Սրբուհի Գալյանը նախարար է նշանակվել

Սրբուհի Գալյանը նախարար է նշանակվել

Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Սրբուհի Գալյանին նշանակել արդարադատության նախարար»,–ասվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրում։
Սրբուհի Գալյանը 32 տարեկան է։ Նախկինում եղել է արդարադատության նախարարի տեղակալ։ Այժմ գլխավոր դատախազի տեղակալն է և վերահսկում է ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված գործերը։

Հիշեցնենք` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ստորագրահավաք էր սկսվել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։

Հոկտեմբերի 1-ին Մինասյանը հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից, իսկ հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահը ստորագրեց համապատասխան որոշումը։

Դրանից հետո սկսվեց նախարարի թեկնածուի փնտրտուքը։

Թեկնածուների թվում էին ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանն ու Արմեն Խաչատրյանը, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

Նախարար նշանակվելուց առաջ Գալյանը զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: