Մի խփիր զինակցիդ ո՛չ հետեւից, ո՛չ առջեւից

Մի խփիր զինակցիդ ո՛չ հետեւից, ո՛չ առջեւից

Չգիտեմ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խորհուրդ ընդունում է, թե՝ ոչ, այնուհանդերձ, տեղին եմ համարում որոշ խորհուրդ-հորդորներ փոխանցել նրան ամենաանկեղծ ու ազնիվ մղումներով: Նրա՝ ազգային-պետական գործչի հանդեպ միշտ հարգալից վերաբերմունք եմ ունեցել, արժեւորել եմ նրա անուրանալի ծառայությունները՝ միաժամանակ հստակ գիտենալով, թե նա ինչ սխալներ է գործել, սակայն այդ մասին հրապարակավ երբեւէ բառ անգամ չեմ ասել՝ գիտակցելով, որ դա ավելի շատ ուրիշների գործն է: Ես չէի ցանկանա, որ առաջին նախագահի կերպարը հերթական անգամ նսեմանա լրիվ անպատեհ տեղը, երբ իսկական առիթ է ընձեռված՝ ողջ ներուժով ի ցույց դնելու քաղաքական, քաղաքացիական ու մարդկային մեծությունը: Այնինչ…

Իմ մտահոգությունը Լ. Տեր-Պետրոսյանի վերջին ելույթների հատկապես այն դրվագների առնչությամբ է, որ ուղղված են Արցախի առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Չափազանց տարակուսելի է Տեր-Պետրոսյանի պահվածքը. այս ճակատագրական պահին վիրավորանքներ շաղ տալ մեկի հասցեին, ով խիզախել է երկիրը փրկել պատուհասից, դա ուղղակի նման է թիկունքից հարվածի: Հատկապես, որ այդ պատուհասի դեմ ինքդ ես փորձում պայքարել (թե՞ դա միայն ձեւական փորձ է): Որքան էլ առաջին նախագահը կամենա ուրանալ երկրորդին, միեւնույն է՝ նրանք զինակիցներ են, նրանք միասին երկար ու վճռորոշ ճանապարհ են անցել: Զինակիցներին եթե անգամ չեն պաշտպանում, ապա տմարդություն է ընդհանրապես նրանց դեմ հանդես գալը: Լռելը նույնպես հարգանք է զինակցի հանդեպ, չի կարելի նրան խփել ո՛չ հետեւից, ո՛չ առջեւից՝ թեկուզեւ խայթոցների, վիրավորանքների ձեւով:

Հատկապես այսպիսի դժվարագույն օրերին, երբ խորհրդարանական ընտրությունները վերածվել են իսկական քաղաքական ճակատամարտի: Իսկ մարտի ժամանակ զինակցին պաշտպանում են. դա է թելադրում իրավիճակը: Ներկա պահին այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ առաջին նախագահի գլխավոր մտահոգությունն է Ռոբերտ Քոչարյանին կանխելը, որ նա իր դաշինքով հաջողության չհասնի ընտրություններում:

Լ.Տ․Պ.-ն իր պահվածքով կարծես հուշում է, որ նա առավելս կհամաձայնի ներկա դավադիր իշխանության վերարտադրությանը, քան Ռ. Քոչարյանի ընտրությանը: Կասեն՝ սխալ տպավորություն է. ինքս շատ կուզենայի, որ սխալ լիներ, բայց կա այդ տպավորությունը, եւ դրա հեղինակն առաջին նախագահն է: Նախանձի հետեւանքո՞վ է դա, չարամտությա՞ն, փոքրոգությա՞ն, թե՞ մի այլ արատավոր երեւույթի…

Ուզում եմ եղբայրաբար ասել. մեծարգո առաջին նախագահ, խնդրում եմ՝ եղեք լայնախոհ ու հեռատես, եղեք մեծահոգի ու ընկերասեր, մի տրվեք մանր կրքերին, հիմա առավել քան մանրախնդրության ժամանակը չէ: Մի հարվածեք նրանց, ովքեր արժանի չեն դրան, հատկապես, որ հարված ստացողները երբեւէ հրապարակավ Ձեզ չեն նսեմացրել, միշտ պահպանել են պատշաճությունը: Ռոբերտ Քոչարյանը դրա լավագույն օրինակն է, պաշտպանեք նրան, նա Ձեր զինակիցն է: Նա իսկապես այն իրական ուժն է, որ մեր երկիրը հանելու է այս ծանրագույն վիճակից: Համախմբվեք նրա հետ՝ հանուն Հայաստանի ու Արցախի սիրո: Ուրիշներին եւս ներգրավեք այդ համախմբումի մեջ: Օգնեք, որ հաղթի Հայաստանը: Եվ Դուք կրկին մեծ կլինեք:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Բանաստեղծ