Պատասխանատվությունն ամբողջությամբ դրված է պաշտոնական Երեւանի վրա

Պատասխանատվությունն ամբողջությամբ դրված է պաշտոնական Երեւանի վրա

 «Հրապարակը» անդրադառնալով այսօր Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը, գրել է, որ «իշխանական շրջանակներում չեն բացառում, որ փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու արձանագրություն ստորագրվի, ավելին՝ վստահ են, որ արդեն ստորագրված է, պարզապես մնում է ճիշտ վայրն ու տեղն ընտրել՝ այդ փաստաթուղթը հրապարակայնացնելու համար»։ 

Այս վարկածը կարող է լինել բավական հավանական, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանն, ըստ ամենայնի, Արցախյան հարցը համարել է Հայաստանի եւ հայ ժողովրդի առաջնահերթություն, ինչպես նախօրեին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, շեշտելով, որ Ռուսաստանն այս հարցում միջնորդ է։ 

Այսինքն՝ Մոսկվան այս հարցով հայտարարեց, որ պատասխանատվությունն ամբողջապես դրված է պաշտոնական Երեւանի վրա։ Միացյալ Նահանգներն էլ, ըստ էության հայտարարում են, որ իրենց համար կարեւորը Հարավային Կովկասում իրենց շահերն են, իսկ թե հանուն այդ շահերի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության բանակցությունները որտեղ կկայանան՝ Վաշինգտոնում, Բրյուսելում թե աշխարհի այլ կետում /նկատի է առնվում Մոսկվան բնականաբար/ էական չէ։ 

Ընդ որում, ԱՄՆ-ն շեշտում է ուղիղ բանակցությունների անհրաժեշտությունը։ Այս ամենը նկատի ունենալով, կարելի է ենթադրել առնվազն մի քանի բան 

• Մոսկվան՝ Հարավ-Կովկասյան սցենարի ցանկացած զարգացման դեպքում ունի հետագայի իր կատարելիք գործողությունների կամ «վարքագծի» համար պահեստային մեկ կամ մի քանի տարբերակներ։ 

• Վաշինգտոնն էլ, ունի իր պահեստային տարբերակները այն առնչությամբ, թե դեպքերը ինչպես կզարգանան Հարավային Կովկասում, ներառյալ նաեւ, եթե Վրաստանի վրա իր ազդեցությունը փոքր ինչ թուլանա նաեւ։ 

• Եթե Մոսկվայում այսօր ինչ որ փաստաթուղթ ստորագրվի կամ արդեն ստորագրված փաստաթուղթ հանրայնացվի, ապա կարելի կլինի ասել, որ եւ Երեւանը, եւ Բաքուն հայ-ադրբեջանական կարգավորման «Արեւմտյան հարթակի» կուրատորներին տեղեկացրել են, որ հաշվի առնելով Մոսկվայից ունեցած իրենց որոշակի կախվածությունը, չէին ցանկանա «նեղացնել» Ռուսաստանին եւ անկախ այն հանգամանքից, թե կարգավորման որ տարբերակին են իրենք անձամբ կողմնակից, որոշակի դերակատարություն կվերապահվի ռուսական կողմին։ Ընդ որում, այս մասով հնարավոր է, որ Արեւմուտքը որոշակի ըմբռնում է ցուցաբերել։

• Որեւէ կերպ չի բացառվում, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթուղթ ստորագրեն, ապա Ռուսաստանը Արցախի եւ արցախահայության խնդիրները, գոնե ընթացիկ փուլում կկարգավորի արդեն Մոսկվա-Բաքու հարաբերությունների համատեքստում։