Թշնամուն սիրելու պատգամն ուղղված է ոչ թե արտաքին թշնամուն, այլ՝ ներքին

Թշնամուն սիրելու պատգամն ուղղված է ոչ թե արտաքին թշնամուն, այլ՝ ներքին

Մետրոպոլիտենի կայարաններում փակցված հոգեւոր բովանդակությամբ գովազդային վահանակները, որտեղ ներկայացված են Աստվածաշնչից հատվածներ, սոցիալական հարթակներում տարատեսակ քննարկումների տեղիք են տվել։ Հիմնական առարկությունն այն է, թե ով է պատվիրատուն, ով է արտոնել, ինչ ընթացակարգով է հաստատվել այս վահանակների տեղադրումը, եւ ինչու են պատերազմի մեջ գտնվող երկրում Աստվածաշնչից մեջբերվում թշնամու հանդեպ հենց խոնարհություն եւ չափից դուրս մարդասիրություն քարոզող տողերը, ինչպես, օրինակ, սա․ «Օրհնեք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղոթեք»։ 

Երեւանի մետրոպոլիտենն այս կապակցությամբ մեկնաբանություն արեց՝ նշելով, որ պատվիրատուն ցանկություն է հայտնել Երեւան քաղաքի մի քանի վայրերում, այդ թվում՝ Երեւանի մետրոպոլիտենի տարածքում, գովազդային վահանակների վրա Աստվածաշնչից մեջբերում անել եւ տեղադրել, բայց չի ցանկացել իր անձը բացահայտել․ «Պատվիրատուն հավուր պատշաճի դիմել է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմին, որպեսզի նա տա համաձայնություն, այդ թվում՝ 44 մեջբերումների ստուգում իրականացնի։ Հայ առաքելական եկեղեցին բարձր է գնահատել պարտվիրատուի առաջարկը եւ հավելել, որ տեքստերը, որոնք ընտրված են ցուցապաստառների համար, կարեւոր են եւ հոգեւոր նշանակություն կարող են ունենալ դրանք կարդացող յուրաքանչյուր մարդու համար։ Այնուհետեւ պատվիրատուն դիմել է Երեւանի մետրոպոլիտենին եւ ցանկություն հայտնել թվով 25 վահանակներ փակցնել մետրոպոլիտենի կայարաններում։ Կնքվել է համապատասխան պայմանագիր, ըստ որի՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, բացառությամբ Չարբախ կայարանի, արդեն փակցվել են վահանակները»:

Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանից հետաքրքրվեցինք, թե ով է այդ գովազդային վահանակների պատվիրատուն` Հայաստանի՞ց է, թե՞ արտերկրից, ինչո՞վ է պայմանավորված այս գաղտնիությունը, եթե նմանօրինակ աստվածահաճո գործ է նախաձեռնվել։ «Պատվիրատուն ազգությամբ հայ մարդ է, ով չի ուզում, որ իր անունը հայտնի դառնա, եւ խնդրել է, որ անունը չհիշատակենք։ Այլ մանրամասներ չգիտեմ, միայն այն, որ ցանկություն ուներ Աստվածաշունչն ավելի հասանելի դարձնել մարդկանց, ու հատկապես տեսնելով, որ մեր մեջ տիրում է չարության, նախանձի, իրար վնասելու, հայհոյելու միտումը, ցանկացել է փոխել այդ մթնոլորտը, որպեսզի Աստվածաշնչի միջոցով կարողանանք հաղթահարել մեր ներքին բարոյական, ազգային բաժանարար խնդիրները»։ 

Ի՞նչ սկզբունքով են Աստվածաշնչից ընտրվել այդ մեջբերումները, իրենք միայն հաստատե՞լ են պատվիրատուի ընտրածները, թե՞ նաեւ առաջարկել են որոշ մեջբերումներ։ Կարծիքներ կան, որ որոշները կոպտորեն կտրվել են կոնտեքստից։ Բացի այդ, ինչո՞ւ են ընտրվել հենց այն տեքստերը, որոնք խոնարհություն եւ մարդասիրություն են քարոզում մեզ անիծողների, նեղողների ու մեր թշնամիների հանդեպ։ Սաղմոսներում, եւ ոչ միայն, կան նաեւ այնպիսիք, որում քրիստոնյա մարդն Աստծուց զորություն է խնդրում՝ իր չարակամ հարեւաններին ու թշնամիներին պատժելու ու մեծ դատաստանի արժանացնելու համար, ինչո՞ւ ընտրությունը կանգ չի առել այդօրինակ մեջբերումների վրա, պատերազմող երկրում ճիշտ չէ՞ր լինի խոնարհության փոխարեն ոգեղեն ուժ տվող մեջբերումներ փակցնել։ «Մեջբերումներն առաջարկել է ինքը, եւ դրանք ուղղված են ոչ թե արտաքին թշնամուն, այլ՝ մեր ներքին հարցերի կարգավորմանը, եւ երբ ասում է՝ սիրիր թշնամուդ, ներիր թշնամուդ, դրանով ոչ թե մեր ազգային թշնամուն նկատի ունի, որը պատերազմ է մղում մեր դեմ, օկուպացնում է մեր հայրենիքն ու սպանում մեր զինվորներին, այլ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ներքին խնդիրներին, մեր մերձավորներին, ոչ թե արտաքին թշնամուն։ Իսկ Աստվածաշնչում բազմաթիվ օրինակներ ունենք, երբ Քրիստոսն ասում է՝ վաճառեք ձեր հագուստը եւ զենք գնեք, սրով եկողը սրից էլ կգնա։ Կամ՝ Հին կտակարանում ասվում է՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման, այսինքն՝ վրեժի հարց կա․․․»,- ասում է Նոյեմի Անդրեասյանն ու նկատում, որ հիմա բոլորիս նյարդերը պրկված են, ու «թշնամի» բառի հետ կապված՝ այլ ասոցիացիաներ են առաջանում, բայց հաջորդիվ կփորձեն պատվիրատուի ուշադրությունը հրավիրել նաեւ այդ հանգամանքի վրա, որը մեզ կօգնի ոտքի կանգնել նաեւ արտաքին թշնամու դեմ։  

«Աստվածաշնչի տարբեր տպագրություններ կան, որոնք նաեւ աղանդավորական տպագրու-թյուններ են, եւ որոնց մեջ բովանդակությունը եւ կոնտեքստը երբեմն այնպես են վերաշարադրված, որ ամբողջովին սկսում են հակասել Աստվածաշնչի տրամաբանությանն ու ոգուն։ Մենք նայել ենք, որ էջմիածնական թարգմանության հետ համընկնեն ու սխալ չլինեն ձեւակերպումների մեջ»,- ընդգծում է Ն․ Անդրեասյանը։ 

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը հիշում է, որ մետրոյում ժամանակին ոչ պատշաճ գովազդներ էին՝ ծխախոտի, խմիչքի, խաղամոլությունների հետ կապված, որոնք, ցավոք, այսօր շատ ընտանիքների կործանման եւ անհատների ողբերգության պատճառ են դառնում, բայց աստվածաշնչյան թեմաներով այս ցուցանակներն ուրախացրել են իրեն, քանի որ մեջբերումները ճիշտ են արված, ու տեքստերը հանաձայնեցված են եղել Արարատյան հայրապետական թեմի հետ։

Տեր հայրը կարծում է, որ այս տեսակ հոգեւոր պատգամները մեր հասարակությանը շատ պետք են․ «Մեր հասարակության մեջ, ցավոք, այդ թշնամանքը, ատելությունը կան միմյանց նկատմամբ, փոխարենը՝ հանդուրժողականություն կա արտաքին թշնամիների նկատմամբ, իսկ իրականում պետք է լինի հակառակը․ պետք է լինեն սեր, համերաշխություն, միաբանություն մեր ազգային հարցերում, որպեսզի արտաքին մարտահրավերներին կարողանանք դիմակայել։ Այսինքն՝ ոչ թե պետք է իրար վնասենք, միմյանց նեղացնենք, իսկ թշնամիներից վախենանք, այլ՝ հակառակը։ Օրինակ՝ Նեեմի 4.8-ում ասվում է՝ թշնամիներից մի վախեցեք եւ ձեր հայրերի, մայրերի, քույրերի, եղբայրների ու տների համար պատերազմեցեք։ Այսինքն՝ մենք պետք է արտաքին թշնամիներից չվախենանք եւ անհրաժեշտության դեպքում մեր հայրերին, մայրերին, քույրերին, եղբայրներին ու նաեւ մեր տները պաշտպանենք թշնամիներից։ Այս հատվածը որ Աստվածաշնչում կարդում ես, մտածում ես, որ, հավանաբար, դրանից հետո մեծ պատերազմ է եղել, բայց ինչ է գրված, ասում է՝ մեր թշնամիները տեսան, որ մենք միաբանված ենք եւ պատրաստ ենք իրենց դիմագրավելու, եւ մենք տեւական խաղաղություն ունեցանք եւ սկսեցինք կառուցել մեր քաղաքները։ Նման իրավիճակ է հիմա Հայաստանում․ մենք պետք է ներազգային հարցերում սեր, միաբանություն ունենանք, համախմբված լինենք ազգային շահերի, մեր սահմանների, զինվորների, պետության անվտանգության շուրջ։ Մեր հարաբերությունները կարգավորենք բարեկամական երկրների հետ, որոնց աջակցությամբ կարող ենք նաեւ այս ծանր վիճակից դուրս գալ, բայց, մեծ հաշվով, հույսը դնելով Աստծո եւ մեր ուժերի վրա»։

Ավելի լավ չէ՞ր լինի, որ խոնարհություն եւ մարդասիրություն քարոզող պատգամների փոխարեն արթնության կոչեր եւ ոգեղեն ուժ տվող մեջբերումներ փակցվեին։ «Այդ տեսակ մեջբերումներ զորանոցներում, ռազմական հաստատություններում են լինում ավելի շատ, իսկ մետրոյի մեջ կարող է լինել, որովհետեւ մետրոյում ոչ թե զինվորներ են, այլ շարքային քաղաքացիներ։ Իհարկե, Աստվածաշնչից համարներ կան, որ զորամասերում՝ պատերի վրա ամրացված էին լինում, ինչպես իմ ծառայության ժամանակ։ Օրինակ՝ ով սրով կգա, սրով էլ կընկնի։ Բայց նմանօրինակ բաները կարելի է օգտագործել բանակում, ռազմական հաստատություններում»,- ասում է Տեր Վրթանեսն ու ընդգծում, որ եկեղեցու համար հայրենիքի անվտանգությունն առաջնային է, եւ պետության համար էլ թիվ մեկ խնդիրն անվտանգությունը պետք է լինի։ Ինչ վերաբերում է պատվիրատուի անձին, նկատում է, որ, ի տարբերություն կեղծ բարերարների, որոնք Հիսուսի արձան են ուզում կանգնեցնել՝ զվարճանքի տարբեր վայրերով, հյուրանոցներով, այս բարեգործը չի ուզեցել թմբկահարել իր անունը։