Լավագույն լուծումը կլինի ամեն առարկա կապել մասնագիտականի հետ

Լավագույն լուծումը կլինի ամեն առարկա կապել մասնագիտականի հետ

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի նախագծի աշխատանքային տարբերակն օրեր առաջ ներկայացվեց մասնագիտական հանրությանը, որը լայն քննարկումների տեղիք տվեց։ Օրինագծի մի շարք կետեր, ինչպես, օրինակ, հայագիտական առարկաների դասավանդման ոչ պարտադիր լինելը, առնչվում է բոլոր բուհերին եւ բոլոր մասնագիտություններին։   
«Փարիզ Էստ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը հայագիտական առարկաների, մասնավորապես հայոց լեզվի դասավանդման հարցը դիտարկում է մասնագիտական տիրույթում։  

«Ֆրանսիայում քաղաքացիները լեզվի բոլոր հմտությունները, իմացությունները դպրոցում են անցնում՝ վերջում ընդհանուր միասնական քննություն հանձնելով, ինչպես մեզ մոտ։ Ինստիտուտներում արդեն ֆրանսերեն լեզու չեն անցնում, միայն մագիստրատուրայում են անցնում մի սեմեստր, մեկ էլ՝ 3-4-րդ կուրսում՝ կախված, թե ինչ համալսարան է։ Բայց այստեղ էլ լեզուն միացնում են մասնագիտության հետ։ Այսինքն՝ լեզվի կիրառման հմտություններն են սովորեցնում, ուսանողը տարբեր տեսակի վարժություններ է անում, որ լեզուն միացնի իր մասնագիտության հետ, որպեսզի կարողանա գրագետ ձեւով շարադրել իր մտքերը, իր ելույթները կառուցի պատշաճ ձեւով։ Իսկ Հայաստանում նույն առարկան նույն ծրագրով դասավանդվում է նաեւ բուհերում, ու այդպես 2 տարի։ Գոնե ճարտարապետների դեպքում այդպես է, այսինքն՝ 4 սեմեստր անցնում են, մինչդեռ այդ առարկան կարելի է ուրիշ ձեւով հրամցնել, որովհետեւ ճարտարապետների մոտ առարկաները շատ են, մի քիչ թեթեւացնեն՝ լավ կլինի»,- ասում է Խաչատրյանն ու առաջ քաշում օտար լեզվով մասնագիտական առարկաների ուսուցման կարեւորությունը։

«Օտար լեզուն կրճատել են, բայց լավ կլիներ՝ որպես մասնագիտական անցնեին։ Օրինակ, Ֆրանսիայում մի սեմեստր օտար լեզվով քաղաքաշինության տերմինոլոգիա ես անցնում, ու այդպես փոխվում է ամեն սեմեստր, որ դու քո մասնագիտական ողջ  ծավալը կարողանաս յուրացնել։ Այդ առումով մենք մեծ բացեր ունենք մեր կրթական համակարգում։ Նույնը՝ նաեւ պատմություն առարկայի դեպքում․ եթե պատմությունը շաղկապվի տվյալ մասնագիտության հետ, շատ ավելի էֆեկտիվ եւ հետաքրքիր կլինի, ճարտարապետությունն ու պատմությունը մեկտեղ՝ նույն սեմեստրում, որ զուգահեռաբար անցնեն։ Մի կողմից անցնեն պատմական իրադարձությունը, զուգահեռաբար ծանոթանալով նաեւ ճարտարապետական մասին, թե ճարտարապետությունն ինչ զարգացումներ է ունեցել այդ պատմական ընթացքում։ Այդպես ուսանողին ավելի հետաքրքիր կլինի, այդպես դու ուսանողին դրդում ես մտածել, որ հենց դա է կարեւոր։ Այսինքն, ամեն առարկա՝ լինի դա լեզու, գրականություն, թե պատմություն, պետք է կապել մասնագիտականի հետ։ Դա կլինի լավագույն լուծումը»,- ընդգծում է Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է գիտությունը բուհեր տանելուն, ապա, Մարիամ Խաչատրյանի կարծիքով, բուհերում գիտությունը շատ մեծ պոտենցիալ ունի․ «Որովհետեւ գիտության ինֆորմացիայի հավաքումը, սինթեզումը շատ անգամ ուսանողներն են անում իրենց ընթացիկ ռեֆերատների, նախագծերի միջոցով։ Այդ բաշխումը շատ ճիշտ է, իսկ գիտնականի վրա մնում է միայն ամենածանր բեռը։ Այսինքն՝ ամեն մեկն իր գործն է անում՝ ուսանողից միչեւ դասախոս։ Այդ առումով այդ պոտենցիալը պետք է օգտագործվի»։

Նոր օրինագծի աշխատանքային տարբերակում ամբիոնի վարիչների ընտրության կարգում սահմանափակումներ կան՝ մինչեւ 65 տարեկան եւ 2 անգամից ոչ ավելի։ «Արտերկրում էլ 65-ից, երբեմն էլ՝ 63-ից հետո ոչ մի ադմինիստրատիվ պաշտոն ղեկավարելու իրավունք չունես, բայց օրենքը չի արգելում գիտությամբ զբաղվել։ Ճիշտ է՝ կան դասախոսներ, որ նույնիսկ 70-ն անց են, բայց նրանք պատվավոր պրոֆեսորի կարգավիճակ եւ ստատուս ունեն»։