Ծառերը կտրում ենք, բայց`«օրենքի սահմաններում»

Ծառերը կտրում ենք, բայց`«օրենքի սահմաններում»

Մինչ քաղաքակիրթ երկրները կարևորում են բնության պահպանությունն ու կանաչ զանգվածի առատությունը, Հայաստանում բարբարոսաբար հատում են ծառերը, անտառներ են ոչնչացնում: Երբեմն էտելու, երբեմն` հին ծառերը նորերով փոխարինելու անվան տակ հենց պետական կառույցներն են հատում: Քաղաքացիներն էլ` տեսնելով, որ դա պետականորեն է արվում, իրենք էլ են հատում` մեկի տան կամ խանութի տեսարանն է սաղարթը փակում, մյուսը` գազով ջեռուցելու փող չունի, երրորդը` փայտի արտադրամաս է դրել` բոլորին փայտ է հարկավոր: 

Մայրաքաղաք Երևանը վատ օրինակ ծառայեց մարզերի համար: Առհասարակ` վատ օրինակները վարակիչ են: Հիմա էլ սկսել են անխնա ծառահատումներ անել մարզերում: Երեկ մեզ ահազանգեցին, որ Իջևանում կտրվել են հաստաբուն ծառեր` Երևանյան փողոցի շուկայից ներքև ընկած հատվածում` ցեմենտի խանութների, Դոմուս խանութի դիմացի եղևնիներն են քոքից կտրում. «Կտրում են գորգերի կոմբինատի դիմացի փողոցի վաղեմի պատմություն ունեցող հաստաբուն եղևնիները և շատ արագ հետքերը վերացնելու համար հարթեցվում են` հողին են հավասարեցվում ծառերի բները։ Նախկինում անձրևների հեղեղների դեմ պայքարի պատրվակով կտրվեցին քաղաքապետարանի հետնամասի հաստաբուն ծառերը։ Անտառից ծառահատումները արգելվել են, մարդիկ տաքանալու փայտ չունեն, իսկ այսքան ուժային կառույցների, պարեկների աչքի առաջ քաղաքի ծառերն են կտրվում ու ոչ մեկի վեջը չի», - ասում է «Հրապարակին» դիմած քաղաքացին: 

Մենք Իջևանի համայնքապետարանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ, թե ինչ է կատարվում` ինչո՞ւ են հաստաբուն ծառերը հատվում: Համայնքապետի խորհրդական Դավիթ Վիրաբյանն ասաց. «Ինչ արվում է` օրենքի սահմաններում է արվում, ոչ մի բան առանց օրենքի չի արվում: Սաղ օրինական է, էտելու բաներ են եղել, էտել են: Ես գիտեմ, որ ծառեր են էտվում»: 

Օգտվելով առիթից հարցրեցինք նաեւ` ինչո՞ւ Իջևանի փողոցներում լուսացույցեր չկան` բավարար քանակով, մարդիկ` ով որտեղ պատահի փողոցն անցնում է, մեքնենաները` ոնց պատահի վարում են, խորհրդականը նշեց. «Սվետաֆորները փոխված են, թազա սֆետաֆորներ դրված են, որտեղ պետք ա` դրված են», - ասաց նա: 

Իջևանի նախկին համայնքապետ Վարուժան Ներսիսյանն էլ «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ծառերի հարցն իր համար անկարևոր հարց է. «Համապատասխան տեսչական մարմիններ կան, ի դեպ, գուցե ծառերը եղել են հիվանդ, ակտավորել են գուցե: Այդ մանրամասները պետք է քաղաքապետարանից նշեն: Իմ ժամանակ, եթե ծառը հիվանդ էր լինում, մասնագետներ էինք բերում: Սոճի տեսակի ծառ կա, շատ լուրջ սնկային հիվանդություն էր տարածում: Այդ հիվանդությունը Իջևանում մեծ տարածում էր գտել: Քանի որ Իջևանը անտառային զոնա է, ժամանակին վնասատուների և տարբեր հիվանդությունների դեմ միջոցառումներ էին իրականցվում: Անտառից այդքան հիվանդություններ քաղաք չէին ներթափանցում, բայց քանի որ այդ աշխատանքները հավանաբար հիմա չեն իրականացվում, այդ հիվանդություններն էլ մեծ տարածում են գտնում: Ծառն էլ որոշակի ժամանակ ունի, տարիք ունի, գուցե անհրաժեշտ է եղել փոփոխություն: Ի վերջո, լինում են նաև քաղաքաշինական նպատակներ: Օրինակ` նշում եք Դոմուսի տարածքը: Այդտեղ այն ժամանակ էլ այլ կազմակերպություն էր գործում, և եթե ինչ-որ բան խանգարելիս է եղել, գուցե դրա համար են կտրել: Իմ ժամանակ էսպիսի բան կար, եթե ինչ-որ մեկն անօրինական ծառ էր կտրում, նրան պարտադրում էինք` պայմանագրով, որ 10-20 ծառ տնկեր: Հիմա ես ոչ մի նման բանից տեղյակ չեմ», - ասաց Ներսիսյանը: 

Իջևան քաղաքը զարգացում ապրո՞ւմ է, մարդիկ դժգոհում են, որ անգամ լուսացույցեր չկան, ասֆալտը վատն է, քաղաքը փոշու և կեղտի մեջ է, նախկին քաղաքապետն ասաց. «Փոքր քաղաք է, շատ լուսացույցերի անհրաժեշտություն չկա: Միգուցե ճիշտը դա, է որ շատ չլինի: Ամեն դեպքում ես փորձում եմ օբյեկտիվ լինել և ասել, որ որոշ աշխատանքներ արվել են: Սալահատակ են արել փողոցներում, այս տարվա Կառավարման ծրագրում էլ կան սուբվենցիոն ծրագրեր: Մետաղագործների թաղամասում են աշխատանքներ տարվել: Տուֆով աշխատանքներ են արել, լավ բաներ էլ կան, որ պետք է տեսնել», - ասաց Վարուժան Ներսիսյանը: