Ինչու է գաղտնի պահվում հայ-թուրքական հանդիպումը․ ով է շահագրգիռ կողմը

Ինչու է գաղտնի պահվում հայ-թուրքական հանդիպումը․ ով է շահագրգիռ կողմը

Դեռ անցյալ ամիս «Հրապարակ»-ը գրել էր  սահմանամերձ Ախուրիկ գյուղին սահմանակից Աքյաքա թուրքական գյուղում տեղի ունեցած հայ-թուրքական պատվիրակների հանդիպման մասին։ Գաղտնի հանդիպումից մեզ որոշ մանրամասներ էին հայտնի դարձել, որը երեկ  «Ազատության» հետ զրույցում  հաստատել է Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Վերջինս մեր հրապարակած տեղեկությունից բացի այլ մանրամասներ կարծես թե չի էլ հայտնել․

«Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը:Գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: Հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում»,-լրատվականին ասել է նա: Մինչդեռ մենք գրել ենք, որ հանպիպումը տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ փոխնախարարների մակարդակով, հայկական պատվիրակությունը մոտ 10 հոգուց է բաղկացած եղել, այդ թվում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ են ներկա գտնվել։ Թուրքական կողմի ներգրավվածությունն առավել շատ է եղել՝ մոտ 30 հոգի։

Նշենք, որ մեր ունեցած նոր տեղեկություններով՝ առաջիկա ամիսներին՝ մինչև տարեվերջ կրկին հանդիպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, ինչը սակայն դեռևս ձգձգվում է: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հայկական կողմը շահագրգռված է հանդիպումով, ցանկություն է հայտնել կրկնել այն, քննարկել եւ արագացնել երկաթգծի բացման հարցը, սակայն թուրքական կողմը դեռևս հապաղում է։ Ավելին, հանդիպումը գաղտնի պահելու, մամուլում հանդիպման արդյունքների մասին հրապարակումներ չանելու առաջարկը ևս թուրքական կողմինն է եղել: Մեր աղբյուրը վստահեցնում է, որ այս տարի երկու կողմերի  կրկին հանդիպելու հավանականությունը զրո է, նոր հանդիպում, հավանաբար, նախատեսվում է կազմակերպել փետրվար-մարտ ամիսներին: Պատճառը թերևս այն է, որ մինչև գարուն նախատեսվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ամբողջական համաձայնեցում, որն էլ որոշիչ դեր է խաղալու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: