Արցախը դառնալու է Նախիջևան, Հայաստանը` Թուրքիայի վիլայեթ

Արցախը դառնալու է Նախիջևան, Հայաստանը` Թուրքիայի վիլայեթ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

- Արցախում արդեն մի քանի օր է իրավիճակը հանդարտ է: Տպավորություն է, թե արցախահայությունը հարմարվել է այս դժվարին իրավիճակին: Բողոքի ակցիաներ տեղի չեն ունենում, Լաչինի միջանցքի մասին քիչ է խոսվում, կամ ընդհանրապես չի խոսվում: Ինչո՞վ է այս պասիվությունը պայմանավորված:

- Իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ: Ամեն օր տեսնում ենք, թե ինչպիսի փոփոխություններ է անում Արցախի կառավարությունը, ինչ-որ մարդկանց են ազատում` առանց հիմնավորելու, ինչ-որ մարդկանց են նշանակում կրկին առանց որևէ հիմնավորման: Բազմիցս ասել ենք, որ Արցախը փորձադաշտ չէ և այս իրավիճակում պետք չէ թիմային խաղեր խաղալ, գործարքների գնալ ժողովրդի թիկունքում: Կարճ
ասած` իրարից անկախ գործելն Արցախում խիստ անընդունելի է: Արցախի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով ունեցանք դժբախտ պատահար` դիվերսիա: Երբ բոլորից թաքուն, առանց քաղաքական ուժերի կարծիքը հաշվի առնելու որոշեցին Ադրբեջանի հետ բանակցել, դրա հետևանքով էլ ունեցանք ադրբեջանական դիվերսիան: Հիմա ասել, թե պայքարում ենք, անհասկանալի է: Պայքարի նշույլներ անգամ չկան, հակառակն է արվում, պարզապես փորձում են ժողովրդի մոտ դժգոհության ալիքը փոքրացնել: Ադրբեջանն ավելի դժվար ու խորքային պահանջներ է դրել: Վարում է կամ-կամ-ի քաղաքականություն: Մենք կամ-կամ-ի քաղաքականությունը համարում ենք անընդունելի: Փետրվարի 22-ին երեք ընդդիմադիր ուժեր հայտարարություն են արել, փորձելով Արայիկ Հարությունյանին զերծ պահել, այն որոշումներից, որոնք Արցախի շահերից չեն բխում, սակայն Արայիկ Հարությունյանն ականջալուր չեղավ և արեց այն, ինչ ինքն է համարում ճիշտ: Նույն այդ Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատեց պետնախարարին: Այսօր Ադրբեջանն իր նախապայմաններն է թելադրում:

- Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ դիվերսիայի պատճառն Արայիկ Հարությունյանի գործողություններն են: Կարծում եք` եթե Հարությունյանն Ադրբեջանի հետ երկխոսության մեջ չմտներ, դիվերսիա չէ՞ր լինի:

- Իրարամերժ հայտարարությունները բերում են այդ կարծիքին: Ադրբեջանն ասում է, որ միայն ինտեգրացիայի մասին է խոսելու, սակայն Արցախի իշխանությունները խոսում էին, որ տեղի են ունեցել կառուցողական բանակցություններ: Այս ամենը հիմք հանդիսացավ, որ նույն Ադրբեջանը դիմեց սադրանքի: Հաագայի դատարանն Ադրբեջանին պարտադրում է բացել Լաչինի միջանցքը, Արցախի իշխանությունները Հայաստանի իշխանությունների հետ միասին փոխանակ բարձրաձայնեն, որ Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի վճիռը, ընտրում են Ադրբեջանի պահանջները բավարարելու քաղաքականությունը: Պարտված իշխանությունները պահանջատեր լինել չեն կարող: Բոլորիս համար հասկանալի է, որ պարտված իշխանությունը զիջումներից բացի ուրիշ բանի ընդունակ չէ: Սա պարզ ճշմարտություն է: Որքան երկար մնան պարտված իշխանություններն իշխանության ղեկին, այնքան շատ են լինելու ցավալի զիջումները:

- Խոսվում է խաղաղության պայմանագրի մասին: Արմեն Աշոտյանն այդ պայմանագրի նախագծից մի հատված էր հրապարակել: Հայաստանի իշխանությունները նշել են, որ Արցախն ինքն է իր անվտանգության երաշխավորը: Արդարացի՞ է, որ նույն այդ իշխանությունները կարող են Արցախի ճակատագիրը որոշել:

- Դա խաղաղության պայմանագիր չէ, դա կապիտուլյացիայի վերջին շտրիխն է: Երբ Հայաստանը փորձի առանց Արցախի տեսնել իր գլխի ճարը, նույնն առաջարկելով Արցախին, ապա դա լինելու է վերջնական կործանման մեկնարկը: Թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանին ծուղակն է գցել` պարտադրիր, որ տիրես սկզբունքով: Ասել է թե հրաժարվիր Արցախից, որպեսզի փրկես Հայաստանը, իսկ ահա իշխանություններն այդ խայծը կուլ են տվել, մտածելով, որ կարող են երկարացնել իրենց իշխանության կյանքը: Եթե այդքանը ժողովուրդը չհասկանա, իշխանություններին հետ չպահի, ապա Հայաստան ու Արցախ չենք ունենալու: Արցախը դառնալու է Նախիջևան, Հայաստանը` Թուրքիայի վիլայեթ:

- Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ արեցին այն հույսով, որ Ադրբեջանը կբացի Լաչինի միջանցքը, սակայն, ինչպես տեսանք, ոչ Վարդանյանի հրաժարականը և ոչ էլ անգամ Հաագայի դատարանի վճիռն Ադրբեջանին չստիպեցին բացել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը:

- Հաագայի դատարանի վճիռը չկատարելու պատճառն այն է, որ մեր իշխանությունները տրվեցին զիջողական քաղաքականությանը: Հաագայի դատարանի կայացրած վճռի հաջորդ օրը Արցախի իշխանությունները գնացել են Ադրբեջանի պահանջները կատարելու ճանապարհով: Հիմա երբ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել, հայտարարում են, որ դադարեցնում են շփումներն Ադրբեջանի հետ, այն ինչ չպետք է սկսեին` մինչև ճանապարհը չբացվեր: Այս ամենին անգամ չի կարելի անվանել փոխզիջում, տեղի ունեցածը միակողմանի զիջում է: