Արցախը Փաշինյանն է հանձնել, մեղադրվում է Լավրովը

Արցախը Փաշինյանն է հանձնել, մեղադրվում է Լավրովը

Երբ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ փաստաթուղթ էր ստորագրում, որով ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի արեւմտասեր հանրույթը նրան չէր մեղադրում Արցախը հանձնելու կամ հակահայկական վարքագիծ դրսեւորելու մեջ:

Երբ Փաշինյանն ու նրա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում են, որ իրենց համար ընդունելի են Բաքվի կողմից Հայաստանին ներկայացվող հինգ պահանջները`միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջների բացառում,  սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, կոմունիկացիաների բացում, այդ նույն արեւմտամետ հանրույթը ոչ մի տող չգրեց, թե ինչպես կարելի է առանց Արցախի կարգավիճակի ճգրտման ընդունել Ադրբեջանի պայմանները: Բայց երբ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախորդ օրը հարցազրույցում ասաց այն, ինչ Ռուսաստանը փաստացի ասել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող բանակցությունների ամբողջ ընթացքում, նրան միանգամից հռչակեցին հայ ժողովրդի դարավոր թշնամի ու դավաճան:

Օրը մի քանի հակալավրովյան ստատուսներ գրողները երկու նպատակ են հետապնդում. առաջինը, բնականաբար, Հայաստանում հակառուսականության տարածումն է, հայ հասարակությանը «փաստերով» ապացուցելը, որ Ռուսաստանը մեր թշնամին է եւ ամեն պատեհ ու անպատեհ առիթով թիկունքից հարված հասցնողը, իսկ Ադրբեջանի դաշնակիցն ու բարեկամն է, որ Ռուսաստանը միշտ էլ ուզեցել է հանձնել Արցախն Ադրբեջանին, իսկ Լավրովի հայտարարությունը դրա փաստացի հաստատումն է: Մյուս ավելի կարեւոր խնդիրը իրենց հովանավոր Նիկոլ Փաշինյանի վրայից Արցախի ու Հայաստանի տարածքների հանձնման, պատերազմի ու պարտության մեղքը Փաշինյանի վրայից Լավրովի ու նախկին իշխանությունների վրա գցելն է. խեղճ Նիկոլն ի՞նչ անի, Լավրովն ինքն է խոստովանում, որ այդ տարածքներն իրենք միշտ էլ համարել են Ադրբեջանինը, եւ Ադրբեջանի պատերազմը Հայաստանի դեմ իրենք համարում են արդարացի, քանի որ Հայաստանը կամովին հրաժարվել է վերադարձնել դրանք:

Ուշադիր լսեք Լավրովին եւ կհասկանաք, որ նա իրականում Արցախը հանձնելու մեջ մեղադրում է հենց Նիկոլ Փաշինյանին, ինչը միանգամայն օրինաչափ է: Լավրովն իրարից տարանջատում է Արցախը եւ 7 շրջանները՝ ասելով. «Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի շուրջ 7 շրջան»: Այսպիսով Լավրովն ասում է, որ Ռուսաստանն Արցախը չի համարել Հայաստանի կողմից օկուպացված տարածք, իսկ բանակցություններն էլ ընթացել են այդ 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու շուրջ: Ի տարբերություն Փաշինյանի եւ նրա իշխանության ներկայացուցիչների, Հայաստանի նախկին իշխանությունները եւս մշտապես հայտարարել են, որ այդ 7 շրջանների վերադարձը բանակցությունների առարկա է, եւ դրանք կարող են վերադարձվել Արցախի անվտանգության երաշխիքների դիմաց: Իմ ծանոթներից մեկը դեռեւս 2000-ականների սկզբին էր պատմում, որ բանակցությունների մեկնելուց առաջ Ռոբերտ Քոչարյանը հավաքել է մտավորականության մի ստվար զանգվածի եւ բացատրել, որ բանակցությունների հաջող ընթացքի դեպքում Հայաստանը վերադարձնելու է 7 շրջանները՝ պահելով ԼՂԻՄ-ը եւ Լաչինի միջանցքը: Երբ հայ պահանջատեր մտավորականները բորբոքված խոսել են այն մասին, որ դրանք պատմական Հայաստանի տարածքներն են, Քոչարյանն ասել է մոտավորապես հետեւյալը. «1988-ին ի՞նչ էիք ուզում՝ Ղարաբաղ եւ միացում, ես դա ապահովելու եմ»:

Սերժ Սարգսյանն ընդհանրապես հրապարակային հայտարարեց, որ Աղդամն իր հայրենիքը չէ, պատկերավոր ասելով, որ Հայաստանը հավակնություններ չունի այդ 7 շրջանների նկատմամբ, եւ դրանց վերադարձը բանակցությունների առարկա է: Այդ Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներն էին, որ Սարգսյանից ավելի հայրենասեր ու հայրենատեր երեւալու համար լուսանկարվում էին Աղդամի ֆոնին ու հայտարարում, որ Աղդամն իրենց հայրենիքն է, իսկ հետո պարզվեց, որ ոչ միայն Աղդամը, Արցախը, այլեւ նույնիսկ Հայաստանն իրենց հայրենիքը չէ, որ իրենք ընդհանրապես զուրկ են հայրենիքի զգացողությունից:

Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարության մյուս մասին, ապա Լավրովն ասում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է փաստաթութ ստորագրել՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդպիսով հրաժարվելով պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը, եւ իրենք՝ որպես Հայաստանի դաշնակից եւ բարեկամ երկիր, հարգում են Հայաստանի իշխանությունների որոշումը: Իսկ ի՞նչ պետք է ասեր Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը, որ իրենց համար Փաշինյանի ստորագրած փաստաթուղթն առոչի՞նչ է, թե՞ ասեր, որ անկախ Հայաստանի դիրքորոշումից, Ռուսաստանը շարունակելու է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Այն նույն ժամանակ, երբ Լավրովը հարցազրույց էր տալիս եւ հայտարարում, որ Ադրբեջանը վերադարձրեց իր տարածքները, հայ արեւմտամետների սիրելի Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր Ռուսաստանի վարչապետ Միխայել Միշուստինի հետ եւ ընդգծում հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերություններում արձանագրվող աճի մեջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «անձնական եւ հատուկ դերը»: Ինչո՞ւ, օրինակ, Լավրովին քննադատողներն ու անիծողները չեն պահանջում, որ Փաշինյանն էլ հայտարարի, որ Ռուսաստանն էլ Ուկրաինայից է գրավել Ղրիմը, Դոնեցկն ու Լուգանսկը, Խերսոնի եւ Զապորոժիեի նահանգների զգալի մասը, եւ Հայաստանը հույս ունի, որ Ուկրաինայի բանակը կվերականգնի երկրի տարածքային ամբողջականությունը: Կարող են նույնը պահանջել գոնե Արարատ Միրզոյանից: Նրանք երբեք նման բան չեն հայտարարի, որովհետեւ Լավրովին քննադատելը հեշտ է եւ թույլատրված, իսկ թույլատրվածից դուրս գալը կարող է ծանր անդրադառնալ թե՛ իրենց, թե՛ տարբեր պետական պաշտոններ զբաղեցնող իրենց ազգականների վրա: Այնպես որ՝ «Նիկոլի վկաներ» աղանդի ներկայացուցիչները միայն իրենց ձեւով են արեւմտամետ, իսկ բովանդակությամբ պուտինական են, քանի որ երբ ամեն անգամ իրենց հովվապետը խոնարհվում է Պուտինի ու նրա պաշտոնյաների առաջ, նրա հետ միաժամանակ խոնարհվում են նաեւ նրա արեւմտամետ վկաները՝ հանուն իրենց իշխանության եւ ֆինանսական եկամուտների պահպանման:

Ավետիս Բաբաջանյան