Հայաստանի փաշինյանական տեսլականը

Հայաստանի փաշինյանական տեսլականը

Պատմական տեղեկանք 

1920 թվականի դեկտեմբերի 3-ին (ժ. 02.00-ին) թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշայի և Հայաստանի առաջին հանրապետության նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսյան միջև ստորագրվում է 18 հոդվածից բաղկացած Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Բացի տարածքային ցավոտ կորուստներից և այլ խնդիրներից, պայմանագրով Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցման ճանապարհները, ռազմական միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի տարածքում։  Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։ Հայաստանը կարող էր կառուցել ամրություններ և նրանցում տեղադրել անհրաժեշտ ծանր հրետանի, պայմանով, որ չլինեն 15 սմ տրամաչափի ու հեռահար հրանոթներ: Սակայն այս պայմանագիրը չեղյալ է հայտարարվում և փոխարինվում է 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի, իսկ հետո 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով։

Նման իրավիճակը պայմանավորված էր աշխարհաքաղաքական հարցերում երկրի ղեկավար կուսակցության՝ դաշնակցության սխալ կողմնորոշումներով: Համարյա մինչև վերջին պահը՝ մինչև Հայաստանի առաջին հանրապետության վերացումը, դաշնակցությունը հույս ուներ, որ արևմտյան երկրները տեր կկանգնեն հայոց պետականությանը: Սխալ հաշվարկների արդյունքում վերջինս փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի քաղաքացիական պատերազմում հիմնականում հաղթանակ ապահոված բոլշևիկյան կառավարության հետ, ու մենք մնացինք կոտրած տաշտակի առջև: Հայաստանն, ի վերջո, ոչ միայն բարելավեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլև մտավ նրա կազմի մեջ՝ ունենալով հսկայական տարածքային, մարդկային և նյութական այլ կորուստներ: 

Պատմական այս կարճ էքսկուրսի նպատակը ոչ թե ևս մեկ անգամ իմ և հոդվածի ընթերցողների մեջ անցյալի դառը հիշողություն արթնացնելն էր, այլ ընդամենը զգուշացնել այն տեսլականի առնչությամբ, որ մեզ համար նախապատրաստել է մեր պոպուլիստ վարչապետը: Ըստ Փաշինյան Նիկոլ անուն ազգանունով անձի, որը բախտի բերմամբ դեռևս զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, մեզ սպասում է այն հեռանկարը, ինչից խուսափեցինք 100 տարի առաջ: ներկայացնեմ ընդամենը փաստերը. Փաշինյան Նիկոլը 2016-ի ապրիլյան պատերազմի վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի միջոցով անցյալ տարվա պատերազմից առաջ բարոյազրկեց բանակի ղեկավարությանը: Փոփոխություններ կատարելով բանակի գնումների ռազմավարական պլանում՝ նա ձեռք բերեց անիմաստ (առանց հրթիռների ռազմական ինքնաթիռներ) կամ ոչ թե 80-ականների, այլ շատ ավելի հին («ՕՍԱ-ԱԿՄ» հակաօդային համակարգերի) սպառազինություն: Այնուհետև նախկին երկու պատերազմների բովով անցած հրամանատարներին հեռացնելով բանակի ղեկավարությունից՝ պատերազմը տարավ պարտության: 

Վերջերս էլ ոնց որ թե նպատակ ունի զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈՒ ԳՇ) ղեկավարությանն ազատել աշխատանքից՝ ԳՇ-ն համալրելով արծրունհովհաննիսյանների մակարդակի փոխգնդապետներով: Եվ դա տարօրինակ համարել չի կարելի՝ Թուրքիայի վասալ պետության կամ նույնիսկ տարածքի մի մաս՝ վիլայեթ, դառնալու ճանապարհին Նիկոլին բանակի գրագետ ղեկավարություն պետք չէ՝ այն գործ չունի անելու: Իսկ որ Նիկոլը մեզ տանում է դեպի այդ նպատակակետը՝ բացարձակ չեմ կասկածում: Հենց միայն այն, որ վարչապետի հրաժարականը պահանջող ԶՈՒ ԳՇ հայտարարությունը հեղաշրջման փորձ համարեց միայն Նիկոլը և նրան ձայնակցեց միայն պաշտոնական Թուրքիան, արդեն շատ բան է ասում: Այսօր Նիկոլի միակ իրական դաշնակիցը Թուրքիան է, վաղն այդ երկիրը կլինի հանուն Նիկոլի իշխանության պահպանման տնտեսության մեջ գումարներ ներդրողը, իսկ հետո էլ Հայաստանը կվերածվի Թուրքիայի վասալ պետության: Եթե որևէ մեկը կասկածում է ներկայացված տեսլականի առումով, ապա կարող է այցելել ծովափնյա վրացական Բաթումի քաղաքը կամ էլ նյութեր փնտրել համացանցում Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության մասին: 

Այնպես որ շարունակելով աջակցել պոպուլիստ վարչապետին՝ Հայաստանի երրորդ հանրապետության իբրև թե հպարտ քաղաքացիները կհասնեն փաշինյանական տեսլականի իրականացմանը՝ պետության վերացմանը՝ ճիշտ այնպես, ինչպես դա կատարվեց 100 տարի առաջ Հայաստանի առաջին հանրապետության առումով:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ