ՄԻՊ-ը դատախազ չէ

ՄԻՊ-ը դատախազ չէ

ԱԺ իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանը, նույն ինքը՝ հայ-թուրքական բարեկամության մեծ ջատագով եւ այդ ջատագովությունը ժամանակին սերտ համագործակցության վերաճած պատգամավորուհին, ֆեյսբուքյան իր էջի միջոցով դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։ 

Միանգամից ակնհայտ է, որ այս սգավոր երկրում գոնե մի  անկախ մարմին ունենալու շքեղությունն ամենեւին դուր չի եկել սույն իմքայլականին․ վերջինս մեղադրում է ՄԻՊ-ին «Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից» ոչ «հավասարակշիռ» լինելու մեջ եւ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը համեմատում է միջազգային այն կառույցների հետ, որոնց դիրքորոշումները կոնկրետ որեւէ խնդրում երբեք կոնկրետ, ասել է թե՝ հասցեական չեն եղել։ «Հայաստանի ներքաղաքական դիսկուրսին մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից տված Ձեր գնահատականները օրեցօր նմանվում են Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ միջազգային հանրության որոշ շրջանակների գնահատականներին»,- «գնահատել»  է պատգամավորը, ընդսմին՝ «գնահատել» է այնպիսի ողբերգական թեմայի համապատկերում, որի մասին ավելի լավ կլիներ, կուսակցականի իր բնազդով՝ լռեր։

Սա՝ մի կողմ։ Մ․ Կարապետյանը, փաստորեն, անթաքույց ակնկալիք ունի, որ Մարդու իրավունքների պաշտպանն իրավապահ մարմին է՝ դատախազություն կամ նման մի բան, եւ պարտավոր է իր գնահատականներում լինել «կոնկրետ, թիրախային եւ հասցեական»։ Ասել է թե՝ իմքայլականի պատկերացմամբ, ՄԻՊ-ը պետք է որոշ «գործերի» անդրադառնալիս անուններ հրապարակի, հանգամանքներ ներկայացնի եւ, ուշադրություն, գնահատականներ հնչեցնի։

Դե, եթե գնահատական, բնականաբար նաեւ՝ մեղադրական։ Հետեւաբար, Մարդու իրավունքների պաշտպանը սորոսական այս տիկնոջ համար դատախազ է։ Իսկ թե ինչո՛ւ է  տիկինն ուզում, որ ՄԻՊ-ը դատախազ դառնա, կարծում եմ, շատ պարզ է․ դատախազների ինստիտուտն իշխանությունները շատ արագ են իրենց բուռը վերցնում, հնազանդեցնում, իշխանասուն դարձնում, ինչը չես ասի ՄԻՊ-երի մասին, որոնք սովորաբար անհնազանդ-«ապերախտ» մարդիկ են դուրս գալիս։ Օրինակները բազում են եւ «մեր» տիկնոջ տեսադաշտում են․ կույր չէ՝ կտեսնի։
Իր ֆեյսբուքյան դիմումով իմքայլականը ՄԻՊ-ին նաեւ «հասցեական» լինելու թիրախ է հուշում․ նա հիշատակում է իր ընդդիմադիր մի գործընկերուհու մասին, ում շուրթերից «ժեխ» բառը վերջերս հաճախ է հնչում։ Տիկինը մոռանում է, որ այդ բառի գործածության հաճախականությունը մեծանում է՝ համապատասխան այդ երեւույթի քաղաքական ակտիվության մեծացմանը, հետեւաբար, իր գործընկերուհին ընդամենը իրողությունն է արձանագրում։

Ի դեպ, ՄԻՊ-ը մի անգամ, այնուամենայնիվ,  բացարձակ հասցեական եղել է։ Երբ նոյեմբերի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսգիշերին առաջնագծից տղերք էր հրավիրում Երեւան՝ «վնգստացողների» հարցերը լուծելու, նա ստիպված եղավ հանդես գալ հասցեական դատապարտմամբ։ Որովհետեւ վարչապետի արարքը հազարապատիկ վտանգավոր էր, քան, օրինակ, «բիոմասսա» բառը մաքուր հայերեն «ժեխ» թարգմանելը։