«Հրապարակ». Եվրաքվեի շանտաժը կտա՞ արդյունք

«Հրապարակ». Եվրաքվեի շանտաժը կտա՞ արդյունք

Նիկոլ Փաշինյանը կա՛մ տրվել է եվրոպամետների շանտաժներին, կա՛մ էլ պատրաստ է պետությունը վտանգավոր զարգացումների տանել՝ հանուն սեփական աթոռի, հանուն իշխանությունը պահելու։ Մենք տեղեկացանք, որ եվրաքվեի նախագիծը՝ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, կրկին ԱԺ օրակարգում է, երկուշաբթի նշանակված է խորհրդարանի եվրաինտեգրման մշտական հարցերով հանձնաժողովի նիստ, որի օրակարգում կառավարության հնգամյա ծրագրի նախորդ տարվա հաշվետվության զեկույցն է եւ եվրաքվեի նախագիծը։
Արամ Սարգսյանի, Արման Բաբաջանյանի, Տիգրան Խզմալյանի, Հովսեփ Խուրշուդյանի եւ մի շարք ՀԿ-ների նախաձեռնած ու ավելի քան հիսուն հազար քաղաքացիների ստորագրությամբ խորհրդարանի օրակարգ մտած նախագիծը դեռ փետրվարի 12-ին առաջին ընթերցում է անցել, սակայն մարտի 3-ին նույն հանձնաժողովի նիստում նախագիծը երկրորդ ընթերցման ներկայացնելուց առաջ քննարկվեց, եւ երկրորդ ընթերցմամբ ընդունումը երեք ամսով հետաձգվեց։

Պաշտոնական հիմնավորումն այն էր, թե իբր տեխնիկական խնդիրների պատճառով է հետաձգվել` որոշ խմբագրումներ պետք է արվեն, սակայն, տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, իշխանական թիմում հաշվի առնելով աշխարհաքաղաքական վերջին զարգացումները եւ Ռուսաստանի ազդեցության վերականգնման տենդենցը տարածաշրջանում, Նիկոլ Փաշինյանը որոշել է նախագիծը հետաձգել, եւ կախված այն հանգամանքից, թե աշխարհաքաղաքական որ կենտրոնի կողմը նժարը կծանրանա, ըստ այդմ էլ կորոշեն նախագծի ճակատագիրը։ Սակայն, մեր տեղեկություններով, անցած տասն օրվա ընթացքում եվրաքվեի նախաձեռնության անդամները երկու փակ հանդիպում են ունեցել հանձնաժողովի ՔՊ-ական անդամների հետ եւ, բառի բուն իմաստով, շանտաժ արել նրանց, որ եթե նախագիծը երկրորդ ընթերցման չներկայացվի մարտի 25-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում, ապա իշխանությունը թող պատրաստ լինի ամենատարբեր անցանկալի զարգացումների՝ սկսած փողոցային ակցիաներից եւ Երեւանի ավագանիում ՔՊ-ի հետ համագործակցության խզումից: Հիշեցնենք, որ ՔՊ-ն Երեւանում չունի մեծամասնություն եւ Արամ Զավենիչի թիմի հետ կոալիցիայի շնորհիվ է այժմ կառավարում մայրաքաղաքը, ավագանիում անցկացնում անհրաժեշտ օրենքները: Վերջացրած ամենաանցանկալիով՝ սպառնացել են Գյումրիում ընտրություններից հետո իշխանության հետ չհամագործակցել։ Գյումրիում, հակառակ իշխանական քարոզչությանը, ՔՊ-ի դիրքերը շատ խարխուլ են, եւ իշխանություն գրավելու միակ հույսը Եվրադաշինքն է, որն այստեղ թեկնածու է առաջադրել «Ասպարեզ» ակումբի նախագահ, հայտնի գրանտակեր Լեւոն Բարսեղյանին: Եվ չնայած տարբեր հարցումների արդյունքներով Եվրադաշինքը մեծ շանսեր չունի, սակայն եվրոպամետներն ուղղակի դեսանտ են իջել Գյումրիում եւ ագրեսիվ քարոզչություն են անում` հույս ունենալով անցողիկ շեմը հաղթահարել, որ ՔՊ-ի հետ Գյումրիում իշխանություն վերցնեն: Գյումրիում բնակություն հաստատած Արման Բաբաջանյանը, Արամ Սարգսյանը եւ մյուսները քարոզում են` եթե ՔՊ-ին չեք ընտրում, ապա ընտրեք Եվրադաշինքին։

Չնայած ավանդապաշտ Գյումրիում առանձնապես խանդավառված չեն եվրոպական ազատ բարքերով եւ այդ արժեքները կրող դաշինքով, սակայն կա մի որոշակի զանգված, որը հակառուսական կողմնորոշում ունի եւ չի մոռացել ռուս զինվոր Պերմյակովի կողմից գյումրեցի ընտանիքի դաժան սպանությունը, նաեւ օգտվել է արեւմտյան գրանտներից եւ ըստ այդմ` Բարսեղյանի էլեկտորատն է։ Այսպիսով՝ Գյումրիում մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրություններում իշխանություն վերցնելու համար ՔՊ-ն, կարելի է ասել, մեկ շանս ունի`  Եվրադաշինքի ավագանի անցնելը: Հենց այս հանգամանքից ելնելով էլ ՔՊ-ն դժվարին ընտրության առջեւ է կանգնած ԵՄ-ի նախագծի հարցում եւ չի կարող մերժել արեւմտամետներին։ 

Սակայն ուշագրավ է, որ նախագիծը հանձնաժողովում քննարկվելու է հերթական նիստերից մեկ օր առաջ, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի` մինչեւ կեսօր՝ 12.00-ն, հանձնաժողովը պետք է երկրորդ ընթերցման հավանություն տա նախագծին, հակառակ պարագայում այն չի կարող ընդգրկվել մեկ օր անց մեկնարկող հերթական նիստերի օրակարգում։ Հավանաբար, ՔՊ-ում հույս ունեն, որ կարող են լեզու գտնել եվրաքվեի գործընկերների հետ եւ գոնե այս քառօրյայում չընդգրկեն նախագիծը` տեղափոխելով ապրիլի կեսեր: Իսկ մինչ այդ կա՛մ էշը կսատկի, կա՛մ՝ իշատերը։
ՔՊ մեր աղբյուրները, այդուհանդերձ, վստահեցնում են, որ Նիկոլ Փաշինյանը տիրապետում է օձի լեզու թափելու արվեստին եւ Պուտինին կհամոզի, որ նախագիծը ձեւական փաստաթուղթ է, Ռուսաստանի դեմ չէ, եւ դա ինքն ընդունել է միայն իր իշխանությունը պահելու համար, իսկ եթե հանկարծ Պուտինը չընդունի այդ հիմնավորումները եւ սանկցիաներ կիրառի Հայաստանի նկատմամբ, ապա Փաշինյանը մեղքը կգցի 50 հազար քաղաքացիների վրա, որոնք ստորագրել են ԵՄ անդամակցության օգտին եւ իրեն «կրակը գցել»: