Կորոնավիրուսի «մարդաբանությունը»

Կորոնավիրուսի «մարդաբանությունը»

Հետաքրքիր ժամանակներ են՝ վարակները մեզ տալիս են այն դասերը, որոնք մենք չենք յուրացրել արվեստից։ Կամյուի «Ժանտախտը» երկրորդ կյանք է ապրում, որովհետեւ առաջինը ծնվեց, երբ․․․ կյանքը չկար։ Այսինքն, չկար մի կյանք, որտեղ կարելի էր ժանտախտը տեսնել ինքդ քո մեջ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ վարակի «աղբյուրն» առնետներն էին։ Կորոնավիրուսի դեպքում այդպես չէ։ Սակայն երկուսն էլ մի ընդհանուր բան ունեն՝ «լեզուն»։ 

Ի՞նչ է մեզ ասում այս վարակը։ Այն ասում է, որ իր լեզուն ուրիշ է։ Վարակը մահացու է, երբ իր լեզուն չգիտես։ Այն միշտ մոտենում է օտար լեզվով։ Մենք կորոնավիրուսի լեզուն չենք հասկանում։ Նրանից պլստում ենք առանց հասկանալու, թե ինչպես։ Կամյուի «Ժանտախտի» դեպքում ոչ ոք չգիտի առնետների լեզուն։ Բայց բոլորի ընդհանուր լեզուն դառնում է ժանտախտը։ Ժանտախտը եւ աղետը նույն բանը չեն։ Ժանտախտը կա, այն արտահայտվում է աղետով։ Այն ընդգրկում է բոլորին՝ առանց նրանց կարծիքը հարցնելու։ Ինչպես, ասենք, ֆաշիզմը։ Ամենավերջում, երբ ամենքն արդեն ֆաշիստ են, չկա մեկը, որ չիմանա ժանտախտի լեզուն։ Բոլորի մեջ դարանակալել է մահը, ամեն վարակակիր մահ է սփռում։ Պետք է լինի մեկը, որ կասի՝ մահը քեզանից ոչինչ չներկայացնելու լավագույն ճանապարհը չէ, մահը ոչինչ չի պատմում, մահը սյուժե չունի։ Անհրաժեշտ է, որ մեկը սիրի։ Պատվաստանյութը սերն է, այսինքն, պարկեշտությունը։ 

Վարակն արգելափակում է ապրելու բոլոր ուղիները, մարդը դառնում է նախնական, վերադառնում է այն վիճակին, որից սկսել էր՝ ինքնապահպանում, առանց միջոցների մեջ խտրություն դնելու։ Սա ժանտախտի (կորոնավիրուսի) աշխուժությունն է մարդու մեջ։ 

Ո՞վ է մարդը։ Նա բնավորություն ունեցող արարած է, բնավորությունը վարակի հացն է։ Վիրուսը բնավորություն չունի։ Ինքը մտնում է մարդու մեջ, որպեսզի նրան դարձնի իր նման։ Որպեսզի բոլոր գույները կորեն։ Ի թիվս բոլոր գույների, գոյություն ունի մահվան գույն։ Այդ գույնը վրձնով չես ստեղծի։ Ժանտախտն սկսվում է, երբ բառերն անգամ խայտաբղետ չեն, երբ հարկավոր բառը չկա։ Նույնը Կամյուի վեպի մեջ տեղի է ունենում պրեֆեկտուրայի մանր պաշտոնյա Գրանի պարագայում, որը նույնպես վարակվում է ժանտախտով։ Նա չի կարող չվարակվել, որովհետեւ միայն մեկ նպատակ ունի՝ գրել մի վեպ, որի առջեւ ընթերցողները գլխարկ կհանեն։ Գրանը խնդիր ունի՝ նա երբեք չի գտնում հարկավոր բառը։ Ամբողջ վեպի ընթացքում։ Պարկեշտ լինելու փոխարեն բառ է փնտրում։ Ժանտախտի օրոք բառ փնտրել պետք չէ, պետք է ընդունել վարակի փաստը ու լինել նրանց հետ, որոնք չեն կարող սպանել վարակը, բայց կլինեն նրանց կողքին, որոնք դատապարտված են։ Կարեկցանքը վատ պատվաստանյութ չէ։ Կարեկցանքը վարակի օտար լեզուն է։ Երբ բոլորի լեզուն ժանտախտն է, կարեկցանքը դառնում է օտար լեզու։ Հենց այդ լեզվով էլ նրան հաղթում են բժիշկ Ռիեն եւ իր թիմը։ 

Աշխարհը մտել է ապոկալիպտիկ փուլ։ Մեծացել են անհուսությունն ու անորոշությունը։ Այս աշխարհի մասին գրվել է ամեն ինչ։ Ըստ էության, այս օրվա մասին է գրվել ամեն ինչ։ Եվ այսօրը ցույց է տալիս, որ գույները երբեք չեն խտացվել։ Մինչդեռ ո՞վ էր պատրաստ կորոնավիրուսին։ Աշխարհն այսուհետեւ ավելի լավը չի դառնալու։ Այն ուղղակի կլինի ավելի ուրիշ։ Դա անխուսափելի է, որովհետեւ ապրելու գործիքները բոլորից ավելի արժանի լինելու գործիքներ են։ Ոչ ոք պատրաստ չէ մեռնել մյուսի համար։ Կորոնավիրուսը խաղի կանոն է։ Այն եկել է, որպեսզի բոլորին դնի նույն «Տիտանիկի» մեջ։ Ինչպե՞ս դուրս պրծնել անխուսափելիից։ Այսօր արդեն հնարավոր չէ ասել՝ ես չեմ ուզում երջանիկ լինել միայնակ։ 

Կորոնավիրուսի մեջ արդեն նույնիսկ ուրիշին սիրելն իմաստ չունի։ Այս վարակի հիմնական խաբկանքն ինքնամեկուսացումն է, որովհետեւ մենք  հիվանդ ենք ախտորոշումից անկախ։ Իր փիլիսոփայությամբ կորոնավիրուսը շատ նման է փառքին։ Փառքը նույնպես քեզ բաժանում է բոլորից եւ ստիպում մեկուսանալ։ Ինչո՞վ ենք մենք հիմա զբաղված։ Հենց դրանով։ Սակայն սա ինքնամեկուսացում է մեկ ընդհանուր «ուղերձով»՝ մոռացեք ձեր անձնական զգացումները, բոլորդ նույն հանգամանքի մեջ եք, դուք մնացածն եք նույնիսկ ինքնամեկուսացման մեջ, թաքցնեք ձեզ, թե հանեք փողոցներ, դուք հաշվառված եք վարակի ծոցատետրում։ Մենք նույն անելանելիության համախոհներն ենք։ 

Կորոնավիրուսը մի վարակ է, որը հիվանդներին չի վերաբերում։ Հիվանդներն ուղղակի առաջամարտիկներն են։ Այն վերաբերում է առողջներին, քանզի նրանք են, որ կարող են չիմաստավորել կյանքը չհիվանդանալու հաշվին։ Ահա ինչու սա դեռ վերջը չէ։ Առողջություն ձեզ։

Մհեր ԱՐՇԱԿՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ