Ալիեւը գիտի՞ ինչ անի…

Ալիեւը գիտի՞ ինչ անի…

Անցյալ շաբաթ անվերջ թվով կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանի մասնակցությամբ, Հայաստանին առնչվող կամ Հայաստանի շուրջ։ Դրանք սկսվեցին շաբաթվա սկզբին Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցով, ավարտվեցին շաբաթվա վերջին Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ Թբիլիսիում կայացած հանդիպումով:    

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին ուշադրություն դարձրեցին, այն գնահատեցին, կարեւորեցին հիմնականում Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները: Մինչդեռ հայաստանյան լրատվամիջոցները, քաղաքական, դիվանագիտական շրջանակները լուրը հաղորդեցին, բայց հեռախոսազրույցին գրեթե չանդրադարձան: Դա հասկանալի էր. ի վերջո, ո՛չ Էրդողանը հայաստանցիների աչքում առանձնապես կարեւորություն ունի, ո՛չ էլ հեռախոսազրույցի մասին էր ուշագրավ որեւէ տեղեկություն հաղորդվել: 

Շաբաթվա վերջին Թբիլիսիում Միրզոյանի եւ Բայրամովի հանդիպումն էլ ոչինչ չնշանակող միջոցառում էր, քանի որ, դատելով մամլո հաղորդագրություններից, հայկական կողմն ասել էր այն, ինչ ասում է սովորաբար, այն է` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է նախ ԼՂ հիմնախնդրի լուծում` Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո` նրանց կողմից մշակված սկզբունքների եւ մոտեցումների հիման վրա: Ադրբեջանը հերթական անգամ դատարկախոսել էր պատերազմի արդյունքների մասին՝ մոռանալով, որ եթե պատերազմի արդյունքներ պետք է դրվեն կարգավորման հիմքում, ապա ո՞ր տրամաբանությամբ 1994-ի հրադադարի արդյունքները չդրվեցին ԼՂ խնդրի կարգավորման հիմքում, եւ այն չկարգավորվեց մի քանի տասնամյակ առաջ: Իսկ եթե ԼՂ խնդիրը չի հանգուցալուծվել 1992-1994-ի պատերազմի արդյունքների հիմքով, ապա նույն պատճառներով եւ տրամաբանությամբ այն չի հանգուցալուծվի նաեւ 2020-ի պատերազմի արդյունքների հիմքով:
Սակայն շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ամենակարեւոր իրադարձությունն ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի այցն էր Հայաստան: Այ, դա իրադարձություն էր, որի կարեւորությունը դժվար է գերագնահատել:

1991-ին Հայաստանի անկախության վերահաստատումից ի վեր առաջին անգամ ԿՀՎ ղեկավար է այցելում Հայաստան եւ հրապարակավ հանդիպում ՀՀ ղեկավարությանը: Ուիլյամ Բըրնսը նախկինում անձնապես Հայաստան այցելել է, գոնե մի այցելություն ինքս հաստատ հիշում եմ, 2016-ին կամ 2017-ին, երբ պրն Բըրնսը հեռացել էր ակտիվ դիվանագիտական ծառայությունից եւ ղեկավարում էր Կարնեգի հիմնադրամը: Նա Հայաստան էր ժամանել Tavityan Foundation-ի հիմնադիր Ասօ Տավիտյանի հետ, ով, կարծեմ, այդ ժամանակ նաեւ Կարնեգի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ էր: 

Հաշվի առնելով այն երկարամյա դիվանագիտական ծառայությունը, որ անցել է Ուիլյամ Բըրնսը ԱՄՆ պետական դեպարտամենտում, նա Հայաստանին, բնականաբար, շատ է առնչվել, սակայն ԿՀՎ ղեկավարի պաշտոնում Հայաստան այցելելն աննախադեպ քայլ էր, ինչի միակ բացատրությունը կարող է լինել այն, որ Հայաստանում 30 տարվա կտրվածքով աննախադեպ իրադարձություն է նախապատրաստվում: Մեծ էրուդիցիա պետք չէ՝ գիտակցելու համար, որ Հայաստանում միայն մեկ իրադարձություն է հնարավոր, որ աննախադեպ լինի եւ միջազգային այնպիսի ռեզոնանս ունենա, որ ԱՄՆ ԿՀՎ-ին հետաքրքրի: Անշուշտ, խոսքը հայ-թուրքական պետական սահմանի բացման մասին է: Եթե ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը ժամանել է Հայաստան, կարելի է վստահ լինել, որ սահմանը բացվելու է: Իսկ դա Հայաստանի անկախության հռչակումից հետո երկրորդ ամենաէական ու որոշիչ զարգացումն է Հայաստանի կյանքում: Սա հաղորդակցությունների փոփոխություն է ուրվագծում Մերձավոր ու Միջին Արեւելքում, Կովկասում եւ անդին:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պետական սահմանի բացումը նշանակում է Հայաստանի կենտրոնական դերակատարություն բոլոր տարածաշրջանային հաղորդակցություններում, քանի որ Հայաստանի համար բացվում է ելքը դեպի Միջերկրական ծով: Հայաստանը նորից դառնում է Մերձավոր ու Միջին Արեւելքի դարպասը, ինչպես եղել է հազարամյակներ շարունակ, մեր թվարկությունից առաջ Տիգրան Մեծի կողմից Կիլիկիայի նվաճումից ի վեր, մինչեւ 1920-ին ռուս-թուրքական տանդեմի կողմից Սեւրի դաշնագրի վիժեցում: 

Հայաստանի կապը Միջերկրական ծովի հետ այլեւս երկրորդական է դարձնում Սեւ ծովով հաղորդակցությունը ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի համար: Եվ Հայաստանի համար լրիվ երրորդական, չասելու համար` տասներորդական է դարձնում Ադրբեջանի հետ որեւէ հաղորդակցություն հաստատելու անհրաժեշտությունն առհասարակ: Այն, որ Ալիեւն անցյալ շաբաթ կարողացածի չափ դատարկախոսեց ղարաբաղյան կարգավորման թեմաներով, վերջում էլ հասավ այնտեղ, որ հայտարարեց, թե ինքը գիտի ինչ անել, եթե Հայաստանը չընդառաջի խաղաղության իր պատկերացումներին եւ քայլերին, ունի մեկ բացատրություն: 

Ալիեւը ոչ թե գիտի ինչ անել, այլ առհասարակ չգիտի ինչ անել, նրանից հետո երբ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը բացվի, որովհետեւ դրանից հետո Ադրբեջանի ջանքերով շուրջ երեք տասնամյակ Հայաստանին պարտադրված շրջափակումը կավարտվի, եւ Հայաստանի միջազգային ինտեգրումը կընթանա լույսի արագությամբ` երկրորդական դարձնելով թե՛ Ադրբեջանը, թե՛ ԼՂ խնդրի կարգավորումը: Ադրբեջանն այդ ժամանակ կհայտնվի լուսանցքում: Ի վերջո, ինչո՞ւ են ադրբեջանցիներն իրենց հանրապետության չարաբաստիիկ հիմնադրումից մինչեւ այսօր քնում-արթնանում եւ Հայաստանի հարավով Նախիջեւանի հետ հաղորդակցություն երազում: Մեկ պատճառով՝ որպեսզի Միջերկրական ծովի հետ հաղորդակցության հավակնեն: 
Ալիեւը գիտակցում է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացվելուց հետո բոլոր այդ իլյուզիաները կգրվեն սառույցին: Իհարկե, Ալիեւը ինչպես 2009-ին, այնպես էլ այսօր ձեռքից եկածն ու ավելին կանի՝ հայ-թուրքական սահմանի բացում թույլ չտալու համար: Բայց այս անգամ ԱՄՆ-ն, երեւում է, հիմնավորապես է որոշել խնդիրը լուծել: Եթե Էրդողանին ստիպում են Հայաստան զանգել եւ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացելուց խոսել, ԿՀՎ ղեկավարն էլ ժամանում է Հայաստան, օպտիկան ասում է ամեն ինչ: 

Ալիեւն այժմ որ պատին ուզում է, թող գլուխը զարնի: Կովկասը եւ անդին Միջերկրական ծովի հետ կապվելու են Թուրքիայում գտնվող Արեւմտյան Հայաստանի եւ անկախ Հայաստանի Հանրապետության տարածքով՝ փակուղում թողնելով թե՛ Նախիջեւանը, թե՛ Ադրբեջանը: