար, դրանից է մտահոգված կամ վախեցած Փաշինյանը, որ իր այդ հոդվածով, փաստորեն, Ադրբեջանին ասում է՝ լավ, ինչ ուզել ես, զիջել եմ, էլ ի՞նչ ես ուզում: Փաշինյանի մոտ հոգու ճիչ է, նա հայտարարում է, որ գնացել է բոլոր զիջումներին, որոնք Ադրբեջանը պահանջել է, հիմա պատրաստ է լրացուցիչ զիջումների, միայն թե ստանա մի թղթի կտոր, որի վրա գրված կլինի «խաղաղություն»՝ անկախ նրանից, որ այն ամբողջական կապիտուլյացիա կլինի»,- շեշտում է պատգամավորը՝ նկարագրելով այն սցենարը, որն ակնկալում է Փաշինյանը այդ թղթով գնալ ընտրությունների ու ասել՝ ձեզ խաղաղություն էի խոստացել՝ բերել եմ, հիմա էլ Եվրոպա եմ խոստանում` կտանեմ:

Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ ի հեճուկս Փաշինյանի, Ալիեւը երբեք չի հայտարարել, որ ճանաչում է ՀՀ 29 հազար 743 կմ տարածքը: Ավելին, հայտարարում է, որ ՀՀ տարածքի զգալի մասը «պատմական Ադրբեջանն է»: «Նման հայտարարություն արել է Շառլ Միշելը, հետեւաբար, Ալիեւը կարող է ասել՝ Շառլ Միշելն է ասել, նրանից էլ պահանջեք, բայց, ի տարբերություն Ալիեւի, Փաշինյանն ասիմետրիկ զիջումների է գնացել՝ բազմաթիվ անգամներ քառակուսի կիլոմետրերով հայտարարելով, թե ինքն ինչ տարածքով է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մինչդեռ, տրամաբանությունը պահանջում էր համաժամանակյա նման հայտարարություն»: Նման գործելաոճը Խաչատրյանը սեփական ժողովրդի դեմ ուղղված շանտաժ է որակում, որը տեղավորվում է «եթե զիջման չգնանք` կլինի պատերազմ» բանաձեւի ներքո, իսկ զիջումները փորձում է ներկայացնել որպես ազգի փրկությանն ուղղված քայլեր. «Իրեն պարտադրել են դավաճանել Արցախը, հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հանձնառութունից, ինքը դա ներկայացնում է որպես փրկություն, թե այդ թոկից կտրվեցինք»:

Ինչ վերաբերում է ՀՀ զինված ուժերի մասին Փաշինյանի ասածին, պատգամավորը հիշեցնում է՝ ադրբեջանական օկուպացիայից հետո նա շարունակ կրկնում է՝ մենք պատերազմ չենք սկսելու, խաղաղ ճանապարհով ենք հետ բերելու. «Դուրս  կգա՞ն ադրբեջանցիներն օկուպացված տարածքներից, ե՞րբ դուրս կգան, եթե Փաշինյանը մնա: Փաշինյանը նախապատրաստել է ժողովրդին, որ ադրբեջանցիները երկար են վայելելու այդ հյուրընկալությունը, հիշո՞ւմ եք՝ հայտարարում էր, թե մենք իրենց ենք տանջել, իրենք էլ հիմա մեզ են տանջելու»: 

Իսկ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է «տեղեկություն տրամադրել ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների մասին», խոսում է պատերազմի ընթացքում «զոհված ադրբեջանցի զինծառայողների եւ խաղաղ բնակիչների եղբայրական գերեզմանների» մասին, Հայաստանից պահանջում է ներողություն խնդրել «պատերազմական հանցագործությունների» համար։ 

«Եթե ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, ընդունել է, որ Հայաստանն ագրեսոր պետություն է, հիմա ակնհայտ է, որ Ադրբեջանը պետք է պահանջի, որ Հայաստանը ներողություն խնդրի «ագրեսիայի» համար, փոխհատուցում տա, որը 20 միլիարդի կարգի են գնահատել ու էլ ավելի կմեծացնեն, հավելյալ պահանջներ կներկայացնեն, այսպես կոչված, եղբայրական գերեզմանների տեղերի, մի քանի հազար անհետ կորածների մասով: Այսինքն, որքան Հայաստանը՝ Փաշինյանի ղեկավարության ներքո խեղճանում է, Ալիեւն այնքան լկտիանում է, եւ Փաշինյանն էլ ավելի ստրկացնող պարտավորությունների տակ է մտնում ու հայտարարություններ անում: Հետեւաբար, նրան տուն ուղարկելը մեր ազգային անվտանգության խնդիրն է»,-եզրափակում է Խաչատրյանը: