Ինչ կապ կա ԵՊՀ-ի հիդրոտարայի և իմ տրամաբանելու ունակության միջև

Ինչ կապ կա ԵՊՀ-ի հիդրոտարայի և իմ տրամաբանելու ունակության միջև

 

Հիմնականում ԵՊՀ-ն խմելու ջրի խնդիր չի ունենում: Շատ քիչ են դեպքերը, երբ պլանային կամ վթարային ջրանջատումների արդյունքում ԵՊՀ մասնաշենքերը ջրազրկվում են: 
2019թ․ մայիսի 30-ին Գեւորգյան Գեղամն ընտրվեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Շատ կարճ ժամանակ անց վերջինս որոշեց, որ ԵՊՀ-ին անհրաժեշտ է խմելու ջրի բաք՝ հիդրոտարա: Ընդ որում, Գեւորգյան Գեղամի՝ հիդրոտարա ձեռք բերելու ցանկությունն այնքան մեծ էր, որ ԵՊՀ-ում հիդրոտարայի մոնտաժման աշխատանքների մրցույթը հրապարակվել է հրատապ գնման ընթացակարգով: Այսինքն, վստահ կարելի է պնդել, որ խոսքը համարյա ֆորսմաժորի մասին էր: Մի խոսքով, Գեւորգյան Գեղամի ընտրվելուց եւ պաշտոնին ընտելանալուց շուրջ մեկ ամիս անց կազմակերպվում է հիդրոտարայի ձեռքբերման գործընթացը: Ըստ ԵՊՀ պաշտոնական կայքում զետեղված տվյալների՝ 24-09, 2019թ․ հուլիսի 10-ին հայտարարվել է հիդրոտարայի մոնտաժման աշխատանքների մրցույթ, իսկ մրցույթի կազմակերպման վերաբերյալ հայտարարությունը տեղադրվել է www.armeps.am եւ www.gnumner.am կայքերում։

Բացի այդ, ըստ ԵՊՀ կայքի, 16.07.2019 թ. www.gnumner.am կայքում տեղադրվել է մրցույթի արձանագրությունը, 22.07.2019 թ. www.gnumner.am կայքում տեղադրվել է պայմանագիրը կնքելու մասին որոշումը, իսկ 26.07.2019 թ. նույն կայքում հրապարակվել է կնքված պայմանագրի մասին հայտարարությունը: Եթե այցելենք ԵՊՀ-ի կողմից նշված կայքերը եւ գտնենք ԵՊՀ-ին վերաբերող տեղեկատվությունը, ապա կհայտնաբերենք, որ ո՛չ 16.07.2019թ․, ո՛չ 22.07.2019թ․, ո՛չ էլ 29.07.2019թ․ ԵՊՀ-ի կողմից այդ կայքերում որեւէ տեղեկատվություն չի տեղադրվել: Ավելին, 2019թ․ հուլիսին ԵՊՀ-ի կողմից նշված կայքում հրապարակումներ են տեղադրվել 04.07.2019թ․, 11.07.2019թ․ եւ 23.07.2019թ․, իսկ հիդրոտարայի վերաբերյալ առաջին տեղեկությունը զետեղված է www.gnumner.am կայքի 11.07.2019թ․ հրապարակված տեղեկատվության մեջ, ըստ որի՝ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամը նախատեսում է «ԵՊՀ-ի կարիքների համար, ԵՊՀ-ի խմելու ջրի կուտակային 80 տ տարողությամբ հիդրոտարայի կառուցման աշխատանքների համար» վճարել 27 մլն ՀՀ դրամ: Թե ինչ է եղել դրանից հետո, չգիտեմ, քանզի հասանելի եւ հանրամատչելի տեղեկատվության աղբյուրներում ԵՊՀ-ի հիդրոտարայի վերաբերյալ տեղեկատվությունն այլեւս բացակայում է:

2019թ․ սեպտեմբերի 22-ին «Արմենիա» հեռուստատեսությամբ անդրադարձ եղավ ԵՊՀ-ի հիդրոտարայի առեղծվածին: Պարզվեց, որ իրավապահները եւս հետաքրքրված են հիդրոտարայով, մասնավորապես վերջինիս ծագումնաբանությամբ եւ հատկապես արժեքով: Սակայն խնդիրն ամենեւին դա չէ:

Եթե համադրենք առկա փաստերը, ապա ակնհայտ կլինի, որ Գեւորգյան Գեղամի՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվելուց հետո ԵՊՀ առաջնահերթ եւ հրատապ խնդիրը դարձավ հիդրոտարայի ձեռքբերումը: Տվյալ գործարքն այդքան հրատապ էր, որ, ամենայն հավանականությամբ, հիդրոտարայի ձեռքբերման գինն այդքան էլ կարեւոր չէր: Քանի որ խոսքը գնում է խմելու ջրի մասին, ապա հիդրոտարայի ձեռքբերման հրատապությունը կարող էր պայմանավորված լինել ԵՊՀ-ում սպասվող հաճախակի ջրանջատումների վերաբերյալ առկա օպերատիվ եւ, միգուցե, գաղտնի տեղեկատվությամբ: Թերեւս դա էր պատճառը, որ ամիսներ շարունակ ԵՊՀ-ի վերաբերյալ գրվել է ամեն ինչ, սակայն ոչ մի խոսք չի գրվել 27 մլն հիդրոտարայի մասին: Անձամբ ես կարծում էի, որ ԵՊՀ-ում սպասվող հաճախակի ջրանջատումների վերաբերյալ ԵՊՀ ղեկավարության օպերատիվ տեղեկատվությունը հավաստի է, եւ դրա ֆոնին անտեսում էի ԵՊՀ-ի՝ www.gnumner.am եւ այլ կայքերին հղումների անհամապատասխանությունը:
Անցան ամիսներ: ԵՊՀ-ն ունի 27 մլն-անոց հիդրոտարա:

Ընդունենք, որ այն մոնտաժվել է 2019թ․ օգոստոսին: Այցելելով «Վեոլիա ջուր» ընկերության կայքի ջրանջատումների էջը՝ տեղեկանում ենք, որ 2019թ․ օգոստոս ամսից սկսած, ԵՊՀ-ում պլանային կամ վթարային ջրանջատում է եղել միայն երկու օր՝ 20.11.2019թ․ եւ 24.12.2019թ․՝ https://www.veolia.am/hy/consumers/jranjatowmner: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այդ երկու օրը, հիդրոտարայի առկայության պայմաններում, ԵՊՀ-ում խմելու ջուր չի եղել: Սա նշանակում է, որ կա՛մ ԵՊՀ ղեկավարության հաճախակի ջրանջատումների վերաբերյալ տեղեկատվությունը ճշգրտված չէր, կա՛մ էլ ԵՊՀ-ն շատ հարուստ եւ միաժամանակ անտրամաբանական կառույց է, որին հրատապ անհրաժեշտ խմելու ջրի հիդրոտարան ջուր չեղած ժամանակ չի ծառայում որպես ջրի աղբյուր:

ՀԳ. Վերջերս ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեւորգյան Գեղամը, նկատի ունենալով «Հրապարակ» օրաթերթում իմ հրապարակումները, հարցրել է, թե արդյոք Կարեն Հեքիմյանը տրամաբանություն ունի՞: Ի պատասխան կասեմ, որ տրամաբանության խնդիրներից մեկը ենթադրության եւ եզրակացության միջեւ կապի ստեղծումն է: ԵՊՀ-ի հիդրոտարայի օրինակով փորձեցի հասկանալ ԵՊՀ ղեկավարության տրամաբանությունը: Ցավոք, չհասկացա: Երեւի իրոք տրամաբանություն չունեմ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ