Մարաշի երկրաշարժ, ոչ թե՝ Կահրամանմարաշի

Մարաշի երկրաշարժ, ոչ թե՝ Կահրամանմարաշի

Նիկոլ Փաշինյանի ձախավեր կառավարությունում կրթության նախարարի պաշտոն զբաղեցրած անձանց անունները լսելիս մտքում հառնող ածականները անգրագետ, ոչ ադեկվատ, անպարկեշտ ու ավելի բացասական որակումներն են: Ասենք, որքան պետք է անձն անգրագետ ու անպարկեշտ լինի, որ հայերեն ութ տողանոց տեքստում յոթ տառասխալ անի (ներառյալ` «ընդգրկող» եւ «յուրաքանչյուր» բառերում, ինչի համար նույնիսկ տարրական դպրոցի երեխան կամաչեր) եւ այդ գրագիտության ու մտավոր ունակությունների մակարդակով շարունակի նախարարի պաշտոն զբաղեցնել (ժամանակին այդ գրությունը մեծ աղմուկ բարձրացրեց): Իսկ դա այն է, որ, ի տես ողջ երկրի, արեց «Դդում» մականունով Արայիկ Հարությունյանը: 

Կամ՝ Հարությունյանին հաջորդած, զառամախտով տառապող Դումանյան ազգանունով անձը, որ երկու հոդաբաշխ նախադասություն չէր կարողանում արտաբերել, հիմա էլ գնացել է նախագահական պալատում խորհուրդներ տալու: Այդ անձի մտավոր արգելակումները թույլ տալի՞ս են խորհուրդ գոնե ընկալել, որ գործը հասնի խորհուրդ տալուն… Օսկար Ուայլդը զուր չի ասել, թե «Ով չի կարող սովորել, սկսում է սովորեցնել»: Այլեւս չասած, թե ինչ է մնում մտածել նրա մասին, ով ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանից խորհուրդներ է վերցնում: 

Այժմ էլ այս վերջին` ՀԿ-ներից եկած թյուրիմացությունը` Անդրեասյան… Այս հերթական աթոռ զբաղեցնողին նույնիսկ անդրադառնալ չարժե, քանի որ նա սերում է ՀԿ-ական միջավայրից, ինչն արդեն բնութագիր է ու այցեքարտ: Հայաստանյան ՀԿ-ներում դեգերող անձանց` մարտնչող անգրագիտությունից մինչեւ ազգային, ռասայական, կրոնական, սեռական, մարդկային, առհասարակ՝ որեւէ ինքնությունից զուրկ վիճակը նույնիսկ փիլիսոփայական հարց է առաջացնում. իրենց պետք է ընկալել որպես մա՞րդ, թե՞ դրամաշնորհային ֆորմայով դակված կլոն: 
Իհարկե, այնպես չէ, թե այս մարդկային կիսատ-պռատություններից առաջ պաշտոնավարածներն ավելի արժեքավոր մեկն են եղել` Արմեն Աշոտյանից սկսյալ ու դեպի ետ: Բայց ինչո՞ւ այս պահին հանկարծ այս մոռացված ու փոշեպատ անձանց` ՀՀ ներկա ու անցյալ կրթության նախարարներին հիշելու առիթը եղավ: 

Ինչպես ամենքը գիտեն, երկուշաբթի օրը՝ լուսաբացին, Արեւմտյան Հայաստանի տարածքում՝ Կիլիկիայում, բարձր ուժգնության երկրաշարժ էր եղել՝ Այնթապ քաղաքին բավականին մոտ: Հաջորդած ցերեկը նորից ուժգին հարված եղավ՝ արդեն Մալաթիայի մոտ: Ավերածություններ են Ադանայում, Մալաթիայում, Ուրֆայում, Մարաշում, Տարսոնում, Տիգրանակերտում, Անտիոքում եւ այլուր: Տասնյակ հազարավոր զոհեր եւ վիրավորներ կան, տարվում են որոնողական-փրկարարական աշխատանքներ, կան շինությունների անհաշվելի ավերածություններ եւ այլն… 
Ցավոք, հնարավոր է՝ վնասված լինեն նաեւ Կիլիկիայի հայկական մշակութային կոթողները: Իհարկե, երկրաշարժի աֆտերշոկերի կամ նոր հարվածների դադարումից հետո միայն հնարավոր կլինի հայկական, հունական, հեթիթական, մի խոսքով` ոչ թուրքական կամ քրդական, այդքանով էլ` արժեքավոր ճարտարապետական կոթողներին ու հուշարձաններին բաժին հասած վնասը պատկերացնել: 

Սակայն դա լավագույն դեպքում շաբաթներ հետո կլինի, քանի որ ներկա պահին վիրավորներին, տունը կորցրած, փողոցներում հայտնված անձանց առաջնահերթ օգնություն ցուցաբերել է հարկավոր: Բայց մինչ Կիլիկիայի, Անտիոքի, Եդեսիայի անհասանելի ու անգնահատելի նյութական-մշակութային ժառանգությանը (այդ թվում` հայկական) հասցված վնասն ամփոփվի եւ պարզվի, երեկ բացահայտվեց հայկական ոչ մշակութային ժառանգությունում առկա մի այնպիսի վնաս ու կորուստ, որից կարելի է կարկամել: 

Ի՞նչ էին երեկ անում հայաստանյան լրատվամիջոցները` հաղորդում էին հայկական Կիլիկիայում պատահած երկրաշարժի մասին` քաղաքների թուրքականացված անուններով: «Այնթապ»-ի, «Մարաշ»-ի, «Ուրֆա»-ի, «Եդեսիա»-ի, «Տիգրանակերտ»-ի, «Ալեքսանդրետ»-ի փոխարեն գրում են, ասենք՝ «Գազիանթեփ» (ու երեւի չեն էլ գիտակցում, որ «Գազիանթեփ» անվան մեջ հայկական «Այնթապ»-ն է), գրում են «Կահրամանմարաշ» (ու երեւի չեն էլ գիտակցում, որ հայկական Մարաշի անունն են թուրքերեն գրում), «Սանլիուրֆա» են գրում (ու երեւի չեն էլ տեսնում, որ հայկական Ուրֆայի, նախկինում` Եդեսիայի անունն են գրում), «Դիարբեքիր» են գրում «Տիգրանակետ»-ի փոխարեն…

Այս մտավոր-հոգեկան ավերածությունից ցնցվել կարելի է: Ի՞նչ երկրաշարժի պատկեր դրանից հետո տպավորություն կգործի… Ընդսմին, ես չեմ կարծում, թե լրատվամիջոցները գիտակցաբար հայկական քաղաքների թուրքացված անուններն են գրում Հայաստանում: Ավելի հակված եմ կարծելու, որ չեն հասկանում, թե ինչի մասին են գրում: Այս հուսահատեցնող համատարած անգրագիտությունից պետք է ուղղակի գետինը պատռվի, ու ՀՀ կրթության նախարարները երկրի խորքն անցնեն: Քանի՞ գրոշ արժեն Հայաստանի դպրոցները, բուհերը, կրթական համակարգը, նախարարությունն ու իրենք, եթե դպրոց ու բուհ ավարտածերն անգամ Մեծ Հայք, Փոքր Հայք, Կիլիկիա, հայկական նահանգներն ու քաղաքները չգիտեն: Այդպիսի մանկուրտիզմի՞ կարելի է հասնել… այդպիսի մտավոր-հոգեւոր ավերակում հնարավո՞ր է…

Քիչ է, որ Հայաստանում դպրոց ավարտածների մեծամասնությունն անգամ Զոհրապ, Պարոնյան կամ Չուխաջյան չգիտի, արեւմտահայ մշակույթ ու գրականություն չգիտի, հիմա էլ պարզվեց՝ Արեւմտյան Հայաստանի աշխարհագրություն, քաղաքներ ու պատմություն էլ չգիտի:
Ամեն տարի ապրիլի 24-ին համարյա դերասանություն անելուց, քրդերեն «լաո» բառով երգեր Երեւանում աղաղակելուց, դրոշ վառելուց եւ միլիոնուկես զոհերի մասին խրոխտ հայտարարելուց առաջ կամ հետո կարելի է մտահոգվել, որ Հայաստանում դպրոց հաճախողները գոնե տարրական իմացություն ունենան Արեւմտյան Հայաստանի մասին, հետո անգիտակից թութակություններ անեն: Կյանքում ամեն ինչ չէ, որ կարելի է նենգափոխել, բովանդակազուրկ դարձնել ու տրաֆարետի վերածել:  

Հայաստանում պաշտոնավարած կրթության բոլոր նախարարներն ու փոխնախարարներն այս ավերածության մասնակիցն են, նրանք են իրենց հաստատած ծրագրերով, չափորոշիչներով ու չգիտես ինչ աղբով հասարակությանը խեղել այն աստիճան, այնքան տգետ շրջանավարտներ են տվել, որ նույնիսկ Ուրֆա, Մարաշ ու Այնթապ չգիտեն եւ կարող են Հայաստանում դրանց թուրքերեն անունները գրել: Աստվածաշնչյան քանի անեծք ու նզովք էլ որ իրենց պատուհասի` գործած մեղքի ու հանցանքի քավություն կլինի՞: