Վանաձորում ուզում են նոր ընտրություններ անե՞լ, թե՞ Ակայի պաշտոնավարումն են երկարաձգում

Վանաձորում ուզում են նոր ընտրություններ անե՞լ, թե՞ Ակայի պաշտոնավարումն են երկարաձգում

Վանաձորում քաղաքական նոր զարգացումներ են սպասվում։ «ՀԱՍԿ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանի՝ Ակայի գլխին սեւ ամպեր են կուտակվել։ Չնայած նրան քաղաքապետի ԺՊ նշանակել է Նիկոլ Փաշինյանը, բայց ավագանու ՔՊ-ական անդամները նրանից դժգոհ են եւ ուզում են նրան հեռացնել պաշտոնից։ Մյուս կողմից իրավիճակը սրվել է նաեւ այն պատճառով, որ Մամիկոն Ասլանյանն է ազատության մեջ արդեն։

Երեկ Վանաձորի ավագանու անդամները դատարանից ծանուցում են ստացել՝ առ այն, որ «ՀԱՍԿ»-ը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան՝ պատճառաբանելով, թե որպես երրորդ կողմ պատշաճ ծանուցված չի եղել «Լուսավոր Հայաստան կուսակցությունն ընդդեմ Վանաձորի ավագանու» դատական նիստերի մասին։ Դատարանը վարույթ է ընդունել բողոքը, նիստի օր է նշանակել 2025 թ․հունիսի 26-ին։ Այսինքն, Վանաձորի քաղաքապետի ԺՊ-ն փորձում է կանխել իր պաշտոնաթողությունը եւ երկարացնել պաշտոնավարումը։

Վանաձորում մոտ 3 տարի է իսկական շիլաշփոթ է տիրում։ Անգամ ավագանու անդամները չգիտեն՝ իշխանությունն ուզում է գնալ նոր ընտրությունների՞, դրա համար կա՞ն բավարար պատճառներ եւ հիմքեր, թե՞ ուզում են պահպանել այս իրավիճակը, որովհետեւ հայտնի չէ, թե նոր ընտրություններում ով կհաղթի։ 

Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը «Հրապարակ»-ին ասաց, որ ՔՊ-ն, իրենց տպավորությամբ, նոր ընտրություններ է ուզում, իսկ դրան կարող են հասնել 2 տարբերակով՝ ավագանին ցրելով, կամ համայնքների խոշորացման պլանով։  

«Ինչպես ապօրինի քաղաքապետի ժ/պ նշանակեցին, այդպես էլ կարող են նոր ընտրություններ անել։ ՔՊ-ականների կառավարման պարագայում ոնց ուզեն՝ այդպես էլ կարող են անել, օրինակ, կարող են համայնքի նոր խոշորացում անել։ Փաստացի 2,5 տարի ավագանին քաղաքապետի ընտրության օրակարգով նիստ չի գումարել։ ՏԻՄ օրենքի համաձայն՝ ավագանին համարվում է ձեւավորված, երբ առաջին նիստով ընտրվում է համայնքի ղեկավար։ 3 տարի է ապօրինի նշանակված քաղաքապետն է կառավարում Վանաձորը։ Մեկդ ձեզ հարց տվե՞լ եք՝ 3 տարի է ինչո՞ւ քաղաքապետ չեն ընտրում, երբ 33 ավագանու անդամ կա, ովքեր կարող են քվորում ապահովել»,-ասաց Դոխոյանը։

Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանից, որ 2 տարի 7 ամիս կալանքի տակ մնալուց հետո հուլիսի 16-ին ազատ արձակվեց, լրագրողները հետաքրքրվել էին, թե ի՞նչ քայլերի կգնա առաջիկայում, արդյո՞ք 2.5 տարի ժամանակավոր իշխանություն ունեցող Վանաձորում կշարունակի համայնքապետի պաշտոնի համար պայքարը, թե ոչ։ «Ես դեռ չգիտեմ իմ ֆիզիկական վիճակը, հոգեվիճակը։ Ես ոչ մի տեղ չեմ կորելու, ոչ մի բանից չեմ խուսափում, ոչնչից չեմ վախեցել, չեմ խեղճացել, կամքս չի կոտրվել, ընդամենը ես թե մարտավարական, թե այլ գործողությունների առումով պիտի նաև հասկանամ, թե իմ հետագա քայլերի արդյունքում, եթե այս պահին գոնե տուժել եմ միայն ես, չեմ ուզենա, որ տուժեն նաև այլ մարդիկ»։

Բանտից դուրս գալուց հետո Ասլանյանը շեշտել էր՝  իշխանությունների հետ պայմանավորվածությունների չի գնացել իրեն կալանքից ազատելու համար, քաղաքական պայքարից դուրս գալու որոշում էլ չունի։ «Ես շարունակելու եմ մնալ քաղաքական դաշտում։ Ո՞ւմ հետ պիտի ունենամ քաղաքական պայմանավորվածություն։ Իշխանությունների հետ էդքան պայմանավորվածություն ունենայի, 2 տարի 7 ամիս ինձ ինչի՞ էին պահում այստեղ՝ որ պայմանավորվածություն ձեռք բերեի՞ն»,-նշել էր նա։

Ասլանյանը չի համագործակցում, սակայն ՔՊ-ին որոշակիորեն աջակցում են իր խմբակցությունից Գայանե Քալանթարյանը եւ Սերյան Ղամբարյանը, որոնք մասնակցում են ավագանու նիստերին։ Վահե Դոխոյանը նկատում է՝ եթե ՔՊ-ն այսօր ցանկանա իր սրտի քաղաքապետին ընտրել, ապա կարող է, քանի որ «Ասլանյան դաշինքից» ավագանու 2 անդամ համագործակցում է ՔՊ-ի հետ, իսկ մյուս ուժերը մասնակցում են ավագանու նիստերին։ 

«Եթե ավագանու նիստերին չմասնակցեն «Ասլանյան դաշինքի» ավագանու անդամները, ապա ավագանին նիստ գումարել չի կարող, քվորում չի լինի։ Ապօրինի արտահերթ նիստեր են գումարվում, բյուջե են հաստատում, իրենց խնդիրները լուծում են»,-ասաց նա։

Դոխոյանը շեշտեց՝  նոր ՏԻՄ ընտրությունների դեպքում միանշանակ մասնակցելու են, իրենց շանսերը բարձր է գնահատում։  «Մենք միանշանակ մասնակցելու ենք, այս անգամ շատ մեծ հույս ունենք, քանի որ վանաձորցին հնարավորություն  է ունեցել բոլորի իրական դեմքը տեսնելու: Քաղաքապետի ժ/պ-ով քաղաքը մինչեւ նոր, հեթական ընտրություններ հասցնելը վերին աստիճանի խայտառակությունը կլինի ՔՊ-ի համար»,-ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանի ղեկավարած դաշինքը, ընդդիմադիր «Ապրելու երկիրը» և «Հայրենիքը» միասին թվով ավելի շատ ձայներ ունեն, քան «ՔՊ»-ն ու «ՀԱՍԿ»-ը միասին։