Թուրքերի հետ առանձին-առանձին՝ մեծ սիրով, բայց միմյանց հետ՝ ոչ մի դեպքում

Թուրքերի հետ առանձին-առանձին՝ մեծ սիրով, բայց միմյանց հետ՝ ոչ մի դեպքում

Ամերիկաներից ջերմ ու բարձր խոսքեր են լսվում վերջին նախագահի հասցեին: Նա էլ ամենուր գանգատվում է, թե իրեն չեն թույլ տվել լիարժեք աշխատել: Հնարավոր է: Բայց խոսքն այլ բանի մասին է:

Վերջերս հայ-թուրքական շփումները հակասական ընկալումներ են առաջացրել: Ներկա իշխանությունն էլ ասում է, թե անկախացումից ի վեր, ՀՀ բոլոր իշխանությունները բանակցել են թուրքերի հետ, գաղտնի, թե բացահայտ: Լավ: Տեսնում ե՞ք, ինչ լավ է ստացվում, թուրքերի հետ: Պետության ղեկավարները միշտ պատրաստակամ են եղել կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները: Նորմալ է. հարևանները, եթե ոչ բարիդրացիական, գոնե հարգալից վերաբերմունք պետք է ունենան միմյանց նկատմամբ: Հայերն ու թուրքերը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու՝ գոնե այդպիսի իրավիճակի հասնելու համար: Ի վերջո, ցեղասպանությունը ճանաչելն ինքնանպատակ չէ, այլ հետապնդում է մարդկության դեմ նման հանցագործությունները կանխարգելելու նպատակ: Եթե մինչև 2020 թվականը Թուրքիան ճանաչած լիներ հայոց ցեղասպանությունը, ապա չէր համարձակվի դա անել արցախյան պատերազմի քողի տակ: Ըստ էության, դա ավելի մեծ և վերջնական ցեղասպանության նախերգանքն էր: Թուրքերին ոչ մի պետություն, ոչ մի միջազգային կազմակերպություն չդատապարտեց՝ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը փոքրաթիվ բնակչություն և ոչ մեծ բանակ ունեցող Արցախի Հանրապետությունում գործադրելու և կրկին ցեղասպանություն իրականացնելու համար: Կատարվածն իրականում պատերազմ համարողները (գուցե միայն պայմանական կարելի է այդպես անվանել) տգետ են, ռազմական գործի առումով և բարբարոսներ են: Պատկերավոր ասած, ինչպե՞ս անվանել քայլող էքսկավատորով վարունգի մարգ փորելը…

Ինչևէ: Արցախը բռնազավթելուց հետո անհասկանալի է, թե այդ, այսպես կոչված, պատերազմում իր ռազմական ներուժը չկիրառած Հայաստանի Հանրապետությունն ինչպե՞ս դարձավ առևտրի օբյեկտ: Դա էլ՝ ինչևէ:

Ուրեմն, թուրքերի հետ բոլոր հայ ղեկավարները սիրով գնում են հանդիպման, բայց միմյանց հետ համարում են նվաստացնող, վարկաբեկող, մի խոսքով՝ западло: Հետաքրքիր է, նոյեմբերի 9-ից հետո 4+1 գեթ մեկ հանդիպում եղե՞լ է, թե՞ ոչ: 

Հարց Արմեն Սարգսյանին. Նա առաջարկե՞լ է, արդյոք, 4+1 հանդիպում նախագահականում: Հնարավոր է առաջարկած լինի, բայց համաձայնած չլինեն: Այդ ինչպե՞ս պատահեց, որ ձեռնարկատիրական մեծ ձիրք, բարձր ինտելեկտ ունեցող անձնավորությունը չկարողացավ դա անել: Նախագահը, պետության գլուխը հենց դրա համար է: Իսկ դուք ասում եք, թե նրա լիազորությունները բավարար չեն եղել: Անգլերենին տիրապետող, քաղաքականությաբ զբաղվող ցանկացածը պետք է որ լավ իմանա social power ինչ է նշանակում: Մարդը կարող է որևէ պաշտոն չզբաղեցնել, բայց ունենալ սոցիալական ուժ, սոցիալական իշխանություն: Դա այն է, երբ նրան համարում են հեղինակություն, երբ նրա խոսքը ոսկուց էլ թանկ արժե: Այդպիսի՞ն է եղել, արդյոք, նախկին նախագահը: Հարցի պատասխանը մեր իրողություններն են: Երբեմն մեկ մարդը կարող է սարեր շրջել, եթե ջանին ջաֆա տա: Այս անձնավորության հետ կապված թեման պետք է մեկընդմիշտ փակել և մերժել бог любит триоцу ասացվածքի գաղափաը:
Հասկանալի է նաև, որ հասել ենք մի կետի, որից այն կողմ (եթե հրաշք չպատահի) այլևս մենք չենք տնօրինում մեր պետության ճակատագիրը, ինչի վկայությունը ԵԽԽՎ-ի՝ «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևն է: Որպեսզի էլ ավելի պարզ լինի, թե ուր են մեզ ուղղորդում, կարելի է ծանոթանալ Եվրոպայի Միացյալ Նահանգների մասին ռուս մտածող և հեղափոխական Միխայիլ Բակունինի (Речи на конгрессах Лиги Мира и Свободы) նկատառումներին:

Իսկ ազգի պառակտումը կշարունակվի նույն տեմպով: Ցավալիորեն, դա հայերը չեն անում, որովհետև նման գործընթացը պահանջում է կազմակերպված գործողություններ, որոշակի հմտություններ, իսկ ինքնակազմակերպվել չենք կարողացել երբեք, մի փոքր բացառութ-յուններով: Ինքնապառակտվելու կարողություն ունեցող ազգը, տրամաբանորեն, պետք է ունենար նաև ինքնահամախմբվելու կարողություն՝ ազգային արժանապատվությունն իսպառ կորցնելու սպառնալիքին ի պատասխան:

Գագիկ Վարդանյան