ԲՈԿ-ի խիստ քայլերը եվ վարչապետին ներկայացված 6 դոկտորների որակի չափանիշը

ԲՈԿ-ի խիստ քայլերը եվ վարչապետին ներկայացված 6 դոկտորների որակի չափանիշը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մեծ (Կապանի) ասուլիսի ժամանակ հնչեցրեց 100 քայլ, որոնցից մեկը վերաբերում էր ՀՀ ԿԳՄՍ բարձրագույն որակավորման կոմիտեին՝ ԲՈԿ-ին: Մասնավորապես բարձրաձայնեց թվեր գիտական աստիճաններ ստացած անձանց վերաբերյալ` շեշտը դնելով 2018 եւ 2019 թթ. համեմատության վրա: Նշեց, որ 2018թ. գիտությունների թեկնածուի աստիճան է ստացել 317 հոգի, դոկտորի գիտական աստիճան՝ 42, իսկ 2019թ. գիտությունների թեկնածու` 117 եւ դոկտոր` 6 հոգի: Եվ այստեղ վարչապետը միտումնավոր դանդաղեց ու շեշտադրում արեց վերջին 6 դոկտորների վրա՝ հավելելով, որ դրանք իսկական դոկտորներ են, քանի որ դրանց թիվը քիչ է: Անզուսպ ցանկություն առաջացավ անմիջապես արձագանքել սույն հայտարարությանը, սակայն սպասեցինք՝ մտածելով, որ համապատասխան մարմինը` ԲՈԿ-ը, բացատրություն կտա սույն հարցի վերաբերյալ, սակայն` ավաղ… 

Կարծում էինք, որ կասեն, թե վարչապետին տվյալը ներկայացվել է բոլորովին այլ աղբյուրից։ Սակայն` ոչ, ԲՈԿ-ն այդպես էլ ազնվություն չցուցաբերեց, որ հրապարակի իրականությունը, թե ինչու է այդ երկու տարիներին գիտական աստիճան ստացողների թիվն արձանագրել նման տարբերություն: Ավելի ուշ իմացանք, որ վարչապետի ասուլիսից օրեր առաջ «Շանթ» հեռուստաընկերության եթերում նույն թվերը հպարտությամբ հրապարակել է ԲՈԿ նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը, իսկ բաժնի պետերից մեկն էլ` Ս. Աղաջանյանը, ասել է, որ դա այժմյան ղեկավարության խստության արդյունքն է: 

Բազում հարցեր են ծագում. 1. «Ղեկավարության խստություն» ասելով՝ ի՞նչ նկատի ունեն: Ի՞նչ խստության մասին է խոսքը` ա. ի՞ր նկատմամբ,  բ. խորհուրդների՞ նկատմամբ, գ. հայցորդների՞ նկատմամբ: Օրինակ, եթե իր նկատմամբ, ապա ի՞նչ խստություն է ցուցաբերում ղեկավարությունը, որ նույն կազմակերպությունում 20-ամյա աշխատանքից հետո ցանկալի արդյունք է տալիս: Իսկ ԲՈԿ նախագահի տեղակալին` Լիլիթ Մկրտչյանին, հանդիպել եմ ԲՈԿ-ում, մոտավորապես 1 տարի առաջ, երբ ԲՈԿ նախագահն իր ասուլիսում հայտարարում էր, որ նա իր ղեկավարած կազմակերպության միակ աշխատողն է, ով առավոտ 8։30-ին գալիս է աշխատանքի եւ ամբողջությամբ նվիրվում գործին:

Բայց ԲՈԿ-ում այդ կարծիքը, մեղմ ասած, չէին կիսում, ասում էին, որ նա ոչ մի կապ չունի ոլորտի հետ: Ավելին՝ մեր զրույցի ժամանակ, որը վերաբերում էր ԲՈԿ-ի կողմից ընդունելի հանդեսներին եւ մասնավորապես՝ գործող ցուցակն անօրինական ճանապարհով կասեցնելուն, Մկրտչյանը չկարողացավ որեւէ հոդաբաշխ միտք հայտնել, բացի «արտագրություն» բառից, որը ոչ մի կապ չուներ բարձրացված հարցի հետ, եւ ես այլեւս անհնարին համարեցի նրա հետ շարունակել զրույցը՝ հասկանալով, որ եթե ցանկություն ունեմ դոկտորական ատենախոսություն պաշտպանելու, ապա հնարավորություն պետք է փնտրեմ այլ երկրում, որքան էլ դա ցավալի է:

Հետո իմացա, որ ասուլիս է հրավիրել նաեւ ինքը՝ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, եւ հույսի նշույլ ծագեց, որ նա կբարձրաձայնի ճշմարտությունն ու կպարզաբանի, թե ինչպես են ստացվել այդպիսի որակյալ դոկտորներ, բայց դարձյալ սին հույսեր: Կրկին հնչել են նկատառումներ սիրելի թեմայով` արտագրության, գրագողության, որից նա, իր տեղակալը, բաժնի պետը ոչինչ չեն հասկանում։ Չգիտեն, որ իրենց կառույցն ընդհանրապես դրա հետ կապ չունի` ուղղակի չունի նման գործառույթ, բայց ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում են դրա մասին եւ ինչ-ինչ առիթներով օգտագործում դա…

Հիմա՝ իրականությունը. առաջին «խիստ քայլը» եղավ այն, որ ԲՈԿ նոր ղեկավարությունը, առանց որեւէ քննարկման, որեւէ կարծիք հաշվի առնելու, ստեղծեց մասնագիտական խորհրդի աշխատանքի նոր կանոնակարգ, որի բազմաթիվ կետերով խախտվել է 1997թ. օգոստոսի 8-ին ՀՀ կառավարության թիվ 327 որոշմամբ հաստատված, իսկ հետագայում ՀՀ կառավարության այլ որոշումներով փոփոխված «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը»՝ առաջացնելով խառնաշփոթ։ Այն դեպքում, որ տվյալ փաստաթուղթը ստեղծելիս պետք է ղեկավարվեն հենց դրանով: Սրա արդյունքում ուղղակի դադարեցրին շուրջ 60 տարի գործող մասնագիտական խորհուրդների գործունեությունը, որոնք վերաբացվեցին մոտավորապես 6 ամիս հետո: Այս դեպքում չէին կարող տեղի ունենալ պաշտպանություններ, եւ նաեւ այդ պատճառով է պակասել վկայագիր ստացածների քանակը:   

Երրորդ «խիստ» քայլը ԲՈԿ-ի ղեկավարության սիրելի թեման է` գրագողություն: Եթե չեն գործում մասնագիտական խորհուրդները, ընդունելի տպագիր պարբերականները, այսինքն` եթե այն գործիքները, որ անհրաժեշտ են ատենախոսության պաշտպանության համար, դադարեցված են, ապա ինչպե՞ս պաշտպանեն ատենախոսությունները: 

Սրանք ականներ են, որ ԲՈԿ ղեկավարությունը, անունը «խստություն» դնելով, ուղղակի խոչընդոտում է ատենախոսությունների պաշտպանություններին: Մինչդեռ, այս պետական կառույցը ստեղծված է ոչ թե խոչընդոտելու (ինչը ոչ մի կերպ խստություն չէ), այլ ոլորտը կարգավորելու եւ միայն ու միայն աջակցելու համար: Ահա թե որտեղ է թվերի տարբերության գաղտնիքը, եւ այն ոչ մի կերպ չի արտացոլում պաշտպանած եւ գիտական աստիճան ստացած ատենախոսության որակը, ինչպես վարչապետը ներկայացրեց: Իսկ սա արդեն ԲՈԿ-ի ղեկավարության կողմից վատ ծառայություն է վարչապետին: 

2018թ. լիարժեք գործում էր ԲՈԿ-ի կողմից ընդունելի հանդեսների ցանկը, որը 2018թ. դեկտեմբերին ԲՈԿ-ի ղեկավարության ինքնիրավչության («խստության»)  արդյունքում վերացվեց: Ահա, երկրորդ «խիստ» քայլը եւ անմիջական պատճառներից մեկը պաշտպանությունների ընթացքը դանդաղեցնելու, իսկ որոշ դեպքերում՝ դադարեցնելու համար:      
Ի դեպ, ԲՈԿ նախագահը 2018թ. դոկտորի գիտական աստիճան ստացողներից է, գիտական աստիճանը ստացել է ԲՈԿ նախագահ նշանակվելուց հետո եւ վարչապետի ասած՝  «իսկական» դոկտորներից չէ:  

Իմիջիայլոց, «Շանթ» հեռուստաընկերության հարցազրույցը վարող հաղորդավարուհին մինչ այն սկսելն ասաց. «Ոչ վաղ անցյալում մեզ մոտ կոչումները տրվում էին որոշակի օրինախախտումներով, սակայն հետհեղափոխական Հայաստանում բարեփոխումներ իրականացվեցին նաեւ այս ոլորտում։ Այդուհանդերձ, անելիքներ շատ կան։ Ինչ նորություններ դեռ ունենք այս ոլորտում, կամ, առհասարակ՝ ինչպես պետք է տրվեն գիտական կոչումները՝ պարզենք ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ»: Իրականում խոսքը գիտական աստիճանների մասին է, բայց ոչինչ, կարեւորը հաղորդավարուհու հնչեղ, տպավորիչ ձայնն էր, ուղղող էլ չկար:             

Սակայն վերջում այդպես էլ չպարզեցին ո՛չ նախկին օրինախախտումները, ո՛չ էլ հետհեղափոխական Հայաստանի ԲՈԿ-ի իրականացրած որեւէ բարեփոխում: Այսպես է լինում, երբ համատիրության նախագահը նշանակվում է ԿԳՄՍ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ եւ իրեն տեղակալ է կարգում արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցին:  

Ավելորդ է վերլուծել այդ ոլորտների սերտ կապը: Եվ այդպես է պատահում, որ գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներն այլ երկրներում են փնտրում իրենց նպատակին հասնելու ճանապարհը: 


Թերեզա ՄԱՆՈՒԿՅԱՆ